Բաժիններ՝

Նոբոայի վերադարձը Ռուսաստան, Պոշտիգան Հնդկաստանում է. տրանսֆերային նորություններ

«ՊՍԺ»-ն Դի Մարիայի համար առաջարկում է 73.5 մլն եվրո:

Sun Sport-ը տեղեկացրել է, որ «ՊՍԺ»-ն Դի Մարիայի համար առաջարկել է 73.5 մլն եվրո: Հավանաբար կիսապաշտպանն իրոք շատ է պետք փարիզեցիներին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նրան առանձնապես չեն ուզում պահել: Ավելի շուտ, նրան պահում են առավելագույն շահույթ ստանալու համար: Ֆրանսիայի մայրաքաղաքում ապրում են ազատ մարդիկ, և նրանք վաղուց աղբարկղ են նետել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված բոլոր որոշումները և պատրաստ են ծախսել այնքան, ինչքան պետք է:

«Տոտենհեմը» չի ստանա Բոլասիին, բայց կարող է վերցնել Յանգին:

«Տոտենհեմը» շատ էր ուզում Յանիկ Բոլասիին, իսկ «Կրիստալ Փելեսը» շատ էր ուզում փող: Արդյունքում՝ ոչ ոք ոչինչ չստացավ: Պահանջված 35.5 մլն եվրոն ձեռք չէր տալիս «Տոտենհեմին»: Mirror-ը հաղորդում է, որ լոնդոնցիներն ուշադրությունը թեքել են դեպի Էշլի Յանգի կողմը և արդեն հարցում են ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կեյլոր Նավասը կարող է «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել Դե Խեային:

«Սերուցքայինները» Կասիլիասին փոխարինող են գտել, բայց նրան Մադրիդ բերելն ավելի դժվար է, քան առաջարկ կազմելը: «Մանկունյանցիները» գումար են խնդրում, իսկ «Ռեալը» փոխանակում է առաջարկում: Վերջին առաջարկն է` Կեյլոր Նավասը և 25 մլն եվրո: Ավելի վաղ շշուկներ կային, որ Դավիդ Դե խեայի գործարքում մասնակցություն կունենա Սերխիո Ռամոսը: Բայց Daily Star-ը հաղորդել է, որ «Ռեալը» վերջնականապես որոշել է չբաժանվել Ռամոսից:

«Էվերթոնը» հրաժարվել է վաճառել Ջոն Սթոունզին 37 մլն եվրոյով:

Անգլիական ակումբները վերջնականապես կորցրել են չափի զգացողությունը: «Չելսիին» հարկավոր է Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզը, որի համար լոնդոնցիներն առաջարկել են 37 մլն եվրո: «Էվերթոնը» հրաժարվել է, իսկ ավելի ուշ ներկայացրել է պահանջը` 44.5 մլն եվրո և Վիտոր Մոզեսին: «Էվերթոնը» հասկանում է, որ ոսկու երակ է գտել, և չի ցանկանում ֆուտբոլիստին էժան վաճառել:

Կրիստիան Նոբոան վերադարձել է Ռուսաստան:

«Ռոստովը» ամրացել է «Ռուբինի» և «Դինամոյի» նախկին կիսապաշտպանով, ով չկարողացավ իրեն դրսևորել Հունաստանում: Մրցաշրջանի կեսը հանգստանալուց հետո էկվադորցին վերադարձել էՌուսաստան: Նոբոան «Ռոստով» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

Էլդեր Պոշտիգան Հնդկաստանում է:

Պորտուգալացին մեկնեց գումարի և փառքի հետևից, ինչում նրան անպայման կօգնի նոր ակումբը` «Ատլետիկո Կալկութան»: 32-ամյա Պոշտիգան կորցրել է ուժերի մեծ մասը և «Դեպորտիվոյի» կազմում ամբողջ մրցաշրջանի ընթացքում դաշտ է դուրս եկել 14 անգամ` խփելով 1 գնդակ: Դեռևս հայտնի չէ, թե նա Հնդկաստանում ինչքան կմնա, և ինչքան կծանրանա նրա դրամապանակը: Բայց բացառված չէ, որ ֆուտբոլից բացի՝ նա այնտեղ կգտնի իր կորած եղբորը և պարել կսովորի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս