«Մենք կարող ենք շատ լավ խաղալ, բայց դրա համար պետք չէ մարդկանց քարշ տալ ասֆալտի վրա»

«Այստեղ բավական նուրբ խաղ է գնում երկրի ղեկավարության կողմից, ու իշխանությունները կարող են փորձել օգուտ քաղել այս շարժումից արտաքին հարաբերություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Բաղրամյան պողոտայում սկսված ցույցերի առաջին օրերին՝ մի կողմից՝ Մոսկվային մեսիջներ ուղարկվեցին, որ մայդան է սկսվում մեզ մոտ, մյուս կողմից՝ Արևմուտքին մեսիջներ ուղարկվեցին, որ ռուսական էքսպանսիան ուժեղացրել է իր գործունեությունն այստեղ. «Սա շատ վտանգավոր ծուղակ է: Պետք է կարողանալ լավ խաղալ»:

Ա. Նավասարդյանը կարծում է՝ Հայաստանի համար սա հազվագյուտ շանս է, ու պետք է կարողանալ օգտագործել սա. «Երկրորդ շանսը կարող է պատմությունը չտա: Մենք կարող ենք շատ լավ խաղալ, բայց դրա համար պետք չէ մարդկանց քարշ տալ ասֆալտի վրա»:

Դիտարկմանը՝ կարծես շարժումը մարում է և, ինչպես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց՝ «թողնում են այնքան, մինչև մարի», Ա Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Դե, Օսիպյանը շատ լավ քաղաքական գործիչ է: Կարող է մարել, բան չունեմ ասելու, և հավանաբար այդպես էլ կլինի՝ գոնե Բաղրամյան պողոտայում, բայց գոյություն ունի զանգվածների տրամաբանություն: Եթե մի անգամ մի բանը լինում է և այս ձևի է լինում, ամեն պահի սա կարող է ունենալ ավելի մեծ պոռթկում և արդեն, իրոք, ստանա քաղաքական լուրջ ուղղվածություն, որը կարող են օգտագործել և՛ սադրիչները, և՛ մարդիկ, ովքեր առ այսօր 20 տարվա մեջ (քաղաքական գործիչներին և կուսակցություններին նկատի ունեմ) բացարձակապես ցույց տվեցին իրենց իմպոտենցիան, և առ այսօր ոչ մի բան չեն կարողանում անել, կամ կարող են գնալ այնտեղ ինչ-որ դրոշներով դուրս գալ: Սա պետական մտածողության և ազգի մասին հոգալու ցուցանիշ չէ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ Բաղրամյան պողոտա էր գնացել ԵՄ դրոշով: ԱԻՄ առաջնորդն իր քայլը մեկնաբանում է այն հանգամանքով, որ հունիսի 23-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկվածները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տեսանյութեր

Լրահոս