«Հայաստանում սկսվել է մի երևույթ, որը կարող է մեղմանալ, բայց այլևս չի կարող վերանալ». Արման Նավասարդյան
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պետք է անպայմանորեն դիտարկել այն իրողության հետ, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում՝ գլոբալիզացիայի խնդիրները, ինտեգրացիոն գործընթացները և այլն: Այս կարծիքին է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե նոր աշխարհակարգի գործընթաց է տեղի ունենում, որի ժամանակ տեղի են ունենում խորը փոփոխություններ: Նրա խոսքով՝ արտաքին և ներքին քաղաքականություններն այնքան են մոտենում իրար, որ իրենց միջև եղած միջնապատը փոքրանում է, այս իրադրության մեջ երևան են գալիս բոլորովին նոր դերակատարներ, և դրանք ամենատարբեր կարգի մեխանիզմներ և կառույցներ են: Ըստ նրա՝ ամենակարևոր խաղացողներից մեկը մեդիան է:
Ա. Նավասարդյանը կարծում է՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում, սրա փայլուն օրինակն է. «Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ երտասարդական շարժման հետ հաշվի չնստել, նշանակում է՝ հայտնվել պատմության լուսանցքում: Հայաստանը, չգիտեմ՝ կարողանո՞ւմ է սա ըմբռնել, թե՞ ոչ»
Նրա կարծիքով՝ այս ամենն անմիջականորեն իր հետքն է թողնում միջազգային հարաբերությունների վրա. «Իմ կարծիքով՝ այստեղ տեղի ունեցավ մի բան, որը պետք չէր՝ տեղի ունենար հիմա: Կարծում եմ՝ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը կարող է և՛ Արևմուտքի հետ լինել, և՛ Արևելքի, և՛ Ռուսաստանի: Այս ստատուսով մենք կկարողանայինք խաղալ, ոչ միայն կամուրջ հանդիսանալ, այլև օգտակար լինել երկու բևեռների իրար մոտեցման համար: Ըստ երևույթին, այս նկատառումներն ունեն և՛ ռուսները, և՛ եվրոպացիները: Ես չեմ կարծում, որ Մերկելը Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի համար է ասում՝ դուք մեզ հետ եք. սա իր աշխարհաքաղաքական շահերից է բխում: Եվ հանկարծ այդ իրադրության մեջ մենք մեզ ցուցաբերում ենք՝ որպես ոստիկանական պետություն: Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին, ավելի վատ ձևով չէր կարող հարվածել մեր միջազգային իմիջին»:
Ա. Նավասարդյանը չգիտի՝ ովքեր են այս ամենի կազմակերպիչները, բայց, ըստ նրա՝ խելոք մարդիկ են, կարողացան հեռու մնալ Եվրոպայի, Ամերիկայի կամ Ռուսաստանի անունից հանդես գալուց:
Ըստ նրա՝ սա կոռուպցիայի դեմ պայքար է, որը քաղաքական երևույթ է: Նրա կարծիքով՝ Հայաստանում սկսվել է մի երևույթ, որը կարող է մեղմանալ, բայց այլևս չի կարող վերանալ, սա կարող է իր հետ բերել ուրիշ քայլերի: Ա. Նավասարդյանը նաև չի կասկածում, որ սա կընդունի քաղաքական ուղղվածություն և կշարունակվի:
«Ես դժվարանում եմ ասել՝ ինչպես իշխանությունները կվերաբերվեն սրան, եթե թողնեն ոստիկանական լուծման մակարդակին, որը ես նույնպես շատ վտանգավոր եմ համարում, դեմոկրատական երկրի երևույթ չի լինի, երբ Ոստիկանությունը գնում և ցուցարարին ասում է՝ նախագահն ուզում է Ձեզ հետ հանդիպել»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ովքե՞ր են այս պայքարի կազմակերպիչները, Ա. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Առաջին հայացքից՝ թվում է՝ սրա հետևում ոչ ոք կանգնած չէ, և կազմակերպիչներ չկան: Եվ, իրոք, երևի չկան: Սրանք հոյակապ երիտասարդներ են, սա նոր գեներացիա է, բարեբախտություն է սրանց երևան գալը: Սա պետք է այսպես էլ լիներ: Այնքան է բարձրացել քաղաքական կուլտուրայի մակարդակը, որ մարդիկ հասկանում են, որ այս երկիրը բզկտում է 3 բան՝ կոռուպցիան, մոնոպոլիան, արտագաղթը»: