Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար խոչընդոտ չէ. Տրայան Հրիսթեա

«Օրերս Ռիգայում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում լուրջ ձեռքբերումներ գրանցվեցին»,- այսօր այս մասին «Կովկաս-2014» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս մակարդակին: Նա ԵՄ պատվիրակության անունից ողջունեց միջազգային կոնֆերանսի մասնակիցներին և բանախոսներին, ապա անդրադարձավ անցյալ տարվա ընթացքում գրանցված զարգացումներին:

Ըստ դեսպանի` անցյալ տարին լուրջ նպատակների տարի էր Եվրոպական միության և Արևելյան գործընկերություն ծրագրի համար՝ զարգացումներ Ուկրաինայում, ճնշումներ ԱլԳ երկրների նկատմամբ, ինչը եվրոպական իրողություններից ավելի մեծ կենտրոնացում պահանջեց, հատկապես, երբ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև բաժանում սկսվեց: Դեսպան Հրիսթեան հիշեցրեց, որ նախորդ տարի ԵՄ-ն կնքեց Ասոցացման համաձայնագրեր Վրաստանի, Մոլդավայի և Ուկրաինայի հետ, որը նոր սերնդի համաձայնագիր է, և որով ամրագրվեցին երկկողմ հարաբերությունների՝ նախկինից ավելի հավակնոտ ծրագրեր:

Այսօր, դեսպանի հավաստիացմամբ, այդ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները շատ ավելի հավակնոտ են: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` Տրայան Հրիսթեան ասաց, որ նախորդ տարի կողմերը ստուգում էին իրենց համագործակցության ապագա ոլորտները և հեռանկարները: Նրա փոխանցմամբ` օրերս Եվրոպական հանձնաժողովը հանձնարարել է բացել ՀՀ-ԵՄ բանակցությունները հարաբերությունների իրավական նոր շրջանակի շուրջ: Նրա հավաստիացմամբ` Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը:

«Ռիգայի գագաթաժողովի ընթացքում արձանագրվեցին հաջողություններ Վիլնյուսից հետո, այդ գագաթաժողովը ցույց տվեց, որ ԵՄ-ն շարունակում է համագործակցել բոլոր անկախ և առանցքային գործընկեր երկրների հետ՝ նրանց բոլոր հավակնություններին համապատասխան: Գագաթաժողովն առաջարկեց ԱլԳ երկրների նկատմամբ տարբերակված մոտեցում, ավելի տարբերակված մոտեցում՝ հաշվի առնելով գործընկերների հետաքրքրությունները»,- ասաց ԵՄ դեսպանը:

Վերջինս անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման քսանամյակին՝ ասելով, որ հակամարտությունը միջազգային հարաբերություններում լուրջ խնդիր է, մեծ կորուստներ են արձանագրվում սահմանին և շփման գծում, շատ ավելի մեծ կորուստներ, քան անցյալում: «Ռազմատենչ հռետորաբանությունը ևս շարունակվում է, սպառազինությունների մրցավազքը` ևս: ԵՄ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ԵՄ-ն աջակցում է ՄԽ գործունեությանը և հակամարտող կողմերի միջև քաղաքացիական շփումների ընդլայնմանը»,- ասաց Տրայան Հրիսթեան:

Տեսանյութեր

Լրահոս