Ինչո՞ւ թուրք իշխանությունները չսրեցին իրենց հարաբերությունները հայ համայնքի հետ և վերադարձրին «Հայկական ճամբարը»

Ստամբուլի Թուզլա շրջանում 1962 թվականին Հայ Բողոքական եկեղեցու նախաձեռնությամբ կառուցված հայկական որբանոցի` «Հայկական ճամբարի», քանդման աշխատանքները թույլ չտալու համար 19 օր նստացույց անցկացրած թուրքահայերը հաջողության են հասել: 1987 թվականին թուրքական իշխանությունների կողմից օրենքի կոպիտ խախտումներով բողոքական եկեղեցուց առգրաված համալիրը քանդելու և այդ տարածքում շքեղ բնակելի համալիր կառուցելու որոշումը մեծ վրդովմունք էր բարձրացրել Ստամբուլի ոչ միայն՝ հայաբնակ, այլև՝ թուրքաբնակ հասարակություններում՝ մայիսի 6-ից սկսած, հայերի նստացույցին և կառույցը հայ համայնքին վերադարձնելու պահանջին էին միացել մեծ թվով թուրք քաղաքական և հասարակական գործիչներ։

Իրականում, «Հայկական ճամբարի» շուրջ ծավալված իրադարձությունները շատ ավելի մեծ զգացմունքայնություն ստացան, քանի որ համայնքն այդ կառույցի համար պայքարել էր բավականին երկար ժամանակ:

Ինչպես տեղեկացրել էր «Ակոս» թերթը, Հայկական Բողոքական եկեղեցու հիմնադրամի որբանոց-ամառային ճամբարը բացվել է 1963 թվականին: Թուրքիայի բարձրագույն դատարանը 1974 թվականին որոշում է ընդունել, ըստ որի` փոքրամասնությունների հիմնադրամները չեն կարող անշարժ գույքի սեփականատեր լինել: 1983 թվականին որբանոցը փակվել է, հողը վերադարձվել է նախկին տերերին, չնայած Հայկական Բողոքական եկեղեցու հիմնադրամն իրավական միջոցներով փորձում էր կանխել որբանոցի փակվելը:

Այդ ժամանակներից մինչև հիմա մի քանի անգամ փոխվել է տարածքի սեփականատերը: Հիմնադրամը փորձել է վերականգնել սեփականության իրավունքը, բայց արդյունքի չի հասել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` իրենց ակցիայի ընթացքում հայ ակտիվիստներն ասել էին, որ հայկական ճամբարը հիշողության կենտրոն է իրենց համար, շենքում ապաստանած հայ որբերը, շնորհիվ այդ հաստատության, պահպանել են իրենց ազգային ինքնությունը, մշակույթն ու լեզուն, քանի որ Անատոլիայում հայկական դպրոցներ չեն գործել։

Սակայն օրերս կարգավորվել է շինարարական ընկերության հետ վեճը, տարածքը սեփականատիրոջ` Ֆաթիհ Ուլուսոյի որոշմամբ՝ փոխանցվելու է Հայ Բողոքական եկեղեցուն և կրթական հիմնադրամին։

168.am-ի հետ զրույցում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ սա անհատի` այսինքն` կառույցի սեփականատեր Ուլուսոյի, մակարդակով կայացված որոշում չէր: Նրա խոսքով` փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե հողատարածքի օրինական սեփականատերը բարեգթություն է ցուցաբերում հայ համայնքի նկատմամբ` նվիրելով այն Հայ Բողոքական եկեղեցուն, այնինչ այդ շինությունը կառուցվել է հենց այդ եկեղեցու նախաձեռնությամբ և պատկանել է եկեղեցուն:

«Ես այս գործի ետևում, անշուշտ, քաղաքական կամք եմ տեսնում, քանի որ հայ համայնքի երիտասարդ գործիչները շատ լուրջ դիմադրություն, հակազդեցություն կազմակերպեցին, գնացին այդ գրավյալ տարածքն իրենք գրավեցին և ասացին, որ տարածքից կհեռանան միայն այն ժամանակ, երբ   խնդիրը լուծվի: Նրանց այդ ելույթը բավական լուրջ արձագանք ստացավ Թուրքիայում, ահագին մարդիկ զորակցեցին հայ համայնքին: Այդ թոհուբոհի մեջ հավանաբար Թուրքիայի կառավարությունը չցանկացավ, որպեսզի խնդիրը շատ ավելի սրվի` նկատի ունենալով այն, որ ընտրությունների նախորդող ժամանակահատվածում ենք, ուստի ընտրությունների օրերին կառավարության համար նախընտրելի չէր այլ գլխացավի զգացողությունը, որի արդյունքում թելադրեցին, որ խաղաղ լուծում գտնվի և այդ խաղաղ լուծումն այսպիսին էր»,- ասաց Բագրատ Էստուկյանը` շարունակելով, որ խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի գտել:

Ավելին, նրա փոխանցմամբ, հայ համայնքի ներկայացուցիչները սպասման մեջ են, և հավանաբար առաջիկա մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ ավելի կհստակեցվի: «Հույս ունենք, որ այս անարդարությունն ինչ որ ձևով կկանխվի, և այդ կալվածքը կվերադարձվի բուն տիրոջը, այսինքն` Հայ Բողոքական եկեղեցուն: Զգացական առումով է այդ կառույցը թանկ հայ համայնքի համար, քանի որ հայ որբերի մանկական ճամբար է եղել, հատկապես երկար տարիներ գործածվել է «Քեմփ Արմեն» անունով, մեզ համար հավելյալ զգացականություն է հաղորդել այն, որ Հրանտ Դինքն ու իր կինն այդ ճամբարում շատ կարևոր ներդրում են ունեցել իրենց մանկավարժական աշխատանքներով:

Բայց ներկայումս՝ 1970-ական թթ., այդ տեղն իբրև թե օրինավոր, բայց ոչ արդար կարգադրություններով մեր ձեռքից խլված է, իսկ խլվածը ետ բերելն ուրախություն է: Մենք ուրախ ենք, ավելի ուրախ կլինենք, եթե կալվածքը հանձնվի Հայ Բողոքական եկեղեցուն»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս