Որքանո՞վ է ճիշտ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելը

Մայիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստում Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը ներկայացրել է Գյումրիի զարգացման իր առաջարկը` կենտրոնանալով գերծանրաբեռնված Երևանը որոշակիորեն բեռնաթափելու և այդպիսով նաև` տարածքային համաչափ զարգացմանն ուղղված քայլեր կատարելու վրա։ Մասնավորաբար, նա այդ հարցի լուծումը տեսնում է մայրաքաղաքը բեռնաթափելու քաղաքականության արդյունքում` Երևանից Գյումրի 1-2 բուհական հաստատությունների տեղափոխմամբ, ինչը կնպաստի Գյումրիի երիտասարդացմանն ու աշխուժացմանը։

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Մուշեղյանը հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչու է պետք բուհերը Երևանից տեղափոխել Գյումրի։ Նա խոսքով` այսօր Երևանում կա 60 ուսումնական հաստատություն, շուրջ 100 հազար ուսանող, 10 հազար դասախոս, ուսումնական հաստատությունները զբաղեցնում են 555 հազար քառակուսի մետր տարածք։

Ըստ նրա` սա պատճառ է դառնում, որ տարածքները գերբեռնվեն։ Գ. Մուշեղյանի դիտարկմամբ` հասարակական տրանսպորտի 30%-ը զբաղեցնում են ուսանողները, ինչը լուրջ խնդիր է։ Նա նաև ընդգծեց, որ բուհական համակարգը Գյումրիում կզարգանա, եթե այս նախագիծը կյանքի կոչվի։ Նրա խոսքով` այս հարցով ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր մարզեր ունեն տարբեր հետաքրքրություններ և տարբեր պայմաններ, որպեսզի այնտեղ զարգանա բուհական համակարգը. «Հայաստանում առաջին խնդիրներից մեկը տարաբնակեցման խնդիրն է, Երևանը գերծանրաբեռնված է, իսկ մնացած մարզերը թերծանրաբեռնված են, բնակչությունը պակասում է, մարդ չի մնում։ Հաջորդ խնդիրը` եթե մենք բեռնաթափում ենք բուհական համակարգի շենքերը, դրանք կարող են վերածվել այլ բնույթի շենքերի, և այդ նույն գումարներով վերակառուցվում է նոր բուհական համակարգ։ Հաջորդն այն է, որ բոլոր այդ շենքերը կառուցվել են կա՛մ նախապատերազմjան շրջանում, կա՛մ պատերազմից հետո, այսինքն` սովետական տարիներին, երբ Երևանի բալային հաշվարկը 7 բալ էր։ Այսինքն` մի փոքր երկրաշարժի պարագայում այդ շենքերի 90 %-ն ուսանողների հետ միասին կհավասարվի հողին»։

Գ. Մուշեղյանի խոսքով` Գյումրիի ազգաբնակչության մոտավորապես 1/3-րդն է մնացել, և շատ կարևոր է Գյումրիում «ներարկել» երիտասարդ ազգաբնակչություն և ստեղծել հնարավորություն, որպեսզի այնտեղ զարգանան այն ուղղությունները, որոնք հատուկ են Գյումրիին։ «Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը ողջունում են այն։ Շուտով ստեղծվելու է հանձնաժողով, ուսումնասիրվելու են բոլոր խնդիրները և նոր որոշում է կայացվելու։ Դեռևս 70-ական թվականներին կար նման մտահղացում։ Սա միտում ունի քաղաքը բեռնաթափելու»,- ասաց նախագծի հեղինակը։
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, սակայն, պնդում է, որ Երևանը բեռնաթափելու խնդիր չունի, քանի որ այն արդեն բեռնաթափված է.

Կարդացեք նաև

«Քաղաքաշինությունը քաղաքակրթություն է, որի մեջ նստած է միջավայրը, ամեն ինչ` արդյունաբերություն, էկոնոմիկա, սոցիոլոգիա, առողջապահություն, մշակույթ, այդ բոլորն իրար հետ պետք է անեն։ Դուք գիտե՞ք` ինչ վիճակում է հայ ժողովրդի ամենաբարձր թեթև արդյունաբերության գործարանը Գյումրիում, որը կոչվում է Տեքստիլ` հարթ մի հարթավայր է, շենքերն էլ են կերել, կրծել են, թափել են ու մի հատ ռեստորան են սարքել։ Պարզվում է` այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան և զուգարան կարող է ունենալ, ուրիշ ոչ մի բան»,- ասում է նա։

Քանդակագործը չի հավատում, որ որևէ դասախոս իր ընտանիքը կթողնի-կգնա Գյումրի։ Դիտարկմանը, թե նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանն ասել է, որ ինքը կգնա իր ընտանիքով Գյումրիում աշխատելու, Ֆ. Առաքելյանն այսպես արձագանքեց. «Մուշեղյանն ընտանիք չունի։ Մուշեղյանն իմ ընկերն է, 80 տարեկան է, բան չի մնացել ապրելու։ Մուշեղյանն ի՞նչ ունի արդեն` թոռներ ունի, արդեն ծոռներ է ունենալու»։ Դիտարկմանն էլ` Գ. Մուշեղյանն ասում էր, որ եթե պետք է գնալ սահման` հայրենիքը պաշտպանելու, գնում են, սա էլ մի սահման է, որ պետք է գնալ և զարգացնել, քանդակագործն այսպես արձագանքեց. «Ես ամեն օր հայելու մեջ նայում եմ, այդպես ապուշի տպավորություն ինձ վրա չեմ թողել, բավականին խելոք մարդ եմ, թող ինքը սահմանն ու դա իրարից տարբերի։ Դրանք շատ տարբեր բաներ են»։ Քանդակագործի խոսքով` Գյումրիի քաղաքապետը, մարզպետը շատ ուրախացել են, որովհետև այդ բարդությունը չգիտեն. «Հետո՞ ինչ, որ այդ աթոռին են նստել, ես այս աթոռին եմ նստել, դրա բարդությունն ավելի լավ գիտեմ»։

Mesrop HarutyunyanՄեդիափորձագետ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Մեսրոպ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա «լավ, խելացի մշակված» առաջարկություն չէ։ Ըստ նրա` կարելի է պարզապես Գյումրիում էլ բացել համալսարաններ, եթե ցանկանում են, որ այդ տարածաշրջանը զարգանա. «Ընդհանրապես աշխարհում ընդունված ձև է բուհական քաղաքներ սարքելը` փոքր մի քաղաք, որի ենթակառուցվածքներն ամբողջությամբ հարմարեցված են բուհական կյանքին, բայց դրա համար այնտեղ պայմաններ են ստեղծվում` դասախոսների, ուսանողների ապրելու և մնացած բոլոր բաների համար»։

Մ. Հարությունյանի խոսքով` սա պարզապես «էմոցիայով» արված առաջարկություն է` առանց խելամիտ հաշվարկների.

«Թող հաշվարկի Գուրգեն Մուշեղյանը, որ պետք է կառուցել այսքան բնակարաններ դասախոսների համար, այսքան հանրակացարան ուսանողների համար, հնարավորություն տալ դասախոսին վարձատրվել այնքան, որ նրա համար ձեռնտու լինի Երևանից տեղափոխվել Գյումրի, նոր խոսի այդ նախագծի մասին։ Թէ չէ` այսօրվա վարձատրությամբ, երբ դասախոսները վաստակում են` նաև ուրիշ այլ աշխատանքներ կատարելով, Գյումրիում ունենալո՞ւ են այդ հնարավորությունները, ունենալո՞ւ են հնարավորություն, որ դասախոսի 60 կամ 100 հազար աշխատավարձից զատ` նաև վաստակեն գումար` այլ աշխատանքներ կատարելով` գիտական աշխատանքներ, մասնակցությունը տարբեր ծրագրերի, և այլն»։

Ըստ դասախոսի` Գ. Մուշեղյանի ցանկությունը հասկանալի է, բայց առաջարկությունը «խելամիտ մշակված» չէ, որովհետև նրա կարծիքով` բուհը տեղափոխել` չի նշանակում` միայն շենքը վերցնել և տանել այնտեղ։

Հարցին` Դուք` որպես դասախոս, չե՞ք գնա Գյումրիում դասավանդելու, եթե, ի վերջո, տեղափոխեն բուհերը, Մ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ես դասախոս եմ, բայց ես հիմնական դասախոս չեմ, և դասախոսների մեծ մասն էլ այդպես է` աշխատում են ժամավճարով, համատեղությամբ։ Ես աշխատում եմ համատեղությամբ, ես ամեն օր կարո՞ղ եմ գնալ Գյումրի` դասավանդել ու գալ, չեմ կարող, չէ՞, կամ պետք է այնպես դասավորվի, որ երկու օր գնամ Գյումրի, մնացած 4 օրերը լինեմ Երևանում։ Երկու օր Գյումրիում ես որտե՞ղ եմ ապրելու, կա՞ այդ հնարավորությունը»։
Նշենք նաև, որ երեկ Քաղաքաշինության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց` ըստ որի` որևէ կոնկրետ բուհ Գյումրի տեղափոխելու պաշտոնական նախագիծ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրված չէ։

Տեսանյութեր

Լրահոս