Բաժիններ՝

«Գոհար Ենոքյանի բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկության ժամանակ քննությանը հետաքրքրող որևէ առարկա չի հայտնաբերվել, որևէ իր չի առգրավվել». փաստաբան

Երեկ ձերբակալված «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն դեռ չի կատարվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը:

«Ապօրինի ձերբակալման դեմ բողոքներ եմ ներկայացրել տարբեր կառույցների, հատկապես ՀՀ գլխավոր դատախազին, թեպետ համոզված եմ, որ հենց նշված կառույցն է նշված ապօրինությունների գլխավոր նախաձեռնողը, սակայն դատավարական ընթացակարգերը այդ են պահանջում և հույս ունեմ, որ կսթափվեն, և, ի վերջո, հաշվի կառնեն, որ ապօրինության զոհը 73-ամյա բազմավաստակ կին է և այդպիսի որոշում կայացնողների առնվազն ծնողի կամ տատիկի տարիքին է:

Բողոք եմ ներկայացրել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, և ՀՀ ԱԱԾ տնօրենից խնդրել եմ հետևողականություն ցուցաբերել՝ պարզելու համար, թե ինչ շահագրգռվածությամբ ու շարժառիթով է տեղի ունենում նման բնույթի բացահայտ ապօրինությունները, քանի որ այս վարքագիծը ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում: Սույն քրեական գործի հարուցման պահից` 2014թ. հունիսից, միջնորդել ենք քրեական գործի քննությունը հանձնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, սակայն արդեն իսկ հասկանալի է, որ ՀՀ գլխավոր դատախազությանը ձեռնտու չէր ինքնուրույնություն ունեցող կառուցի հանձնարարել գործի քննությունը և պետք էր ընդամենը կամակատար որևէ կառույց ընտրել:

Սակայն, այն, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կդառնար նման ապօրնության կամակատար, դա վեր էր երևակայության բոլոր սահմաններից` հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և այդ կառույցի ղեկավարի բարձր հեղինակությունը»,- ասաց փաստաբանը: Վերջինս նաև նշեց, որ իրենց գնահատմամբ տեղի է ունեցել ապօրինի ձերբակալում, որն իրենից ենթադրում է քրեական պատասխանատվություն, քանի որ առանց որևէ հիմքի ձերբակալվել է 73-ամյա կին, ով, ըստ մեր զրուցակցի, երբևէ կանչված չի եղել հարցաքննության, որևէ անգամ չի խուսափել քննությունից և որևէ առնչություն չունի նշված դեպքին և իրականության մեջ նման դեպք տեղի ունենալու փաստը որևէ կերպ հաստատված չէ:

Armlur.am-ն այսօր գրել էր, որ «Գոհար Ենոքյանին ձերբակալել են նրա տունը խուզարկելուց հետո, և թե խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մարտական զենք, փամփուշտներ և ոստիկանական մայորի ուսադիրներ»:

Մեր հարցին` արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը այս տեղեկությունները, ինչպես նաև այն, որ նույն տարածքը երկու անգամ է խուզարկվել, Գեղամ Հակոբյանը պատասխանեց.

«Ձեր նշած հանգամանքները իրականության հետ որևէ աղերս չունեն, բացառութամբ Գոհար Ենոքյանի բնակարանում կրկնակի խուզարկություն կատարելու հանգամանքից: Ինձ համար, նախ, զարմանալի էր, որ քրեական գործից նման արտահոսք է տեղի ունենում: Ձեր հարցի կապակցությամբ հայտնեմ, որ Գոհար Ենոքյանի բնակության վայրում և աշխատավայրում թե 2014թ. հունիսին կատարված, և թե երկրորդ անգամ, արդեն ապօրինի` 2015թ. ապրիլին կատարված խուզարկության արձանագրությունների պատճենները մեր ձեռքի տակ են, որոնցով արձանագրված են, որ քննությանը հետաքրքրող որևէ առարկա չի հայտնաբերվել և որևէ իր չի առգրավվել:

Նաև այլ քննությամբ պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե ի՞նչ հիմքով է նույն քրեական գործի շրջանակում կրկնակի խուզարկության ենթարկվել Գոհար Ենոքյանի բնակարանը և աշխատավայրը, արդյոք քննիչը դատարանին միջնորդություն ներկայացնելիս ներկայացրե՞լ է, որ 2014թ. հունիսին ևս նույն քրեական գործի շրջանակում կատարվել է խուզարկություն, և այլն: Այսինքն, ամփոփելով` նշեմ, որ խուզարկությունները որևէ կապ չունեն ձերբակալման հետ: Կրկնում եմ, որ ձերբակալումը անհիմն է և ապօրինի, որի համար անշուշտ պատասխանատու անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Armlur.am-ը նաև գրել էր, որ դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ: Հարցին` արդյոք այդ գործերը կապվա՞ծ են միմյանց հետ, Գեղամ Հակոբյանը պատասխանեց, որ դրանք կապ ունեն, և նույն քրեական գործի շրջանակում է տեղի ունեցել Գոհար Ենոքյանի ձերբակալությունը:

Գեղամ Հակոբյանն ասաց նաև, որ մոտ մեկ ժամ առաջ է դուրս եկել մեկուսարանից, Գոհար Ենոքյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, հրավիրվել էր շտապբուժօգնության բրիգադ. «Ի դեպ նշեմ, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նրան ձերբակալելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացավ, մեր կողմից հրավիրվեց շտապբուժօգնություն, սակայն քննիչը չթույլատրեց բժիշկները բարձրանան իր աշխատասենյակ և բուժօգնություն տրամադրեն»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանն ասաց նաև, որ լրատվամիջոցներում քրեական գործի հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ մամուլի ասուլիս հրավիրելու հարցն առաջիկա օրերին կքննարկեն:

«Դեռևս հույս ունեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը, ի վերջո, կանգ կառնեն և զերծ կմնան հետագա ապօրինի գործողություններից և այս ամոթալի ձերբակալությունը կվերացնեն: Իրականում սա մեծագույն ամոթ էր ՀՀ իրավապահ համակարգի համար, քանի որ ամեն մի քայլ, անգամ մեծ շահագրգռվածության պարագայում, պետք է տեղավորվի բարոյական սկզբունքների մեջ, էլ չենք խոսում օրինականության պահպանման կարևորագույն նախապայմանի մասին»,- եզրափակեց փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս