Անդրանիկ Միհրանյան. «ԱՄՆ-ի ճանաչմանը սպասելը միջոցների, էներգիայի և ժամանակի կորուստ է»

«Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները շրջադարձային երևույթ էին հայ և ընդհանրապես համաշխարհայի պատմության մեջ. այն և՛ մասշտաբով, և՛ հնչեղությամբ նախադեպը չուներ,- այսօր Մանկավարժական համալսարանում կազմակերպված հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ, ՀՊՄՀ պատվավոր դոկտոր, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: Նա նկատեց, որ եթե մինչ այս ցեղասպանության հարցում մենաշնորհ ունեին միայն հրեաներն, ապա այսօր իրավիճակը այլ է: Առաջին անգամ համաշխարհային մակարդակով միջազգային հանրությունը լսեց գնահատականներ աշխարհի հզորագույն մի շարք ներկայացուցիչներից»:

«Արդի քաղաքականության ակտուալ զարգացումները» թեմայով դասախոսությանը քաղաքագետն անդրադարձավ ինչպես ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական զարգացումներին, այնպես էլ ամերիկյան լրատվամիջոցներում Ցեղասպանության 100-ամյակի լուսաբանման խնդիրներին և ուկրաինական ճգնաժամին: Խոսելով Ցեղասպանության 100-ամյակի մասին՝ Անդրանիկ Միհրանյանը ցավով նշեց, որ ոչ բոլոր հայկական համայնքները կարողացան իրենց գործունեությամբ նպաստել Ցեղասպանության տարելիցին իրենց երկրների ղեկավարների պատշաճ մասնակցությանը:

Մասնավորապես, ԱՄՆ-ի հայկական համայնքի մասին նա նկատեց. «Այս տարի ևս հայկական համայնքն անզոր գտնվեց, որպեսզի ԱՄՆ-ի մասնակցությունն ավելի երևույթական և ներկայացուցչական լիներ. ԱՄՆ նախագահը պարզապես քաջություն չունեցավ այցելել Հայաստան: Սակայն իրականում ԱՄՆ-ի ճանաչմանը սպասելը միջոցների, էներգիայի և ժամանակի կորուստ է, քանզի այն էական ոչինչ չի փոխելու, կարևորը դատական որոշում ունենալն է»:

Քաղաքագետն անհասկանալի է համարում շատերի առաջ քաշած այն կարծիքը, թե ԱՄՆ-ն չի ուզում լարվածություն առաջացնել ամերիկա-թուրքական հարաբերություններում, նկատելի է նաև, որ Ռուսաստանն էլ Թուրքիայի հետ կապված է հազարավոր թելերով: «Տարբեր երկրներ, ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից և հայկական համայնքների ուժից և գործունեությունից, 100-ամյակի շրջանակում ունեցան իրենց ուրույն մասնակցությունը»,- ամփոփեց քաղաքագետը:

Խոսելով Թուրքիայում տեղի ունեցող մի շարք փոփոխությունների մասին՝ քաղաքագետը նկատեց. «Ինչքան Թուրքայի հասարակությունը փոփոխվում և դառնում է ավելի լավը, այնքան իշխանությունները պահպանում և շարունակում են մերժման ու ժխտման քաղաքականությունը»:

Անդրանիկ Միհրանյանն անդրադառնալով նաև ուկրաինական դեպքերին՝ նշեց, որ եթե ԱՄՆ-ն հարձակողական զենքով ապահովի Ուկրաինային, ապա նաև պետք է զենքին տիրապետող մարդկանցով ևս ապահովի: Իսկ Ռուսաստանի համար Ուկրաինան էկզիստենցիալ հարց է, նա բնականաբար ավելի բացահայտ կսկսի օգնել իր կողմնակիցներին: Սա լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի, որին ամերիկյան հասարակությունը պատրաստ չէ:

Մանկավարժական համալսարան

Տեսանյութեր

Լրահոս