Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշումը հակասությունների առիթ է դարձել երկրի ներսում

Չնայած խոսակցություններին, թե Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձևերն ամռանը, գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տեղեկացրել է, որ Բունդեսթագը բանաձևերը քննարկման կդնի մայիսի 6-ին:

168.am-ի հարցին, թե Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի ելույթից հետո, ապա` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին և Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի տոնակատարություններին Գերմանիայի կողմից պատվիրակություններ չուղարկելու որոշումից հետո ի՞նչ կարելի է սպասել Բունդեսթագի որոշումից, Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը պատասխանեց, թե իր տեղեկություններով՝ քննարկումները տեղափոխել էին ամառային արձակուրդներից հետո:

Նա փոխանցեց իր մտահոգությունը Բունդեսթագի քննարկումների վերաբերյալ, քանի որ խորհրդարանականների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները չափազանց տարբեր և հակասող են:

Ըստ նրա` Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը հերթական անգամ հաջողվեց «Ցեղասպանություն» բառը հանել բանաձևերի ձևակերպումներից:

«Հատկապես երբ քննարկումները հետաձգվում են, Աստված գիտի, թե հետո ինչ կպատահի աշխարհում, ինչպես կզարգանան գերմանաթուրքական հարաբերությունները, լավ որոշումներ չեմ սպասում: Շատ տարբեր տեղեկություններ են տարածվել այդ բանաձևերի քննարկման ժամկետների մասին, ինչը դրական գործընթացի մասին չի խոսում»,- նկատեց Ժիրայր Քոչարյանը:  Նա դրական գնահատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի ելույթները:

«Լամերտի ելույթը շատ ավելի կարևոր ելույթ էր, նա շեշտեց «Ցեղասպանությունը», դատապարտեց, դա ինձ շատ զարմացրեց, որովհետև դա հակասություն է բարձրացնում երկրի տարբեր մարմինների միջև: Թեպետ երկրի նախագահն այդքան քաղաքական իրավասություն ներ չունի, սրանով հանդերձ մենք սպասում ենք տեսնել, թե այդ հարցն իրենք ինչպես կլուծեն, որովհետև վերջիվերջո երկրի նախագահն այդ բառը գործածել է»,- ասաց Քոչարյանը` ակնարկելով, որ կան որոշակի դրական սպասելիքներ Բունդեսթագի որոշումից:

Տեսանյութեր

Լրահոս