Բանաձևեր իրական Հայաստանի համար

Պետական, հասարակական, քաղաքական, համահայկական, գործարար բոլոր ռեսուրսները դրվեցին Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների պատշաճ կազմակերպման համար: Որպեսզի իմ հետագա ասելիքը միտումնավոր կամ պատահմամբ սխալ չընկալվի, միանգամից ասեմ, որ, ըստ իս, միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով, դրանց հրապարակային և ստվերային պատասխանատուները կատարել են մեծ ու կարևոր գործ:

Իմ ասելիքն այլ բանի մասին է: Մենք հիմա ապրիլյան սգո միջոցառումներից սահուն մտնում ենք մայիսյան զվարթ միջոցառումների ցիկլը ու կրկնվող-տիրաժավորվող լոզունգների, պաստառների, կրծքանշանների, հերոսական ելույթների ֆոնին կա մտավախություն, որ էլի կմոռանանք իրական՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, այսօրվա ԼՂՀ-ն ու այստեղ ապրող ժողովրդին: Կրկնում եմ՝ իրական և ոչ լոզունգային:

Կանցնեն օրեր` Պապն արդեն ուրիշ թեմաներով պատարագներ կմատուցի, Քարդաշյանն ուրիշ երկրներում ինքնագրեր կբաժանի, Քանիե Ուեսթն ուրիշ լճեր կթռնի, դպրոցներն ու պետական հիմնարկներն ուրիշ կարգադրություններ կստանան, միջազգային լրատվամիջոցներն ուրիշ խնդիրների կանդրադառնան, միջազգային կառույցներն ու խոշոր տերությունները այլ խնդիրներ (կամ համագործակցության եզրեր) կունենան Թուրքիայի հետ և ուրիշ լեզվով կխոսեն: Իսկ Հայաստանի Հանրապետությունը մնալու է նույն տեղում` Հարավային Կովկասում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանությամբ, չլուծված հակամարտությամբ, երկիրը քամող արտագաղթով, հոգեվարքի մեջ գտնվող տնտեսությամբ, հրեշավոր անարդարության մթնոլորտով, քրեաօլիգարխիկ բարքերով, և այլն: Ռեալ Հայաստանը վիրտուալ Հայաստանին չզոհաբերելու միակ մտավախությունն է ինձ ստիպում խոսել:

Պատերազմի և խաղաղության թյուրընկալում

Չգիտեմ՝ ով է առաջինը մեր իրավիճակի համար շրջանառության մեջ դրել «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» ձևակերպումը: Եթե մի ինչ-որ ժամանակ սա հասկանալի էր, ապա հիմա միանգամայն հնացած և նույնիսկ վտանգավոր ձևակերպում է: Սրանով արդարացվում են բոլոր ձախողումները և զսպվում փոփոխությունների բոլոր ձգտումները: Սա բոլոր ժամանակների իշխանություններին հարմար բանաձև է: Բայց դա պետության կայացման և պետության զարգացման տեսանկյունից սխալ ձևակերպում է, այն չի կարող դրվել հեռանկարային զարգացման հիմքում:

Եթե որևէ իշխանություն, քաղաքական էլիտա, այդ թվում` ընդդիմադիր, հայտարարում է, որ մենք ապրում ենք «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» պայմաններում, ապա գոնե մեկ բան անել պարտավոր են` հասկանալ, ճշտել, թե ինչ կենսական բանաձևում է ապրում մեր հակառակորդը, մրցակիցը, թշնամին: Պատերազմի և խաղաղության մասին բանաձևերը պահանջում են առնվազն երկու կողմի մոտեցում, կարծիք (մեր պարագայում` հավանաբար՝ երեք, ներառյալ՝ Թուրքիան): Ավելի պարզ ասեմ` դու չես կարող ասել` ես խաղաղության մեջ եմ ապրում, երբ քո դեմ պատերազմում եմ:

Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանն ապրում է ապագա պատերազմի բանաձևով: Նրանց մոտ պետական, քաղաքական, հասարակական, տնտեսական, ռազմական, լրատվական բոլոր համակարգերն աշխատացվում են այդ բանաձևով: Մենք Ադրբեջանի հստակ բանաձևին փորձում ենք հակակշռել արդեն հնացած, ոչ մի ռացիոնալ բան չասող «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» բանաձևը: Ասելիքս այն մասին չէ, որ վաղը լայնածավալ պատերազմ է սկսվելու: Ասելիքս այն մասին է, որ Ադրբեջանն իր ծրագրերում ունի հստակ պատերազմի տարբերակ ու պատրաստվում է դրան: Մենք չենք ուզում դա տեսնել, նկատել: Մենք անընդհատ մեզ հանգստացնում ենք՝ խաբելով` «Ռուսաստանը թույլ չի տա», «Ամերիկան թույլ չի տա», «Ալիևն էդ մարդը չի», և այլ անմեղսունակ վարկածներով: Մենք այդպես ենք անում, որովհետև դա դեռևս թույլ է տալիս շարունակել ապրել այսօրվա կյանքով, բարքերով, որովհետև հակառակ պարագայում՝ բոլորի, առաջին հերթին՝ իշխանության պատասխանատվության մակարդակը շեշտակի կբարձրանա:

Պատերազմը դառնում է հավանական ոչ այն պատճառով, որ Ադրբեջանն ուժեղանում է, այլ` որ Հայաստանն է թուլանում: Պետությունների միջև հավասարակշռությունն է փոխվում` տարեցտարի, մեր բոլորի աչքի առաջ: Ցանկացած իշխանություն որ պահին ընդունեց դա, ուրեմն այդ պահից նրանից կպահանջվեն ռեալ արդյունքներ և ռեալ բացատրություններ՝ ձախողումների համար: Հասկանալի է, որ իշխանությունները նման բանից ամեն գնով կխուսափեն: Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր ինձնից ու շատ-շատերից ավելի լավ գիտեն, թե ինչ է պատերազմը և դրա հետևանքները: Բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում, հարցի փիլիսոփայությունը չի փոխվում:

Կյանքը Հայաստանում արմատական փոփոխությունների կարիք ունի: Հակառակ պարագայում մենք կանգնելու ենք հերթական պատմական, համամարդկային ողբերգության առաջ: Հայաստանը պետք է թևակոխի նոր բանաձևերի փուլ, որտեղ ամենակարևորը քաղաքական մտքի կտրուկ փոփոխությունն է, պետական մտածողության մակարդակի էական բարձրացումը: Սա դժվար է, շատ դժվար լուծելի խնդիր է, բայց ուրիշ ելք չկա:

Խուսափել պատերազմից, պատրաստ լինել պատերազմին

Ակնհայտ ֆաշիստական գաղափարախոսությամբ Ալիևյան Ադրբեջանին, Թուրքիայի՝ այլևս անթաքույց բուռն աջակցությամբ, մենք պետք է հակադրենք նոր պետական մտածողություն և ամեն օր դա դարձնենք մեր իրականության մի մասը:

Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի` խուսափել պատերազմից և պատրաստ լինել հնարավոր պատերազմին: Միայն առաջին հայացքից են սրանք հակասող գաղափարներ, իրականում դրանք նույնն են և ենթադրում են ռացիոնալ քայլերի և ռացիոնալ նպատակների նույն համակարգը: Պատերազմից խուսափելու միակ տարբերակը Հայաստանի ուժեղացումն է: Տնտեսության վիճակի կտրուկ փոփոխություն, ապրելու և աշխատելու պայմաններ, ներգաղթ, իշխանական, պետական համակարգի արագ, խորքային ռեֆորմ, ներքին ատելության և թշնամանքի կտրուկ մեղմում: Սա ապահովելու դեպքում Հայաստանն արագ կփոխի իր կարգավիճակը, որպես պետություն` իր մակարդակը:

Նման ցանկություն հիմա էլ կա` բոլորի մոտ: Բայց արմատական փոփոխությունների համար մեխանիզմներ են պետք, ոչ թե՝ ցանկություններ:

Մարդկայնորեն հասկանալի է, որ դժվար է հրաժարվել միակամ որոշումների համակարգից, տնտեսական շահերից, առանց դիմադրության իշխելու հնարավորությունից և այլնից: Բայց այլ ելք պարզապես չկա: Բոլոր զանգվածային միջոցառումներն անցնելու են, միջազգային լրատվամիջոցների առաջին էջերից էլի հետ է քաշվելու փոքր Հայաստանը ու մնալու է ոչ միայն իր հին խնդիրների առաջ, այլև` նոր մարտահրավերների:

Այսօր Հայաստանը մտել է քաղաքական ստագնացիայի փուլ: Մեծ հաշվով՝ փետրվարյան դեպքերից հետո Հայաստանում քաղաքականություն չկա, քաղաքական պրոցեսներ չկան: Դա ուրախանալու առիթ չէ: Երկրի որևէ քաղաքական ուժ չի ներկայացնում և կարծես թե չի էլ պատրաստվում ներկայացնել Հայաստանի տեսանելի ապագայի իր ծրագիրը: Խոսքը նախընտրական փուլերում տպվող և ոչ մեկի կողմից չկարդացվող բրոշյուրների մասին չէ: Խոսքը Հայաստանի համար կարևորագույն 5-6 կետերի մասին է` տնտեսություն, արտագաղթ, Ղարաբաղի խնդիր, տարածաշրջանային հարաբերություններ, գյուղի փրկություն, արդար հասարակական հարաբերությունների ձևավորում, և այլն:

Բոլոր քաղաքական ուժերն ունեն եթերի, հանրահավաքի, գոռալու, դիմացինին վիրավորելու, արմատական ընդդիմադիրից սահուն իշխանամետ և հակառակը դառնալու, Հայաստանի վերջը գուժելու և «գործունեության» այլ հնարավորություններ: Բայց ոչ մեկը հստակ իրագործելի ծրագիր, նախագիծ չի ներկայացնում: Ուզում եմ շեշտել` խոսքը ցանկությունների և դեկլարատիվ հայրենասիրության մասին չէ: Խոսքը հստակ ծրագրերի մասին է, որոնք կարող են լինել կոշտ և հասարակությանը ոչ այնքան հաճելի: Միայն այդպես կկայանան կուսակցությունները և կտարբերվեն իրարից, միայն այդպես հասարակությունը կաճի և ընտրության հնարավորություն կստանա: Հակառակ դեպքում կուսակցություններն իրարից շարունակելու են տարբերվել միայն փողի քանակով, պետական ռեսուրսների ծավալով և իրենց քաղխորհուրդներում թաղային հեղինակությունների թվով: Երկրի զարգացման համար իշխանությունները և քաղաքական մյուս ուժերը, իշխանության հավակնություն ունեցողները կամ պարզապես մտածող մարդիկ պետք է երկրի խնդիրները ձևակերպեն` իրենց լուծման տարբերակներով: Ձևակերպեն ու ներկայացնեն հասարակությանը: Հասարակությանը ներքաշեն իր իսկ խնդիրների քննարկման և լուծման մեջ:

Իսկ այսօր դյուրամարս պաթետիզմի և բազմաթիվ ստանդարտներով մթնոլորտում բոլորը բոլորից օտարանում են: Ոչ մի կերպ չի հասկացվում, թե պետության զարգացման, պետական կենսագործունեության մեջ որտեղ է հասարակությունը: Ուղղակի չկա նման բան: Հայաստանյան հասարակությունն ընդամենը երկու գործողության համար է` զորակոչ և 5 տարին մեկ՝ ընտրությունների «մասսովկայի» ապահովում: Որևէ այլ հարցում չկա հասարակություն, հետևաբար՝ չկա հասարակական կարծիքի անհրաժեշտություն: Ջարդված է հասարակական զսպման, հասարակական «չի կարելիի» ինստիտուտը: Դրա համար էլ, մեծ հաշվով, մեր երկրում ամեն ինչ կարելի է:

Տեսականորեն կարելի էր համակերպվել նաև այս կարգավիճակին: Չէ՞ որ աշխարհում կան թույլ, այսպես կոչված՝ երրորդ աշխարհի պետություններ: Մենք հարյուրամյակներով պետություն չունենալուց հետո հանգիստ կարող էինք համալրել նրանց շարքերը, եթե մեր պետությունը չլիներ Հարավային Կովկասում: Իսկ այստեղ մեզ ուղղակի թույլ չեն տա լինել թույլ կամ գաճաճ պետություն: Հայաստանը կամ դատապարտված է լինել ուժեղ, զարգացող պետություն, կամ Հայաստանը դադարելու է լինել պետություն: Ադրբեջանն ու Թուրքիան մեզ զրկել են թույլ պետություն լինելու հնարավորությունից: Վստահ եմ՝ այս ձևակերպման հետ համաձայն են իշխանության մեջ և իշխանությունից դուրս գտնվող բազմաթիվ լուրջ անհատներ:

Ցանկացած իշխանավոր հրապարակայնորեն կասի, որ ինքը կողմ է ազատ տնտեսությանը, արդար հասարակությանը, և այլն: Բայց մեկ վայրկյան անգամ չի մտածի իր անձնական շահի զսպման, ընտրություն չկեղծելու, ատկատի վերացման և այլնի մասին: Քաղաքական ուժերի և հասարակության կենցաղայնացումն ի վերջո հանգեցնում է նրան, որ պետական մտածողությունը ևս դառնում է կենցաղային: Իշխանությունը` իր թևերով, ընդդիմադիրները, հասարակության տարբեր շերտերը դադարում են ունենալ միասնական լուրջ նպատակներ: Դա հենց այն կետն է, որ դասակարգում է պետությունները՝ իրենց լրջության և կայացածության իմաստով: Քաղաքական ինստիտուտների, քաղաքական կյանքի, հասարակական հարաբերությունների՝ նկատվող դեգրադացիան հանգեցնելու է մի վիճակի, երբ քաղաքացու և հասարակության փոխարեն՝ մենք ունենալու ենք միայն բնակիչ և բնակչություն: Իսկ վերջիններս ազատ են պետական մտածողությամբ չծանրաբեռնվելու, հանրային պատասխանատվություն չունենալու, տարածքից հեռանալու և զուտ ապրուստի համար այլ՝ ավելի բարեկեցիկ տարածքներ գտնելու հարցում:

Այսօրվա մթնոլորտի և միտումների պայմաններում ուժեղանում է անհանգստությունը հասարակության բոլոր շերտերի մոտ` մի կողմից, և անտարբերությունը` մյուս: Սրանք իրարամերժ չեն, որովհետև տվյալ դեպքում գործ ունենք պաշտպանական կամ գուցե հուսահատական անտարբերության հետ: Կենցաղում այս երևույթը քաղաքացիները ձևակերպում են երկու հարցի միջոցով, որին մենք ականատես ենք լինում ամեն օր, ամեն րոպե` «Ի՞նչ է լինելու սրա վերջը», և դրան հաջորդող` «ինչ ուզում է՝ լինի արդեն…»: Սա սոցիալական ծանր դեգրադացիայի և տնտեսության վերջնական փլուզման սկիզբն է:

Ի՞նչ անել         

Իշխանության մեջ և իշխանությունից դուրս կան մարդիկ, գործիչներ, դեռևս կա որոշակի մարդկային պոտենցիալ՝ գիտակցելու իրավիճակը և միասին լուծումներ գտնելու համար: (Խոսքը կոալիցիաների և պաշտոնների մասին չէ, այլ՝ շատ ավելի խորը գիտակցման):

Անհրաժեշտ է կտրուկ թուլացնել ներքին ատելությունը: Այսուհետ ամենաբարձր գոռգոռացողը, հայհոյողը ամենահայրենասերը չէ: Այսուհետ ամենամեծ հայրենասիրությունը գրագետ լուծումներ առաջարկելն է, և այդ առաջարկություններն ընդունելը, եթե նույնիսկ դա սեփական շահին է վնասում: Պետք է դադարել մարդկանց դասակարգել սերժական, քոչարյանական, աբրահամյանական, մինասյանական և այլ կերպ: Սա սովորական գավառամտություն է:

Անհրաժեշտ է խրախուսել քաղաքական, հասարակական էլիտաների բանավեճը: Պետք է տեսակետներ հնչեցվեն մի շարք կարևորագույն խնդիրների վերաբերյալ. վերջապես ինչպե՞ս ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը, ինչպե՞ս ենք պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպե՞ս ենք պատկերացնում տնտեսության վերականգնումը և ի՞նչ կոնկրետ ժամկետներում` ինչ արդյունքներով, ինչպե՞ս ենք պատկերացնում ընտրական համակարգի վերականգնումը, ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական ոլորտի բարեփոխումները` աղքատության և չքավորության այս պայմաններում, ինչպե՞ս ենք ներգրավելու օտարերկրյա ներդրումներ` ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ծավալներով, և ինչպե՞ս ենք վերացնելու խոչընդոտները, և այլն: Կրկնենք` խոսքը կոնկրետ ծրագրային լուծումների և մոտեցումների մասին է՝ դրանք հիմնավորող կոնկրետ քայլերի, անելիքների համակարգով: Խոսքը չի վերաբերում Միրբաշիրից մինչև Կիլիկիա մերը լինելուն, օրը մեջ տարածաշրջանային տնտեսական կենտրոններ դառնալուն, այսօր չէ, բայց վաղը չէ մյուս օրը հաստատ` Թուրքիայի հարցերը լուծելուն, և այլն:

Մենք այս փուլերն անցել ենք անկախության 25 տարիների ընթացքում: Մենք՝ անկախության տարեթվին համահունչ, առաջին հերթին, պետք է պետական մտածողության մակարդակի աճ գրանցենք: Փեշմերգայական մտածողությունից կանոնավոր պետական մտածողության անցնելու խնդիրը պետք է արագ լուծվի` հիմքում առաջին հերթին՝ դնելով քաղաքական ինստիտուտների կայացածությունը, քաղաքական և հասարակական մտքի ազատ առաջընթացը, անհատների դերակատարումը: Սրա շուրջ է պետք մտածել և աշխատել:

Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր

 

Տեսանյութեր

Լրահոս