Բաժիններ՝

UWC Դիլիջանի քոլեջում համերգների շարք է մեկնարկում. տեղի ունեցավ «Մեծ բազար» խմբի համերգը

«Մեծ Բազար» երաժշտական խմբի ելույթով այսօր UWC Դիլիջանի քոլեջում մեկնարկեց համերգների շարքը, որի կազմակերպիչներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ UWC Դիլիջան քոլեջը: Այս նախաձեռնության նպատակն է Դիլիջանը դարձնել մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր, ինչպես նաեւ նպաստել քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը:

«Մեծ Բազար» երաժշտական խմբի համերգի կազմակերպմանն աջակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: Խումբը միավորում է հայ, թուրք, քուրդ եւ ֆրանսիացի երիտասարդ երաժիշտների, ովքեր համագործակցում են արվեստում եւ տարբեր ոճերի երաժշտություն են մատուցում:

Համերգն ունկնդրելու հնարավորություն ունեցան ոչ միայն քոլեջի սաները, այլեւ Դիլիջան քաղաքի կրթական, մշակութային, համայնքային այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

«Որպես Դիլիջան քաղաքում խոշոր ծրագրեր իրականացնող կազմակերպություն՝ IDeA հիմնադրամը կարեւորում է քաղաքի մշակութային կյանքում ամբողջական ներգրավվածությունը եւ կրթական ու մշակութային տարբեր միջոցառումների անցկացումը: Համերգների շարքն անցկացվում է ոչ միայն քոլեջի ուսանողների, այլեւ քաղաքի կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչների եւ քաղաքի երիտասարդ բնակիչների համար: Մենք փորձում ենք այնպես անել, որ Դիլիջանը դառնա նաեւ տարբեր մշակութային միջոցառումների անցկացման վայր: Այս առումով, բացի համերգներից, տարվա ընթացքում IDeA-ն նաեւ հետաքրքիր այլ միջոցառումներ, փառատոններ է նախատեսում կազմակերպել քաղաքում»,-նշեց հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը:

Կարդացեք նաև

BazarԴպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը նույնպես կարեւոր է համարում նման միջոցառումների կազմակերպումը. «Հաճելի է հյուրընկալել մի խմբի, որն աչքի է ընկնում ազգային եւ մշակութային բազմազանությամբ եւ որը փորձում է երաժշտությամբ միավորել այն երկրները, որոնք քաղաքական առումով ոչ միշտ են գտնվում լավ հարաբերություններում: Սա UWC Դիլիջան քոլեջի առաքելության մի մասն է, եւ մենք ուրախ ենք, որ տեղի բնակչությունը նույնպես հնարավորություն ունի ներկա գտնվել եւ վայելել երաժշտական այս միջոցառումը»:

Առաջիկայում դպրոցում տեղի կունենա նաեւ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս