Պուտինը կապակոդավորի Տեր-Պետրոսյանին

Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս այլ հայտարարությունների, ասաց, թե ՀԱԿ-ը միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, ու հեգնեց բոլոր այն ուժերին, ովքեր չլինելով ՀԱԿ-ի կողքին՝ պայքարում են իշխանության դեմ:

Իրականում Տեր-Պետրոսյանն՝ ինքը, իր վերջին ելույթում ավելի շատ անանուն կամ, ինչպես ինքն ասաց, կոդավորված քննադատություն ուղղեց ընդդիմությանը, քան իշխանություններին: Իսկ իշխանության դեմ պայքարի համար երկամսյա դադար հայտարարեց՝ ՀԱԿ-ի մարտավարությունը ճշտելու համար:

ՀԱԿ-ի հանրահավաքն ու Տեր-Պետրոսյանի ելույթը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանում իսկապես նոր ընդդիմության ձևավորման խնդիր կա: Իսկ մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը, որը տարիներ շարունակ հետևել է, թե ինչպես է նույն ՀԱԿ-ն իշխանության դեմ պայքարում իշխանական համակարգի այս կամ այն բևեռի հետ համագործակցությամբ: Հիմա այդ բևեռներից մեկը՝ ԲՀԿ-ն, չկա, և ՀԱԿ-ը հայտնվել է անորոշության մեջ:

Ի դեպ, հետաքրքիր էր, որ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում չանդրադարձավ «Բարգավաճ Հայաստանի» հետ տեղի ունեցածին՝ հայտարարելով, թե դրա համար ժամանակ է պետք, քանի որ ինքը սովոր չէ «ոտքի» վրա դատողություններ անել: Այն դեպքում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից հաշված օրեր անց հանդես էր եկել վերջինիս փառաբանող՝ «Սրտիս պարտքը» հոդվածով:

Երևի Ծառուկյանի կողմից համարժեք երախտիքի բացակայությունն էր Տեր-Պետրոսյանին ստիպել հանրահավաքում շրջանցել նրան: Ինչ վերաբերում է այլ ընդդիմադիր ուժերին ուղղված նրա հեգնական հայտարարությանը, ապա դրանց հիմնական կոդն ուղղված էր այնտեղ, որտեղ, որպես կանոն, իր ասելիքն ուղղում է ՀԱԿ առաջնորդը՝ Մոսկվա:

«Պուտինի հրաժարականի պահանջը կրծքիս տակ…», իր կոդավորված ուղերձում՝ ընդդիմադիր ուժերին տրված պիտակների թվում, նշեց Տեր-Պետրոսյանը՝ հերթական անգամ ցույց տալով, որ Հայաստանում կա միայն մեկ ռուսական ընդդիմություն և այդ մեկ ընդդիմությունը ՀԱԿ-ն է: Մնում է՝ Պուտինը կարողանա ապակոդավորել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս