Խաչմաչ. այստեղ նախընտրում են աշխատանք գտնել քաղաքում

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում աշխատանքի բացակայությունը երիտասարդների գյուղից դուրս աշխատելու պատճառ է դարձել:

220 բնակիչ ունեցող գյուղի երիտասարդների մի մասն այսօր գյուղից դուրս է աշխատում: Նրանցից է 42- ամյա Դմիտրի Համբարձումյանը, ով աշխատում է «Interservise» ընկերությունում: Ասում է, որ օրական 8000 դրամ է ստանում, ինչը բավարարում է ընտանիքի կարիքները:

«Ինձ համար ձեռնտու է քաղաքում (Ստեփանակերտում-հեղ.) աշխատելը , որովհետեւ այնտեղ աշխատելով ավելի շատ եկամուտ ես ստանում, քան գյուղում»,-նշում է նա ու շարունակում, որ գյուղում էլ պարապ չի մնում: «Տրակտոր ունեմ, որով գարնանն ու աշնանը գյուղացիների արտերն եմ վարում: Բայց դա մշտական գործ չէ , ուստի զուգահեռ պետք է նաեւ այլ աշխատանքով զբաղվել» :

24-ամյա Գեւորգ Ղահրիյանի կարծիքով՝ գյուղի իր հասակակիցները գյուղատնտեսությամբ զբաղվելու մտադրություն չունեն, որովհետեւ «գյուղում հնարավոր չէ եկամուտ ստանալ միայն դրանից»: «Գյուղում պայմանները լավ են, եթե աշխատանք էլ լիներ, մի փոքր էլ մենք ջանք կթափեինք ու ամեն ինչ հրաշալի կլիներ»,-համոզված է Գեւորգը:

Խաչմաչի համայնքի ղեկավար Մխիթար Ղահրիյանի փաստմամբ՝ գյուղում աշխատողների հիմնական մասն ընդգրկված է դպրոցի եւ կառուցվող մշակույթի տան շենքի աշխատանքներում : Վերջինս կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ: Ի դեպ, նորակառույց շենքում կլինեն նաեւ գյուղապետարանը, գրադարանը եւ բուժկետը:

39-ամյա Սասուն Ղահրիյանն աշխատում է հենց նոր կառուցվող շենքում. բանվոր է, օրական ստանում է 5000 դրամ: Իր եկամուտից գոհ է, քանի որ, իր խոսքերով, բանջարաբոստանային կուլտուրաների հետ միասին բավարարում է ընտանիքին, այլ կերպ հնարավոր չէ:

Մշակույթի տան կառուցման աշխատանքների ավարտից հետո ստիպված կլինի մայրաքաղաք գնալ՝ այլ աշխատանք փնտրելու, քանի որ, ըստ նրա, գյուղում գոյացող եկամուտը բավարար չէ ընտանիքի կարիքները հոգալու համար:

Խաչմաչում եկամուտ ստանալու մեկ այլ ձեւ էլ են որդեգրել. «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը գյուղացիների ցանկությամբ վարձակալել է իրենց հողատարածքները: Գյուղապետի խոսքերով՝ շուրջ 101 հա եւ յուրաքանչյուր հա-ի դիմաց 50 000 դրամով: Գյուղապետի կածիքով՝ դա վատ տարբերակ չէ եւ ձեռնտու է գյուղացիներին, քանի որ շատ անգամ որոշներն իրենց ներդրած գումարները չեն կարողանում ստանալ բերքահավքից հետո:

Խաչմաչի բնակիչ Սլավա Ղահրիյանն էլ է այն կարծիքին, որ վարձակալությունը ձեռնտու տարբերակ է, քանի որ դիզվառելիքը թանկ է, հետեւաբար չեն կարողանում գնել: Մյուս կողմից էլ եղանակային պայմաններն են խանգարում:

«Գյուղացին չարչարվում է , մեծ գումար ծախսում, արտը ցանում, իսկ վերջում կարկուտը ամեն ինչ ջուրն է գցում»,-ասում է ու շարունակում, որ հիմնադրամը, անկախ եղանակային պայմաններից ու այլ հանգամանքներից, տարվա վերջին վարձակալության դիմաց անհրաժեշտ գումարը վճարում է:

Այս՝ քիչթե շատ եկամուտով բավարարվում են ոմանք, իսկ մյուսները նախընտրում են աշխատանք փնտրել գյուղից դուրս:

Էվելինա Համբարձումյան
ԱրՊՀ լրագրության բաժնի 1-ին կուրսի ուսանող

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս