Վրաստանն առաջարկել է սիրիացի ապստամբների համար նախապատրաստական բազա հիմնել իր տարածքում. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանն առաջարկել է ի տարածքում տեղակայել նախապատրաստական ճամբար՝ նախատեսված սիրիացի չափավոր զինյալների համար, որոնք մարտնչում են «Իսլամական պետության» դեմ:

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն պարբերականին հայտանել է, որ Վրաստանի ղեկավարությունը երկրի տարածքում նման բազա ստեղծելու հարցն առաջ է քաշել դեռևս սեպտեմբերի սկզբին, երբ Թբիլիսի այցելեց Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:

Գեգեշիձեի խոսքերով՝ դրանից հետո Վաշինգտոնը սկսել է դիտարկել այդ առաջարկը: Պենտագոնը դրականորեն է վերաբերվում դրան: Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վրաստանը շարունակում է ի ցույց դնել իր հավատարմությունը կայունության ու խաղաղության պաշտպանության գործում և մշտապես պատրաստ է օգնել իրենց:

Վրաստանում պլանավորված նախապատրաստական այդ բազայում կկարողանան մարզվել ոչ միայն սիրիական ընդդիմության մարտիկները, այլև՝ մյուս երկրների քաղաքացիները, որոնք ցանկություն կհայտնեն պատերազմել իսլամականների դեմ: Պարբերականն ընդգծում է, որ Թբիլիսին դրանով իսկ փորձում է մերձենալ ՆԱՏՕ-ի հետ ու նվաճել Արևմուտքի բարեհաճությունը:

Բացի այդ, Վրաստանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Սիրիայում ու Իրաքում իսլամականների հաղթանակը կարող է սպառնալիք ներկայացնել բուն Վրաստանի համար. «Իսլամական պետության» շարքերում քիչ թիվ չեն կազմում Վրաստանի քաղաքացիները:

Տեսանյութեր

Լրահոս