Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` երեկ Ադրբեջանի ՊՆ-ում տեղի է ունեցել Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Թահիր Ռաֆիգ Բատի պատվիրակության ընդունելության արարողությունը: Բատին ընդունել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ռամիզ Թաիրովը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, նման հանդիպումների անցկացման կարևորությունը: Դրանից հետո Բատին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Պակիստանի դեսպան Հալիդ Ուսման Գայսերը:

Տեսանյութեր

Լրահոս