Ցուցարարները կոչ են անում իրենց միանալ քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ պայքարողները այսօր հերթական բողոքի ցույցը կազմակերպեցին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը`առնվազն մեկ տարով հետաձգել օրենքի գործադրումը, որը նախատեսված է 2014թ. հունվարի 1-ից, քննարկում սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և միայն դրանից հետո որոշել՝ պե՞տք է նման օրենք Հայաստանի Հանրապետությանը, թե՞ ոչ:
Ցուցարարներին մոտեցավ կառավարության նամակների և դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որ ուզում էր ցուցարարներից ստանալ նրանց գրավոր պահանջները ներկայացնող նամակ, բայց ցուցարարներն ասացին, որ իրենք շատ հստակ ներկայացրել են իրենց պահանջները բանավոր. հետաձգել օրենքի կիրառումը և դրանից հանել «պարտադիր» բառը:
Հիշեցնենք, որ նախորդ բողոքի ակցիան տեղի էր ունեցել անցած շաբաթ նոյեմբերի 15-ին, երբ ԱԺ-ում իրենց ընդդիմադիր հայտարարած երեք խմբակցությունները և ԲՀԿ-ն այս օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով արտահերթ նստաշրջան էին հրավիրել, որը տապալվեց ՀՀԿ և ՕԵԿ անդամ պատգամավորների բոյկոտի արդյունքում:
Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիայի, որի ժամանակ բողոքավորները հայտարարում էին, որ պետք չէ քաղաքականացնել իրենց ակցիան, իրենք ուզում են փոխել այս օրենքը ու վերջ, այսօր նրանք կոչ արեցին իրենց միանալ բոլոր կուսակցություններին և քաղաքացիական շարժումներին, քանի որ «միայն միասնական պայքարի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հաջողության»:
Ցուցարարների հռետորաբանության մեջ փոխվել էր մի կարևոր հանգամանք ևս. եթե նախորդ միջոցառման ժամանակ ցուցարարները սպառնում էին, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա իրենք ստիպված կլինեն արտագաղթել, այս անգամ նրանց պաստառների վրա գրված էր «Ոչ արտագաղթին», իսկ ելույթ ունեցողները հայտարարում էին, որ իրենք չեն պատրաստվում արտագաղթել, այլ պայքարելու են մինչև չհասնեն իրենց պահանջների բավարարմանը:
Անցած մեկ շաբաթվա ընթացքում նրանք հասցրել էին ուսումնասիրել միջազգային փորձը: Ելույթ ունեցողներից մեկը նշեց, որ նույնիսկ Չիլիում, որը ոչ կատարյալ ժողովրդարավարական երկիր է, «Պարտադիր կուտակային կեսաթոշակների մասին» օրենքը սկսել է կիրառվել միայն նոր աշխատաշուկա մտնողների վրա, իսկ արդեն աշխատողների վրա այն չի տարածվել: Բացի այդ՝ ցուցարարներն անընդունելի էին համարում այն հանգամանքը, որ մարդը կարող է 10 տարի մուծումներ կատարել կուտակային կենսաթոշակային համակարգում, հետո դառնալ գործազուրկ և չունենալով եկամտի աղբյուրն, չի կարողանալու օգտվել իր կուտակած միջոցներից և պետք է սպասի մինչև կենսաթշակային տարիքի հասնելը:
Ցուցարարները մտահոգիչ էին համարում այն հանգամանքը, որ 30 տարվա ընթացքում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին կատարված իրենց վճարումները կարող են այն աստիճան արժեզրկվել, որ 30 տարի հետո, այդ հիմնադրամների վճարած գումարներով հնարավոր չլինի անգամ նվազագույն կարիքները հոգալ, մինչդեռ հիմա իրենց ստիպում են վճարել իրենց եկամուտի մի զգալի մասը:
Ցուցարարները չգիտեն՝ ինչ անել կամ ինչպես ստիպել կառավարությանը փոխելու իր վերաբերմունքը օրենքի նկատմամբ: Խորհրդարանի կամ կառավարության առջև հավաքվելով ու «Դեմ ենք, դեմ ենք» վանկարկելով, ոչինչ չի ստացվում: Ցուցարարներն իրենց մեջ խոսում են այն մասին, որ օրենքի կիրառմանը մնացել է ընդամենը մեկ ամիս, և եթե իրենց չհաջողվի այդ մեկ ամսվա ընթացքում հաջողության հասնել, ապա հուվարի 1-ից հետո, երբ օրենքը ուժի մեջ մտնի՝ իրենց ոչինչ չի հաջողվի փոխել: Նրանք պայմանավորվեցին հաջորդ անգամ հավաքվել Մաշտոցի պուրակում, բայց ոչ թե ցույց անելու այլ իրենց հետագա քայլերը քննարկելու համար: