Բաժիններ՝

«Դրսում շատերը տեղյակ չեն Հայաստանում տեղի ունեցող դրական երևույթների մասին»

Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց, ինչպես նաև` նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրվեց Շառլ Ազնավուրը: Միջոցառմանը մասնակցում էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Հայաստանից հրավիրված երկու ընկերություններ՝ «Կիլիկիա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները` որպես Հայաստանում գործող հաջողակ ընկերություններ: Միջոցառման մանրամասների մասին զրուցեցինք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ:

– Մարսելում բավականին հետաքրքիր հանդիպումներ եք ունեցել մեկ շաբաթվա ընթացքում` Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի երեխաների հետ, Ռումինիայի ազգությամբ հայ էկոնոմիկայի նախարարի և այլոց հետ, կպատմե՞ք այդ մասին մի փոքր:

– «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթն» իսկապես բավական հետաքրքիր էր: Երբ մոտ երկու ամիս առաջ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հրավեր ստացա մասնակցելու այդ միջոցառմանը, որն, ի դեպ, նշվում էր, որ բավական ներկայացուցչական, բազմաֆունկցիոնալ` և մշակութային, և սփյուռքի, և առևտրաարդյունաբերական պալատների, և տեխնոլոգիական ներկայացուցիչների հանդիպում է լինելու, անկեղծ ասած  այդ ամենը լավ չէի պատկերացնում: Հայաստանից երկու ընկերություններ էին հրավիրվում`«Կիլիկիա» ընկերությունը` որպես տեղական ընկերություն, որն արտահանման մեծ ծավալներ ունի, և նաև մեկ օտարերկրյա ընկերություն` «Սինոփսիս Արմենիան», որպես արտաքին ներդրումների հաջողված օրինակ հանդիսացող ընկերություն: Շատ հետաքրքիր ու հիշարժան միջոցառում էր ստացվել:

Շառլ Ազնավուրին` Մարսելի քաղաքապետի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն իսկապես հիշարժան էր, որովհետև, ինչպես քաղաքապետն ասաց՝ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչումը վերջին անգամ շնորհվել էր 1947 թվականին: Պատկերացրեք, թե որքան կշիռ ունի այդ կոչումը: Հետաքրքիր էր նաև Անրի Վերնոյի անվան հրապարակի բացումը, որին ներկա էին նրա չորս զավակները, և մեծանուն ռեժիսորի «Մայրիկ» ֆիլմի վերաբերյալ ցուցահանդեսը, ուր ներկայացված էին ֆիլմի դերասանների հագուստները, տեսախցիկները, որով նկարահանել են ֆիլմը, և այլն:

Կարդացեք նաև

Հրավիրված էր նաև ֆիլմի գլխավոր դերակատարներից Օմար Շարիֆը: Հայաստանից տարվել էր «Նժդեհ» ֆիլմը, և միջոցառմանը ներկա էր նաև Նժդեհի երիտասարդ տարիների դերակատարը: Մեր և «Կիլիկիա» ընկերության ներկայացուցիչներից բացի, միջոցառմանը Հայաստանից մասնակցում էին նաև` Գեղարքունիքի և Լոռու մարզպետները, որոնք շնորհանդեսներ ներկայացրեցին իրենց շրջանների սոցիալ-տնտեսական իրավիճակների վերաբերյալ՝ խոսելով այդտեղի խնդիրների ու նաև հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան ներդրումների դեպքում այդտեղ տուրիստական կենտրոններ ստեղծելու մասին:

– Այդ օրերին այնտեղ տեղի ունեցավ նաև Հայկական առևտրաարդյունաբերական պալատների երրորդ համաժողովը, կպատմե՞ք այդ մասին:

– Այո, այդ ամենը կազմակերպել էին «Հայկական առևտրական ցանց» ընկերության ներկայացուցիչները և Սփյուռքի նախարարությունը: Միջոցառմանը նաև ակտիվորեն ներգրավված էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, ով այդ բոլոր օրերին մեզ հետ էր: Համաժողովի ընթացքում հիմնականում ներակայացվեցին հաջողված օրինակներ: Մեր հիմնական նպատակներից մեկն այն էր, որպեսզի մենք փորձենք ոգևորել նաև մեր հայրենակից սփյուռքահայերին, որ Հայաստանում ներկա իրավիճակում մենք ունենք լրջագույն խնդիրներ` արտագաղթ, բարոյահոգեբանական ոչ բարենպաստ իրավիճակ և այլն, սակայն ամեն ինչ այդքան էլ սև գույներով չէ, ինչպես դրսից կարող է երևալ, որովհետև, մանավանդ վերջին ժամանակաշրջանում գնացողներից ոմանք ուղղակի սևացնում են Հայաստանը` արդարացնելով իրենց գնալը, արդարացնելով իրենց ընտանիքների փախչելը Հայաստանից, և շատ դեպքերում մեր սփյուռքահայերը, այսպես ասած, թացը՝ չորից և սպիտակը՝ սևից չեն կարողանում տարբերել: Այս մարդիկ էլ են մոլորվել, թե ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում: Մեր նպատակներից մեկն էլ այն էր, որ, իհարկե, ոչ արհեստական ձևով, սակայն այդ իրողություններն իրատեսական ձևով ներկայացնել նրանց, և ներկայացնել նաև այն, թե Հայաստանում այժմ նաև ինչպիսի՞ դրական, լուսավոր կետեր կան:

– Դուք հանդես եք եկել մի քանի շնորհանդեսներով: Ի՞նչ եք ներկայացրել:

– Կոնկրետ ես երեք շնորհանդես եմ ներկայացրել: Դրանցից մեկը նվիրված էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին` ընդհանուր առմամբ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումներին, իհարկե, այդտեղ նշվում էր նաև, որ 25 % աճ ենք ունեցել, որ այս ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և այն, թե ինչպիսի տեխնոլոգիական ընկերություններ կան այժմ Հայաստանում, և այլն: Երկրորդը` «Սինոփսիս Արմենիայի» շնորհանդեսն էր, որպես լավագույն օրինակներից մեկը` արտաքին ներդրումների առումով Հայաստանում իրականացված, իսկ երրորդը` որը սկզբում էի պատկերացնում, որ այդպիսի դրական արձագանք կունենա և նման հետաքրքրություն կառաջացնի իր շուրջը, վերաբերում էր Հայաստանում տաղանդաշատ պատանիների բացահայտմանն ու խրախուսման մեխանիզմներին: Այդ շնորհանդեսներից հետո ինձ անընդհատ ինչ-որ մարդիկ էին մոտենում և օգնելու պատրաստակամություն էին հայտնում, քանի որ չգիտեին, որ նման ծրագրեր կան Հայաստանում:

Այդ շնորհանդեսը ես ներկայացրեցի հետևյալ տրամաբանությամբ. Հայաստանը միակ երկիրն է, որտեղ, օրինակ`շախմատը դպրոցներում պարտադիր առարկա է, որը երեխաների մոտ տրամաբանելու ձիրքն է զարգացնում, այնուհետև խոսեցի այն մասին, որ հայաստանյան դպրոցներում սկսվել են արդեն ռոբոտաշինության խմբակներ ստեղծվել: Այս առումով, մասնավորապես, նշում էի, որ ներկաներից յուրաքանչյուրը կարող է աջակցել մի որևէ դպրոցում նման խմբակի ստեղծմանը: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության` դպրոցում նման խմբակ պահելն արժե մոտ 2500 դոլար, և ես կոչ արեցի, որ ամեն մեկը կարող է նմանատիպ խմբակներ կամ գոնե մեկ խմբակ ունենալ իր նախընտրած դպրոցում: Մի բանի մասին էլ խոսեցի, ինչը որոշ մարդկանց այդքան էլ դուր չեկավ. այն մասին, որ շատերը դպրոցներում վերանորոգման աշխատանք են հաճախ ցանկանում կատարել՝ պայմանով, որ այդ դպրոցն անվանակոչվի, օրինակ` իրենց հոր կամ մոր անունով: Հակառակ դեպքում հրաժարվում են ներդրում կատարել: Մինդեռ կարող են իսկապես իրենց նշանակալի ներդրումն ունենալ դպրոցներում տաղանդաշատ պատանիների խրախուսման գործընթացներում:

Պատմեցի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին, որտեղ երեխաները կարողանում են համակարգչային տեխնոլոգիաներին ծանոթանալ, Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի մասին, «Այբ» դպրոցի մասին և ֆիզիկամաթեմատիկական մեր մյուս դպրոցների մասին, թե ինչպիսի կադրեր են պատրաստվում Հայաստանում: Խոսեցի նաև երկրի նախագահի կրթական պարգևի մասին, որը տրվում է լավագույն աշակերտներին և ուսանողներին, տարածաշրջանային և այլ օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում մեր երեխաների հաջողությունների մասին, ինչպես նաև դրա տրամաբանական շարունակության` «Լույս» հիմնադրամի մասին, որի աջակցությամբ մեր տաղանդավոր երիտասարդները կարողանում են աշխարհի հեղինակավոր համալսարաններում կրթություն ստանալ:

– Նշեցիք, որ սկզբում բոլորը Հայաստանի մասին հիմնականում բացասական տեղեկություններ ունեին, սակայն հետո տրամադրությունները փոխվեցին…

– Շատ կարևոր էր այդ հանդիպումները սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ վերջում մարդկանց մոտ ոգևորությունը շատ-շատ ավելին էր, քան սկզբում, որովհետև սկզբում ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչպես է լինելու և ինչ է լինելու: Խնդիրները շատ էին, սակայն, որքան անցնում էին օրերը, այդքան մարդկանց շրջանում շատանում էր ոգևորությունը: Շատ տպավորված էի հատկապես այն հանգամանքով, թե որքան զորեղ է Մարսելի հայությունը, մի շարք միջոցառումների ժամանակ ես ուղղակի զարմացած էի, թե նրանք ինչ մեծ հեղինակություն ունեին Մարսելի քաղաքային պետական կառույցներում: Մասնավորապես Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը բավական ազդեցիկ անձնավորություն է այնտեղ, Մարսելում հայ թաղապետ կար, և այլն: Մարսելի հայության մեջ Հայաստանի նկատմամբ մեծ սիրով լցված մարդիկ կան, որոնք պատրաստակամ են ինչ-որ ձևով օգնելու հայրենիքին:

Նրանք այնքան ուրախ էին, որ այս ամեն ինչը Մարսելում էր տեղի ունենում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ այդ մի շաբաթը Մարսելը լցված էր հայկականությամբ, հայությամբ, իսկ այն մարդիկ, ովքեր իմանում էին, որ հայ են, ժպտում էին: Իհարկե, այստեղ հայերին տեսնելիս անընդհատ ասում էին` Շառլ Ազնավուր, իսկ Շառլ Ազնավուրի հեղինակությունն ու համբավն ուղղակի սահմաններ չուներ, որովհետև, երբ նա ժամանեց Մարսել և մտավ քաղաքապետարան, փակ էր այդ ամբողջ տարածքը, որտեղ ոչ միայն հայեր էինք, այլև` ֆրանսիացիներ էին ամենուրեք կանգնած, և նրանցից ամեն մեկն ուզում էր մի քիչ ավելի մոտիկ լինել Ազնավուրին:

Պետք է նշեմ նաև, որ տպավորված եմ նաև Սփյուռքի նախարարի աշխատանքով, այնտեղ սփյուռքահայերի կողմից նախարարի նմատմամբ հարգալից վերաբերմունքն ակնհայտ էր: Տարվա մեջ հարյուրավոր միջոցառումներ են իրականացվում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար` տարբեր բիզնես ֆորումներ, սեմինարներ: Համոզված եմ, որ այս համաժողովի արդյունավետությունը բավական բարձր էր: Օրինակ` միջոցառմանը ներկա էր նաև Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, ով շատ լուսավոր անձնավորություն էր, որի գրքի շնորհանդեսն էր այնտեղ: Այս օրերին Հայաստանում տեղի է ունենալու հայ-ռումինական բիզնես համաժողով:

Պայմանավորվածություն կա արդեն «Հայկական առևտրային ցանցի» 4-րդ համաժողովի, տարբեր բարեգործական ցուցահանդեսների վերաբերյալ, քանի որ մարդիկ շատ ոգևորված էին Մարսելում: Համոզված եմ, որ այս գործընթացը շարունակվելու է: Օրինակ` Մոնակոյում ուզում են կազմակերպել հայ նկարիչների բարեգործական ցուցահանդես, և այլն: Լավ տպավորություններ և լավ հիշողություններ կան Մարսելի հետ կապված: Այս ամենը կարող է լինել շարունակական, որովհետև այսօր մենք ոգևորվելու և մեր հայրենակիցներին ոգևորելու խնդիր ունենք: Այսօր միամիտ մարդ չկա, ոչ Հայաստանում, ոչ էլ դրսում որևէ մեկին չես կարող խաբել, չեղած բանով զարմացնել կամ ներկայացնել այն, ինչը չկա: Ամեն մեկն ամեն ինչից տեղյակ է, բայց կան օրինակներ, կան պատմություններ, որոնք չներկայացնելն ուղղակի մեղք է, որը մեր ապագայի վրա ստվեր է գցում: Եթե մարդիկ չհավատան, որ այսօր ՀՀ-ում կան շատ հետաքրքիր լավ գործընթացներ և դրական օրինակներ, դա մարդկանց որևէ ձևով չի կարող մոտիվացնել ապագան Հայաստանի հետ կապելու առումով:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս