Ելակը, ծիրանը, կեռասը թանկացել է, սա ի՞նչ է նշանակում պարոն Պապոյան. Նիկոլ Փաշինյան
Նախորդ օրվա քննարկումների ժամանակ մենք մի շատ կարևոր ինդիկատորի հետ առնչվեցինք՝ եթե մեր տեղական շուկայում գների էական անկում կա, դա նշանակում է արտահանման խնդիրներ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ գնանկման գնահատումը շատ լավ ազդակ է, թե երկիրի արտահանումների դիվերսիֆիկացիան ինչ վիճակում է: Նա ընդգծել է, որ ազդակ, թե շուկայում, մասնավորապես մրգի, բանջարեղենի գնանկում կա՝ չունեն:
«Որոշ դեպքերում նույնիսկ ասվում է, որ թանկ են և թանկացել են ծիրանը, կեռասը, լոլիկը, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, հիմա սա ի՞նչ է նշանակում, պարոն Պապոյան, և դիվերսիֆիկացիայի պրոցեսն ինչպե՞ս է գնում»,-նշել է Փաշինյանը և դիմել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
Պապոյանը, ներկայացնելով արտահանման թվերը, ասել է.
«2026 թվականի հունիսի 1-ից մինչև 25-ը ներառյալ, արտահանել ենք 1,071 տոննա ծիրան, ընդ որում՝ այս 1,071 տոննայի 90%-ը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, որովհետև նոր է ծիրանը հասնում կամ արդեն ընթացքի մեջ է։
Կեռասը՝ 882 տոննա, գնալով սպառման ենք գնում, ավարտվում է։ Մոտ 40 տոննա խնձոր, դա այն փոքր քաղցր խնձորներն են: Թութ, թուզ, հաղարջ, մոշ՝ 100 տոննա: Ելակ, ազնվամորի՝ 87 տոննա: 140 տոննա լոլիկ»,-ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարը:
Փաշինյանն ընդհատել է Պապոյանին, ասելով՝ այդ թվերը շատ բան չեն ասում, ավելի շատ գնահատականն է հետաքրքիր, թե շուկայում ինչ վիճակ է և ինչ-որ կետում կա՞ ճգնաժամային իրավիճակ:
«Տեսանելի գնանկում երկու ուղղությամբ է՝ ծաղիկը, որի մասին մենք գիտեինք և լոլիկը։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում և առկա բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում է: Լոլիկի դեպքում էլ է վաճառվում, ուղղակի գներն իջել են»,-պատասխանել է Գևորգ Պապոյանը:

