Լոռու մարզի Դարպաս գյուղ (տեսանյութ)

Մինչ երկրաշարժը, Վանաձորից 4 կմ դեպի արևմուտք գտնվող Դարպաս գյուղը ծաղկում էր ապրում: Ուներ իր մշակույթի տունը` առանձին դահլիճներով, հարուստ գրադարան, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, ասֆալտապատ ճանապարհներ, 24-ժամյա ջուր, երկհարկանի գյուղապետարան, սննդամթերքի կետեր: Իսկ այսօր համայնքի գխին կուտակված բազում խնդիրներ կան, որոնց լուծումը համայնքի բյուջեով, ըստ գյուղապետի, անհնար է: Իսկ Դարպասը հազարամյակների պատմություն ունեցող գյուղ է: Այդ են վկայում գերեզմանատան սև տուֆից կերտված սալաքարերի վրայի փորագրությունները:

Խորհրդային տարիներին թեև Դարպասը սովխոզ տնտեսություն է եղել, սակայն գյուղում ու Վանաձորի մոտակայքում մոտ 150 հիմնարկ-ձեռնարկություններ են գործել: «Մարդիկ աշխատանք ունեին, իսկ հիմա Դարպասում արտագնա աշխատանքով են ապրում»,- ասում է համայնքապետ Սամվել Ավետյանը:

Համայնքի ղեկավարն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումն ու Դարպաս մտնող ճանապարհի եզրին գտնվող բլրալանջի սողանքի վերացումն է համարում: Սողանքը, սակայն, համայնքի միակ հիմնախնդիրը չէ: 2300 բնակիչ ունեցող գյուղը Վանաձորի հետ կապող երկու կամուրջները վթարային վիճակում են: Դրանք Վանաձոր քաղաքի վարչական տարածքում են, բայց սպասարկում են Դարպասին:

«Ունենք 2 հատ ճանապարհ՝ կենտրոնին, մարզկենտրոնին միացման համար, որոնցից մեկը սողանքավտանգ ա, 2-ն էլ՝ կամուրջները 60 տոկոսանոց խիստ վտանգավոր, քանդման ենթակա: Բյուջեն բավական չի, որ էս ճանապարհները կարանամ կառուցեմ: Վիճակը սարսափելի վատ է, գրություն եմ ուղարկել մարզպետարան, մարզպետը խոստացել ա գոնե նվազագույն օգնություն հատկացնի, սպասում ենք, տեսնենք՝ ինչո՞վ կարան օգնեն, ի՞նչ կարան անեն»,- ասում է Դարպասի համայնքապետ Սամվել Ավետյանը:

Կարդացեք նաև

Դարպասի համար փորձանք են նաև լեռնային աղբյուրների՝ գյուղամիջով անցնող հոսքերը: Նախկինում լեռնային աղբյուրների այդ հոսքերը գյուղամիջյան թունելով թափվել են Փամբակ գետը: Թունելը ժամանակ առ ժամանակ բերնեբերան լցվում է, և ջուրն, այլ ելք չունենալով, լցվում է գյուղամիջյան ճանապարհները: Բայց սա դեռ ամենը չէ:

«Աղբակույտները հավաքել են մեր Դարպաս կոչվող թաղամասում, 100 տոննա աղբ ա կուտակվել, նույնիսկ ինձ թվում ա, որ Արջուտի աղբի հավաքման կետը փոխվել ա՝ Դարպաս ա եկել, սարսափելի վատ վիճակ ա, չեմ կարողանում, հսկողությունս անզոր ա»,- նշում է համայնքապետը:

Գյուղն անլուծելի բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած: Պատգամավորի օգնությամբ կարողացել են գյուղամիջյան ճանապարհները լուսավորել, սակայն՝ ոչ ամբողջությամբ: 34-35 մլն բյուջեով խնդիրները վերացնել չի լինի: Քաղաքամերձ գյուղում առկա արտագաղթի պատճառներից մեկն էլ, ըստ համայնքի ղեկավարի, առաջանում է նրանից, որ երիտասարդներն ազատ ժամանակն անցկացնելու որևէ տեղ չունեն:

«Մեզ խոստացել են համայնքի շենք կառուցեն, երաժշտական դպրոց, սպորտհամալիր, որովհետև արտագաղթը հիմնականում դրանից ա առաջանում, քաղաքամերձ գյուղ ենք, մարդիկ ժամանակը կարում են անցկացնեն Վանաձորում, որովհետև նմանատիպ հարմարություններ մենք չունենք, հիմա նման միջոցառումները մեզ մոտ լինի, ակումբ լիներ, նախապես մենք գումար ենք տնտեսել, որ միգուցե գումարը որ առաջանա՝ տրամադրեն, մենք էլ որոշակի ներդրում կունենանք, սպասում ենք դրան, մարզպետը խոստացել ա համայնքի կենտրոն կառուցել: Դարպասում միակ լուսավոր կետը մանկապարտեզն է, որ համայնքային բյուջեով նորոգվեց ու շահագործման հանձնվեց 2010 թվականին»:

Դարպասի նախադպոցական ուսումնական հաստատության տնօրեն Սիրանուշ Թովմասյանն, իր հերթին, դժգոհում է, որ գյուղի բոլոր երեխաները չեն կարողանում հաճախել մանկապարտեզ:

«Իհարկե, գյուղի ոչ բոլոր երեխաներն են հաճախում, քանի որ կա վարձավճարի խնդիր, և ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այդ վարձը վճարելու, ամռանը երեխաների թիվը հասնում է մոտ 50-ի, մենք ավել երեխա չենք էլ կարող ընդունել, քանի որ ունենք 2 խումբ՝ 25-25 տեղանոց, և ծնողներն իրենք են որոշում՝ ըստ իրենց ֆինանսական վիճակի, թե կլինի արդեն պայմաններից, իհարկե բոլորն էլ կցանկանան, եթե ունեն հնարավորություն:

Երեխաների առօրյան շատ հագեցած է: Սկսվում է վաղ առավոտյան` նախավարժանքով, նախաճաշով: Սնվում են էկոլոգիապես մաքուր սննդամթերով: Իսկ հայոց լեզու, մաթեմատիկա, խոսքի զարգացում, նկարչություն, ապլիկացիա, ծեփ… նախաուսումնական այս հաստատությունում ծրագրով նախատեսված այս առարկաներն են անցնում` այսպես նախապատրաստվում դպրոցին:

Տեսանյութեր

Լրահոս