Բաժիններ՝

Արձագանք՝ Սերժ–Թանկյան–Սարգսյան երկխոսությանը

Հարգելի՛ պարոն նախագահ: Իմ թոռնիկի անունը Սերժ չէ, այլ Մերի։ Նա էլ փոքր է. Ձեր Սերժի տարիքին, բայց ես, ի տարբերություն Ձեզ, հնարավորություն չունեմ մոտիկից տեսնելու նրա աչքերը։ Թոռնիկիս տեսնելու իմ «ճանապարհը» համակարգիչն է… էկրանից եմ տեսնում նրա աչքերը, որոնք նույնպես դեռ փոքր ու խաղացկոտ են, բայց, ցավոք սրտի, արդեն իսկ լուրջ և քննող. նրանցում միշտ հարց կա՝ թե ինչու ինքը չի ծնվել մեր դրախտավայր–հայրենիքում և ինչու իր տատիկ–պապիկի հետ անհասկանալի մի էկրանի միջոցով է շփվում. ձեռքերը պարզում է՝ գիրկներս գալու ու, դիպչելով  համակարգչի էկրանին, իջեցնում է թաթիկներն ու զարմացած նայում։  Նա ընդամենը 4 ամիս է հյուր եղել հայրենիքում, ու ստիպված է եղել կրկին մեկնել մի հեռավոր ցուրտ ու անարև երկիր, որտեղ իր երիտասարդ ծնողները կարող են, կարոտը սրտներում, աշխատել, բայց արժանավայել ապրել։ Ի՞նչ պատասխան եք տալու Դուք իմ նման հարյուրավոր տատիկ-պապիկներին։ Ինչո՞ւ պիտի ես կարոտս առնեմ՝ հեռավոր երկրից ուղարկած նվերների մեջ  դիտավորյալ դրած փոքրիկ հագուստից հոտ քաշելով ու արտասվելով աննկարագրելի կարոտից։ Ի՞նչ պատասխան եք տալու ինձ ու ինձպես շատերին։ Այո՛, սա պետությո՛ւն է.  սրա մասին մենք շատ ենք երազել… Բայց Դուք վստա՞հ եք, որ սա հենց ա՛յն պետությունն է, որի մասին երազել են իմ նման հազարավորները։ Թե՞, եթե իմ թոռնիկի անունը Սերժ չէ, ուրեմն նա արժանի չէ՝ ապրելու այս դրախտավայրում։ Եվ բավական է շահարկեք այդ դրախտավայր բառը… դա Ձեզ ու ձեր նմանների համար է դրախտավայր, մեզ համար այն դժոխքի եք վերածել, մտածե՞լ եք այդ մասին։

Դուք մի վախեցեք Ձեր թոռնիկի հարցից, որի համար դրախտավայր–միջավայր եք ստեղծել, Դուք վախեցեք ի՛մ թոռնիկի հարցից, որը կարող է վաղը հարցնել Ձեզ՝ Դուք, առաջ նայելով, ինչո՞ւ չէիք տեսնում երկիրը քանդող տականքներին, ինչո՞ւ չէիք բռնում նրանց կեղտոտ ձեռքերը, որ չկողոպտեին, չավերեին, ինչո՞ւ ես և իմ ծնողները զրկվեցինք այստեղ ապրելու հնարավորությունից, իսկ ես՝ նույնիսկ մայր հողիս վրա ծնվելո՛ւ հնարավորությունից:

Պարո՛ն նախագահ, մի բուռ ազգ էինք, բայց Ձեր նախագահության հինգ տարիների ընթացքում դարձանք կես բուռ, որից կեսն էլ այս երկիրը քանդողներն են։ Գուցե Ձեզ չե՞ն տեղեկացրել այդ մասին Ձեր անթիվ–անհամար լպրծուն ենթակաները՝ կարեն ավագյաններն ու նրա նման հովանոց բռնողներն ու վերարկուից փոշեհատիկներ թափ տվողները։ Եթե Դուք այդքան լավն եք, ինչպիսին Ձեզ ներկայացնելու անհաջող փորձ արեցիք՝ Սերժ Թանկյանին սենտիմենտալ պատասխան ուղարկելով, ինչո՞ւ եք Ձեզ շրձապատել սրիկաներով։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի շուտ ազատվել այդ քանդողներից և չկորցնել հայրենիքը սիրող, այս հայրենիքի համար ժամանակին քրտնաջան աշխատող և արարող մեծամասնությանը, ում օգնությամբ Դուք ավելի հեշտ և արագ կստեղծեիք մեր երազած պետությունը։ Դա՛ կլիներ մեր հավաքական հաղթանակը, հարգելի՛ պարոն նախագահ: Այո, Հայաստանը խոսել է արդեն, և շարունակում է խոսել, բայց Դուք չեք լսում ներքևներում գտնվողների ձայնը։ Գուցե հուսահատությունից, սովից ու միշտ անպատասխան մնացած հարցերից նրանց ձայնը ցա՞ծր է՝ միշտ կուշտ, ուղեղները ճարպակալած օլիգարխների ձայնից։ Կամ էլ գուցե Դուք, որդեգրելով անընդհատ առաջ նայելու  կարգախոսը, չե՞ք ցանկանում երբեմն–երբեմն հետ նայել և տեսնել, թե ի՞նչ եք  թողնելու ձեզանից հետո։ Գուցե դո՞ւր է գալիս  Apres nous le deluge, կամ՝ «Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» տարբերակը։ Այդ դեպքում, կարծում եմ, այլևս ոչ մի բարի արագիլի ոչ մի բարի ուղերձ չի կարող հասնել մեր Սուրբ սարի ներքո գտնվող նոր Հայրենիք, և իմ ու իմ նման հարյուրավոր կարոտած տատիկներ այդպես էլ կմնան համակարգչի սառը մոնիտորի դիմաց նստած….

Բարին ընդ Ձեզ և Ձեր նման հոգատար պապիկներին…

Կարդացեք նաև

 

Նաիրա Վարդապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս