«Թեկուզ ջրհեղեղ՝ միայն ընտրվել»

Հարցազրույց Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ

– Երկու օր հետո տեղի կունենան ՀՀ նախագահի ընտրությունները: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական շրջանը: Թեկնածուների նախընտրական քարոզչությունը ո՞ր գրական ժանրում կտեղավորեք:

– Հասկանում եմ` ինչ եք ակնարկում: Արտաքուստ` գուցե զվարճալի, բայց իրականում` շատ տխուր իրավիճակ է: Զվարճալի էլ չէ, զավեշտ է, ուղղակի մարդիկ ինքնապաշտպանական մեխանիզմների միջոցով այլ հակազդում են տալիս և «ուրախանում» քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց հաջորդականության ու տրամաբանության վրա: Հակառակ դեպքում` ոչ միայն խորապես դեպրեսիայի աղբյուր կարող է հանդիսանալ, այլ, թեկուզև միայն նախագահին լսելով, ցանկություն է առաջանում ժամ առաջ լքել հայրենիքը: Իսկ ինչո՞ւ, որովհետև, երբ թեկնածուները որակապես անհավասար են, և իշխանության թեկնածուն խնդիր ունի այդ անհավասարությունը, մեղմ ասած` «հղկելու» իր օգտին, ապա արհեստական տարրեր պետք է մտցնեին, որից հետո այն ուղղակի կրկեսի նմանվեց: Բայցև կրկեսը մնաց իր կողմում, իր սցենարով և խաղացողներով:

– Ի՞նչ նկատի ունեք` «արհեստական տարրեր» ասելով:

Կարդացեք նաև

– Երբ արդեն ուրվագծվում էր, թե ովքեր են թեկնածուները, իշխանական կողմից տարածեցին, թե մրցակցային թեկնածուներ չկան: Պարզ մեխանիզմ է, ինչպես նաև գործող պալատական սոցիոլոգիական թվերն են միշտ կանխորոշված ներկայացնում, որը քարոզ է արդեն` իշխանության թեկնածուի օգտին: Բայց կարծես թե սպասվածի պես այդքան էլ հարթ չսկսվեց քարոզարշավը: Թեկնածուներից մեկն առաջին իսկ օրվանից հացադուլի նստեց: Սա արդեն իսկ իշխանության հաշվարկներին առաջին մարտահրավերն էր: Երկրորդ մարտահրավերը` Րաֆֆի Հովհաննիսյանի արագ հավաքվող թափն էր, որի առաջը պիտի առնել:

Երրորդ մարտահրավերը, գուցե, երեք թեկնածուների հայտարարությունն էր, որը կարող էր ընկալվել` իբրև ընդդիմադիր դաշտի միասնականություն: Իսկ ամենակարևոր մարտահրավերը, դա նախագահը սկսեց ինքն իրեն նետել` ամեն մի քարոզայցի շրջանակում մեկ կարևոր բացթողում անելով, միտք, արտահայտություն, տհաճ իրավիճակ, արհամարհական պահվածք և ցինիկ պատասխան: Այս մարտահրավերների մասին նախօրոք պատկերացում եղել է, իմ կարծիքով, և շախմատային մտածողության կանոններով` մի քանի կեղծ թեկնածուների գոյությունը` քարոզարշավի շրջանակներում կարևորվել: Նրանց գործունեության բնույթն ու ձևն էլ հենց արհեստական տարրերն են:

– Այսինքն`շախմատային մտածողության կանոնների մե՞ջ էին Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, Սերժ Սարգսյանի սայթաքումները:

– Եթե ասեմ` Հայրիկյանի դեմ մահափորձը շախմատային խաղի քայլ էր, նշանակում է` կոնկրետ մեղադրանք իշխանության հասցեին, դա իմ գործառույթը չէ, համապատասխան մարմինները կպարզեն: Բայց, որ այդ իրադարձությունը կարող է դառնալ շատ հետաքրքիր ու օգտավետ քայլի հնարավորություն, դա կարող եմ ասել: Այսինքն, մահափորձից հետո նախագահի ու Հայրիկյանի միջև բանակցությունները և դրանից բխած Հայրիկյանի որոշակի հայտարարություններ, քայլեր, արագ փոփոխվող որոշումներ, որոշ ժամանակ բոլորի ուշադրությունը բևեռացնում էին այդ ուղղությամբ` անլրջության մթնոլորտ ստեղծելով: Հետո Հայրիկյանը` ընդդիմադիր թեկնածուից վերածվեց անհասկանալի թեկնածուի, համենայն դեպս, ինքն «աշխատեց» այդ ուղղությամբ: Ղուկասյանի հացադուլը շախմատային քայլ է Ս. Սարգսյանի դեմ, ոչ թե նրա կողմից մտածված:

Ուրեմն, պետք էր պատասխան քայլ անել, իսկ պատասխան քայլը հացադուլն արժեզրկելն էր, այսինքն, պայքարի այդ ծայրահեղ միջոցը հասարակացնելը, և հանկարծ մեկ այլ թեկնածու ևս ասաց` ես էլ հացադուլ եմ անում, մյուսն ասաց` ես էլ կանեմ: Հասկանում եք, առանց այդ էլ սեղմ են լրատվությամբ ներկայացնում հացադուլի պահանջն ու վատ լուսաբանում, ու հանկարծ մարդիկ լսում են, որ էլի թեկնածուներ կան հացադուլավոր: Եվ որոնց այդ վարքի ընտրության դրդապատճառները ևս անհասկանալի են ներկայացվում, ուրեմն` փորձում են վերացնել էքսկլյուզիվ լինելը:

Իսկ Սերժ Սարգսյանի համատարած սայթաքումները լարվածության արտահայտումն է, դա անգամ ծիծաղելի չպետք է լինի, քանի որ դիմություն, ընդդիմություն, ոչ մի նշանակություն չունի, որ կողմի համար դա հարմար օգտագործվող «նյութ» կամ փաստարկ է. ուղղակի անթույլատրելի են նախագահից նման բառակապակցությունները:

– Ձեր նշած շախմատային մտածողությունը, կարծես, հակառակ ազդեցությունն ունեցավ, և հասարակության մեջ նախընտրական քարոզարշավի ժամանակ ձևավորվեց անլուրջ վերաբերմունք երկրի համար կարևորագույն իրավիճակի նկատմամբ: Սա արդյո՞ք դուրս չէր պլանավորումից:

– Հակառակ ազդեցություն չունեցավ, ազդեցության ոճը փոխեցին: Երբ ասացի` շախմատային մտածողություն, ի նկատի ունեի` վաղօրոք որոշակի պատրաստվածություն որոշ կոնկրետ քայլերում: Բայց չէ՞ որ հենց անակնկալներին էլ պետք էր պատրաստ լինել: Դրա համար, իմ կարծիքով` իշխանության կողմից պատրաստված առաջադրված թեկնածու կա, որը պատրաստ է ամեն պահի ցանկացած խաղի` թե՛ մթնոլորտը շեղել իր ցնդաբանություններով, թե՛ անլրջացնել, ցածրացնել նախագահական քարոզարշավի որակը:

Ասել եմ արդեն, որ էպոսագետ թեկնածուն այդքան էլ միամիտ մեկը չէ, և այնպես չէ, որ էպոսը վերլուծելով` կարողանում են մեծ ծախսերի գումարներ վաստակել: Առանց կոնկրետ նպատակների մարդն իրեն չի հիմարեցնի այդքան լայն լսարանի մեջ, եթե, իհարկե, նա հոգեկան խանգարումներ չունի: Իսկ էպոսագետը, չեմ կարծում` հիվանդության շեմը հաղթահարի: Իր ներկայությամբ ընտրությունների դաշտն անլրջացնելն ու մյուս թեկնածուներին բանսարկելը, դեդեկտիվ վարկածներ հայտնելն այսօր իշխանության կոնկրետ քայլն է:

– Ի՞նչ հետևանք կունենա այս անլրջությունը։

– Քարոզարշավի բավական ակտիվ ու դրական մթնոլորտ կա Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Գյումրիում, Վանաձորում մեծ ոգևորության առկայությունը մտահոգեց իշխանությանը, հետևանքը` բաց թողեցին էպոսագետին` իր «հայտարարությամբ»: Իսկ իրենց ակնկալիքները` մթնոլորտի կոտրում, անվստահություն, որպեսզի մարդիկ շահագրգիռ չլինեն, որ հոգնեն և բոլորին մեկ հավասար դիտարկեն, որ փրկիչը «մնա» միակը բոլորի հենքում:

Դավադրությունների տեսություններով էլ` հոգնեցնել, անազնվության ու ծախվածության, կասկածի մթնոլորտ ու դիրքորոշում ձևավորել, այս ամենը թույլ է տալիս հասկանալ, որ իշխանական թեկնածուն շատ մեծ կասկածներ ունի իր շանսերի մասին: Եվ, ուրեմն, մեծ փութաջանությամբ էլ արդեն պատրաստ են ընտրակեղծիքների:

– Եվ ի՞նչ ճգնաժամ կստեղծվի:

– Գիտեք, այն տպավորությունն է, որ տեղավորվում է Լյուդովիկոս 14-ի` «Ինձանից հետո` թեկուզ ջրհեղեղի» տրամաբանության մեջ, միայն թե մի քիչ փոխած վեկտորով, «թեկուզ ջրհեղեղ` միայն ընտրվել»: Ոչինչ, որ մարդկանց դեպրեսիան է խորանում այս ճղճիմ խաղերով, երբ թեկնածուներ են ներկայանում պարզ ակնարկով, որ իշխանական դրածո են, և ուզում են ստվերել նաև մյուս իրական թեկնածուներին, ոչինչ, որ հավատը գողանում են, ոչինչ, որ մարդկանց նվաստացնում են` 5 հազարներով կաշառում, մեղքը բարդում նրանց «ընտրության» վրա, կարևորը` վերարտադրվեն: Ու թե վաղն ինչպիսի հասարակություն են ունենալու և պատասխանատու են լինելու այդ հասարակության կոտրված ոգու համար, չեն մտածում: Առողջ ոգով մարդկանց ու բանակի մասին չեն մտածում: Նվաստացնում են մինչև վերջ:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս