«Եթե փոքր քայլերի արվեստը չսովորենք, երբևէ ոչ «Sony» ու «Panasonic» կստեղծենք, ոչ էլ որևէ արժեք՝ այլ ասպարեզում»

Երաժիշտ, հեռուստալրագրող-հաղորդավար Լիլիթ Բլեյանն այսօր հանրությանը ներկայանում է  իր հեղինակային երգերով և կատարումներով: Ինչպես ինքն է ասում՝ ստեղծագործել սկսել է խոսելուն զուգընթաց, սակայն երբեք լուրջ չի վերաբերվել իր մտքերին: Աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող, հետո` լրատվական ծրագրերի վարող և խմբագիր:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Բլեյանը, տարիներ շարունակ հոգնելով անընդհատ ներկայացվող նեգատիվից, որոշեց իրեն փորձել այլ ոլորտում: Լիլիթը ստեղծագործում է թե՛ հայերեն, թե՛ իսպաներեն: Նրա 2011թ. լույս տեսած «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակում ներառված էին 8 երգեր, այդ թվում՝ մեկ իսպաներեն կատարում: Լիլիթն օրերս համացանց ներբեռնեց իր նոր՝ «Un dia», թարգմանաբար՝ «Մեկ օր» ստեղծագործությունը:

Lilit_Bleyan7 Lilit_Bleyan5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա հեղինակի վերջին  աշխատանքներից էր, որը տեսահոլովակի տեսքով ներկայացվեց հանրությանը: Տեսահոլովակը հավաքվել էր Լիլիթ Բլեյանի ճանապարհորդությունների ընթացքում արված լուսանկարներով: «Ստեղծագործությունը կյանքի ընթացքում կորցրած հարազատների մասին է, որոնց, ժամանակին չէիր էլ կարող մտածել, որ կկորցնես: Ստեղծագործությունը հանգիստ, թեթև, հեշտ ընկալելի է: Այն չունի պահանջ: Յուրաքանչյուրը կարող է երգը լսելիս պատկերացնել այն, ինչ ցանկանում է» 168.am-ի հետ զրույցներից մեկում ասել էր Լիլիթ Բլեյանը:

Հարցազրույց Լիլիթ Բլեյանի հետ

 –   Շատերըճանաչումուգնահատումենքոաշխատանքը: Որևէքայլձեռնարկո՞ւմես, որ քո ստեղծագործություններն առավել ճանաչելի դառնան:

– Առայժմ միակ «գործիքը», որ կիրառում եմ՝ ինտերնետն է, չնայած դա էլ՝ ոչ ամբողջական եմ գործածում, սեփական կայք դեռ չունեմ: Ամեն դեպքում, գոնե Ֆեյսբուքի հնարավորությունները սկսել եմ օգտագործել: Դեռ չեմ  սովորել գովազդել ինքս ինձ: Դա ինձ համար դեռ նոր ոլորտ է:

Ի՞նչեսկարծում, ովքե՞րունենգովազդիկարիք: Համաձա՞յնեսայնկարծիքին, որբոլորնէլգովազդիկարիքունեն:

– Ամեն դեպքում ունկնդիրն ունի տեղեկացված լինելու իրավունք: Ես՝ ինքս, որպես ունկնդիր, հաճախ կարիք եմ ունենում, որպեսզի որևէ նոր ստեղծագործության կամ նոր ստեղծագործողի մասին տեղեկություններն ինձ հասցվեն: Գովազդի նպատակը, կարծում եմ, առաջին հերթին՝ այդ տեղեկությունը տեղ հասցնելն է: Ֆեյսբուքի, Youtube-ի ու ընդհանրապես ինտերնետի դերն իրոք կարևոր է: Ես այսօր հաճախ եմ լսում գործեր, որոնք ինձ են հասել իմ ընկերների «պատերից» ու դարձել ինձ սիրելի ստեղծագործություններ:

Ովքե՞ր կընդունեն և առավել շատ կհասկանան քո երգերը:

– Անկեղծ՝ այդ մասին չեմ մտածում: Առայժմ անում եմ այն, ինչ դուր է գալիս անձամբ ինձ, ու անկեղծորեն ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ դուր է գալիս մարդկանց մի շրջանակի ևս: Կուզեի, իհարկե, որ իմ երգերը, որոնք առայժմ միայն ներդրումներ են վերցնում ինձնից, մի օր սկսեին ինչ-որ բան ինձ վերադարձնել: Այսօր էլ, իհարկե, վերադարձնում են՝ ստեղծագործելու ուրախության, հաճույքի հետ քիչ բան կարող է համեմատվել, գումարած՝ այն դրական լիցքերը, որ ստանում եմ աշխարհի տարբեր ծայրերից՝ մարդկանց արձագանքի տեսքով: Ես այսօր թողել եմ հարակից բոլոր հնարավոր գործերը՝ որոշելով զբաղվել միայն երգերով: Բայց աշխարհում ընդունված է՝ դու պրոֆեսիոնալ ես, եթե վաստակում ես քո գործով: Ես այսօր, ստացվում է, առայժմ միայն «ծախսել սիրող» եմ:

Լրագրությունըքեզնույնքանհաճույքչէ՞րպատճառում:

– Ոչ: Լրագրողական աշխատանքը խիստ վերապահումով կարելի է անվանել ստեղծագործական: Այն, իհարկե, գրավիչ է, բազմազան, օգնում է մարդկանց, գոնե կոչված է այդպիսին լինելու: Բայց ես սկսել եմ հոգնել նեգատիվից: Դա այն դեպքը չէ, երբ մեզ տարբեր պետական այրեր՝ բոլոր մակարդակներով, կոչ են անում՝ «չնայել ամեն ինչին սև ակնոցով»: Ես խոսում եմ հենց լրագրողի ստացած բացասական լիցքերի մասին: Լրագրողը չի կարող չներկայացնել վատը:

Դա նրա պարտականությունների ամենակարևոր ու ամենածանր մասն է: Նա պարտավոր է անընդհատ գնալ դեպի ճշմարտություն: Մեզ մոտ նախ՝ դա դժվար է, գրեթե անհնար: Ինքներդ գիտեք, թե քանի շերտ սուտ կա այսօր մեր ԶԼՄ-ներում, որոնց տակից ճշմարտությունը վաղուց չի էլ երևում: Երկրորդը՝ հավատարմորեն, մասնագիտորեն աշխատելու պարագայում լրագրողը ստանում է բացասականի այնպիսի պաշար, ինչպիսին անգամ վիրահատող բժիշկը չի ստանում: Ես կարող եմ հեռուստացույց չնայել, կայքեր չկարդալ: Բայց չկարդալ կամ չդիտել իմ սեփական ռեպորտաժը՝ չեմ կարող: Ստիպված եմ փոխել ոլորտս:

Լիլիթ,լրագրողիաշխատանքըքչերնեն հասկանում ու գնահատում: Ի՞նչ ես կարծում, լրագրողնե՞րն են իրենց աշխատանքը սխալ մատուցում:

– Իսկ ո՞ւմ աշխատանքն է այսօր գնահատվում: Ուսուցչի՞, բժշկի՞: Ամենամեծ խնդիրը, որ մարդն այսօր ունի Հայաստանում, ինքնաիրացման՝ ինքնառեալիզացիայի խնդիրն է: Գտնել այն ոլորտը, որտեղ դու կկարողանաս բացահայտել ինքդ քեզ, քո ունակությունները, այն աշխատանքը, մասնագիտական այն աշխարհը, որտեղ դու լիարժեք կլինես: Ու դրա հետ մեկտեղ՝ նաև գնահատված: Համակարգային խնդիր է, իհարկե:

Գալիս է խորքից՝ ընտանիքից, կրթությունից, ավանդույթների կիսատ-պռատությունից: Ու ապրում ենք այսպես՝ մի հասարակության մեջ, որտեղ մեծ մասն իրեն մասնագիտորեն որակազուրկ ու անհեռանկար է զգում: Իսկ մասնագիտությունը գտած, սիրող և կարևոր որակներ կրող մարդիկ՝ նույն ուսուցիչը, բժիշկը կամ գիտնականը, իրենց արհամարհված են զգում: Լրագրողների խնդիրը բոլորովին այլ է: Մեզ մոտ պակասում է հենց մասնագիտական լրագրությունը: Թող ինձ ներեն իմ գործընկերները, բայց մեզնից շատերը հայտնվում են այս ոլորտում, քանի որ այլ տեղ անելիք պարզապես չեն գտնում:

Ստեղծագործելիս կարողանո՞ւմ ես ինքնառեալիզացվել:

– Արդեն գրեթե համոզված եմ: Երգեր ես գրել եմ՝ խոսելուն զուգահեռ: Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում: Բոլոր տարիքներում: Պարզապես երբեք լուրջ չեմ վերաբերվել իմ արածին: Երաժշտական դպրոցն ավարտելիս ծիծաղում էի, երբ ինձ համոզում էին՝ շարունակել կրթությունը Կոնսերվատորիայում: Բայց կյանքը հետաքրքիր պտույտ կատարեց ու ինձ բերեց ետ, հավանաբար՝ ինձ մոտ:

–  «Համարյա»-ն ինչի՞հետէրկապված:

-Դե, պարզապես ես միշտ կասկածում եմ արածիս վրա: Ամեն հաջորդ երգ, օրինակ, ինձ ավելի լավն է թվում՝ քան նախորդը: Ամեն դեպքում, մի բան արդեն գիտեմ առանց «գրեթե»-ների՝ շարունակելու եմ երգեր գրել ու երգել:

Երգի միջոցով ասելիքն ավելի՞ արագ է տեղ հասնում: Ավելի՞ դիպուկ է:

– Երաժշտությունը շատ ավելի արագ է հասնում մարդկանց: Երգը ավելի արագ է հասնում, քան նույնիսկ ամենատաղանդավոր բանաստեղծությունը: Երաժշտությունը՝ այդ անհասկանալի տեղից եկող, մեզ բնության, երկնքի, ինքներս մեզ հետ կապող այդ անբացատրելի սուբստանցիան, լրիվ ուրիշ մակարդակով է հասնում մեզ՝ ոչ գիտակցական: Մենք չենք մտածում՝ երգը մեզ դո՞ւր եկավ, թե՞ չէ: Լսելու պահին արդեն մենք դա գիտենք: Իհարկե, ավելի դիպուկ է:

Մերհասարակությաննառավելշատո՞րոճիերաժշտությունն է հասանելի:

–  Վերջերս Սպիվակովը պատմում էր Ճապոնիայում կայացած մի համերգի մասին, որի հանդիսատեսը դպրոցահասակ երեխաներ էին: Պատմում է՝ համերգի ավարտին կազմակերպչին հարցրեցի՝ հիմա, ըստ Ձեզ, այս 3000 հոգին որևէ բան հասկացա՞վ իրենց մատուցված բարդ երաժշտությունից: Ճապոնացին պատասխանել է․ եթե այս 3000-ից գոնե 10-ի հոգում այս երաժշտությունն ինչ-որ բան արթնացրեց, ապա մեր ազգն արդեն իսկ հարստացավ: Մոտեցման խնդիր է:

Ո՞ւմ են այսօր ծափահարում, օրինակ, ծառայելու կոչված մեր բարձրաստիճանները: Ո՞ւմ համերգներին են պարտադիր կերպով տարվում մեր դպրոցահասակները: Ես գոնե վերջին տարիներին առնվազն երեք հրաշալի կամերային համերգի եմ եղել, որին ներկա էր ընդամենը 12-13 մարդ: Համերգներ, որոնք կազմակերպվում են մեր Մշակույթի նախարարության պատվերով: Կարելի՞ էր բերել երեխաների, որոնք դեռ չգիտեն, թե իրենք ի՞նչ են սիրում, ի՞նչ են ցանկանում լսել, ու դահլիճը լցնել: Երաժիշտների համար էլ այդքան դառը չէր թվա դատարկ դահլիճի այդ ծաղրը:

Ծնողը չի անում, պետությունը չի անում: Գիտե՞ք՝ քանի անգամ է եղել, դասական համերգի անվճար աբոնեմենտներ են տարվել տարբեր դպրոցներ, իսկ դահլիճում, ի վերջո, հայտնվել են միայն իմ սիրելի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երեխաներն ու ուսուցիչները: Նստել են դպրոցական ավտոբուսներն ու եկել: Գուցե երեխաներից մի քանիսը՝ նախապես թթված դեմքերով: Բայց չէ՞ որ այդ ճաշակի սերմերը երկնքից չեն ընկնում, դրանք պետք է ցանել: Ու այդպես է պետք «հարստացնել» ազգը, ինչի մասին այնքան սիրով խոսում ենք: Քայլ առ քայլ, փոքր, միկրոսկոպիկ քայլերով: Եթե փոքր քայլերի արվեստը չսովորենք, երբևէ ոչ «Sony» ու «Panasonic» կստեղծենք, ոչ էլ որևէ արժեք՝ այլ ասպարեզում:

–  Դու որևէ քայլ տեսնո՞ւմ ես արվեստը հանրության մեջ սերմանելու ուղղությամբ:

– Անողներն իրենք պետք է հասկանան ու սիրեն այդ արվեստը: Պետք է ունենան այդ ճաշակը: Պետք է իրենց ներսում կրեն այն արժեքները, որոնք տարածելու են: Թե չէ՝ ինչպե՞ս կարող ենք պահանջել՝ մշակութային արժեքներ տարածել՝ մարդկանցից, ովքեր գտնվում են բոլորովին այլ «կոդերի» մեջ, ովքեր անթաքույց հիացմունքով ծափահարում են կասկածելի որակի երգիչներին: Իսկ սերնդի բախտն այսօր բերել է մի բանով՝ նրանց առջև ինտերնետն ու նոր տեխնոլոգիաները բացել են ողջ աշխարհը: Ստացողն իրենն այդ ճանապարհով այնտեղից կվերցնի: Ափսոս միայն, որ այդ ճանապարհը առավել տաղանդավորներին ու փնտրողներին ավելի ու ավելի հաճախ տանելու է Հայաստանից դուրս:

Տեսանյութեր

Լրահոս