
7 տարի քննվող քրեական գործով փողերի լվացման հոդվածը Տարոն Մարգարյանի համար հորինել են, որ վաղեմության ժամկետի խնդիր չլինի. Բենիկ Գալստյան
«Քննչական մարմինը, դատախազությունը հետաքրքիր հնար են կիրառել՝ բարդ տերմիններ, ձևակերպումներ օգտագործել, որ եթե փորձես ըմբռնել մեղադրանքի էությունը, դա շատ դժվար լինի անել: Եթե լիներ ռեալ հանցանք, կլինեին կարճ ձևակերպումներ: Հանցանք չկա, դրա համար էլ ձևակերպումներն անըմբռնելի են անգամ պրոֆեսիոնալ իրավաբանի համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա վերաբերյալ քրեական հետապնդում սկսելու՝ Ազգային ժողով (ԱԺ) ներկայացված միջնորդությանը:
Վերջինս հիշեցրեց՝ Տարոն Մարգարյանի վերաբերյալ մայր գործը հարուցվել է դեռևս 2018թ. օգոստոսի 9-ին, իսկ գործը քննվել է առնվազն մինչև 2021թ. դեկտեմբեր, երբ այն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:
«Մինչ այդ, 2021թ. փետրվարին Տարոն Մարգարյանին առաջադրվեց մեղադրանք, որի էությունն այն է, որ վերջինս չարաշահել է իր լիազորությունները թվով երկու կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքները աճուրդով օտարելու համար»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ այդ գործը քննվում է 2022թ.-ից մինչ այսօր:
Նրա խոսքով՝ այս գործով կան ևս 9 մեղադրյալներ, որոնցից մեկի՝ Հայաստանում չգտնվելու հանգամանքով պայմանավորված՝ գործից մաս է անջատվել, ու այն քննվում է դատարանում. այս պահին դեռ ապացույցների հետազոտման փուլն է:
«Տարոն Մարգարյանը 2018-2021թթ. չի ունեցել որևէ դատավարական կարգավիճակ, և չկար որևէ արգելք նրա կողմից ՀՀ տարածքը լքելու վերաբերյալ: Այդ ընթացքում տարբեր առիթներով նա հատել է ՀՀ սահմանը: Անձնական առիթով սահմանը հատել է նաև 2021թ. փետրվարի 7-ին, իսկ 8-ին նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ու ծանուցագիր ուղարկել նրա հասցեով: Տարոն Մարգարյանի ընտանիքի անդամները նրան տեղեկացնում են ծանուցագրի մասին, և հաջորդ իսկ աշխատանքային օրը նա ինձ հետ միասին գնացել է նախաքննական մարմին: Այսինքն ՝ Տարոն Մարգարյանը երբևէ միտում, ցանկություն՝ քննությունից խուսափելու կամ քննությանը խոչընդոտելու, չի ունեցել: Այս գործով թե՛ նախաքննության, թե՛ առավել ևս դատաքննության ընթացքում նման բան չի եղել: Չեն կարող նշել գեթ մեկ դատական նիստ, որ պարոն Մարգարյանն ինչ-ինչ պատճառով չի ներկայացել: Եվ սա՝ բոլոր 3 տարիների ընթացքում»,- ասաց Բենիկ Գալստյանը:
Վերջինս նշեց՝ մարտի 11-ին ԱԺ մուտքագրված գլխավոր դատախազության միջնորդության մեջ չկա գեթ մեկ ապացույց, որը առկա չի եղել մայր գործի մեջ, և բոլոր ապացույցները ձեռք են բերվել առնվազն 2021թ. դեկտեմբերի դրությամբ:
«Այսինքն՝ 2021թ. դեկտեմբերին նախաքննական մարմինն ու հսկող դատախազը գտնում են, որ Տարոն Մարգարյանը կատարել է 3 դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, գործը ուղարկում են դատարան: Այդ ժամանակվանից մինչև 2025թ. մարտի 11-ը որևէ նոր ապացույց, փաստական տվյալ չեն հավաքում ու, չգիտես ինչու, որոշում են, որ նույն փաստակազմով, նույն ապացույցներով Տարոն Մարգարյանը կատարել է նաև «փողերի լվացում»»,- իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Բենիկ Գալստյանը:
Ներկայացնելով գործի էությունը՝ պաշտպանն ասաց՝ Երևան քաղաքում բազմաթիվ ՀՈԱԿ-ներ ու ՊՈԱԿ-ներ կան, որոնց անհատույց օգտագործման իրավունքով հողատարածքներ են ամրակցված, և մշտապես, կախված քաղաքաշինական իրադրության փոփոխությունից ու քաղաքի զարգացումից բխող այլ հանգամանքներից, այդ հողերի փոփոխություն է տեղի ունեցել:
«Սա չի սկսվել Տարոն Մարգարյանով ու չի ավարտվել նրանով: Բոլոր քաղաքապետերի օրոք էլ նման պրակտիկա եղել է: Եղել է թվով երկու դպրոց և մեկ մանկապարտեզ, որոնք ունեին բավականին մեծ տարածքով հողամասեր, որ նրանց տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Այս հողամասերից որևէ մեկը երբևէ չի օգտագործվել ուսումնական գործընթացի համար: Ավելի պարզ ասած՝ բավականին մեծ ծավալի հողեր են եղել, որոնք գտնվել են դպրոցի մոտակայքում: Բացի դրանից, կան տարբեր մարդկանց կողմից տրված ցուցմունքներ, որ այդ հողամասերը, երկար տարիներ չօգտագործվելով, վերածվել են աղբավայրի կամ ավելի վատ՝ մոտավորապես՝ հասարակական զուգարանի: Ավելին, դպրոցներն էլ, մանկապարտեզն էլ, թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես, հնարավորություն չեն ունեցել այդ հողամասերը սպասարկելու համար: Նկատենք, որ այդ հողերը ենթակա չէին քաղաքապետարանին, պետական սեփականություն էին: 2011-2014թթ. դպրոցների, մանկապարտեզների տնօրենների կողմից դիմումներ են հասցեագրվել լիազոր մարմիններին, որոնք էլ դիմել են քաղաքապետարան, ինչի արդյունքում այդ հողերից մի մաս վերցվել ու դրվել է քաղաքապետարանի հաշվեկշռին, ինչից հետո իրականացվել են աճուրդներ, և որոշակի անձինք գնել են այդ հողատարածքները: Ընդ որում, աճուրդային արժեքը շատ ավելի բարձր է եղել այդ հողերի կադաստրային արժեքից: Աճուրդի մասով որևէ խնդիր նույնիսկ նախաքննական մարմինը չի տեսել»,- ասաց Բենիկ Գալստյանը:
Պաշտպանը պարզաբանեց՝ որպեսզի պաշտոնեական լիազորությունների չարաշահում լինի, պետք է լինի հետևանք, և նախաքննական մարմինն ասում է, որ հիշյալ կազմակերպությունները զրկվել են հիշյալ հողերն ամբողջությամբ օգտագործելու հնարավորությունից:
«Կարդացողը կմտածի՝ այդ հողերի օտարումն ազդել է այդ դպրոցների նորմալ կենսագործունեության վրա, մինչդեռ դրանք, կրկնում եմ, երբևէ ուսումնական նպատակներով չեն օգտագործվել: Նախաքննական մարմինն այս մասով որևէ սցենար չէր կարող հորինել, որովհետև այդ հողամասերը ոչ միայն չեն օգտագործվել, այլև չէին կարող օգտագործվել ուսումնական նպատակներով, ինչը պահանջում է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սակայն այդ դեպքում նույն օրենքով՝ այդ գույքը պետք է լիներ այդ կազմակերպության, տվյալ դեպքում՝ դպրոցների ու մանկապարտեզի սեփականությունը, մինչդեռ այն, ինչպես նշեցի, նրանց անհատույց օգտագործման իրավունքով է տրամադրվել»,- ասաց պաշտպանը:
Բենիկ Գալստյանն ասաց՝ այդ կազմակերպությունների տնօրենները ցուցմունք են տվել ու ասել, որ իրենց պաշտոնավարման ընթացքում այդ հողատարածքները երբևէ ուսումնական նպատակներով չեն օգտագործվել, և դրանցից զրկվելն իրենց բնականոն գործունեության վրա չի ազդել:
«Տնօրեններից մեկը, ավելին, ցուցմունք է տվել, որ այդ փոփոխությունից հետո աղբավայրն է վերացվել, անձինք այլևս չեն հավաքվում, թմրանյութեր էին օգտագործվում, գետնին ներարկիչներ էին թափված, ու հիմա այդ ամենը չկա»,- ասաց Տարոն Մարգարյանի պաշտպանը:
Հարցին՝ Երևանում այլ տարածքներ չկա՞ն, որ նույն մեխանիզմով օտարվել են, Բենիկ Գալստյանը պատասխանեց՝
«Մշտապես եղել են ու լինելու են: Ես մասնավորապես քննչական մարմնի ղեկավարին տեղեկատվություն եմ ներկայացրել, որ 2021թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երևանի Կենտրոն համայնքի Իսակովի 13/12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 13 հատուկ դպրոց ՊՈԱԿ»-ին կրկին անհատույց օգտագործման տրված 9496 ք/մ մակերեսով հողամասը, ինչպես նաև 360 ք/մ մակերեսով կաթսայատան շինությունը վերցվել է երաժշտական հատուկ դպրոցից ուղղակի վաճառքով, տրամադրվել է ընկերության, ու այդ տարածքում հիմա կառուցվել է բիզնես կենտրոն, որը ուսումնական գործունեության հետ որևէ կապ չունի»:
Ընդ որում, ըստ փաստաբանի, այդ հողամասի ու շինության կադաստրային արժեքը 446 միլիոն դրամ է, սակայն վաճառվել է 378 միլիոն դրամով:
«Ես չեմ ասում, որ այստեղ հանցակազմ կա, բայց եթե այստեղ չկա, ինչո՞ւ հանցակազմ կա Տարոն Մարգարյանի դեպքում»,- տարակուսեց Բենիկ Գալստյանը:
Ինչ վերաբերում է «փողերի լվացման» դրվագին, Բենիկ Գալստյանի խոսքով՝ այդ հանցակազմի էական իմաստը՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պետք է փոխանցվի կամ կոնվերտացվի՝ այդ գույքի ծագումը թաքցնելու նպատակով, ինչը Տարոն Մարգարյանի պարագայում չկա:
«Այս պարագայում առնվազն 4 դրվագից երեքով աճուրդին մասնակցած անձը գնել է հողամասը, ու այն մնացել է իր տնօրինման ու տիրապետման տակ: Տպավորություն է ստացվում, որ մենք պետք է պաշտպանենք նաև այդ գույքը ձեռք բերող անձանց: Էդ մարդիկ որևէ փոխարկում, փոխանցում չեն իրականացրել: Բայց եթե դա էլ ենք մի կողմ դնում, Տարոն Մարգարյանն այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի: Ենթադրենք, Տարոն Մարգարյանը չարաշահել է իր լիազորությունները, գույքն անցել է այլ անձանց, դրա հետ Տարոն Մարգարյանն ի՞նչ կապ ունի»,- ասաց Բենիկ Գալստյանը:
Վերջինս, սակայն, շեշտեց՝ առնվազն 2021թ.-ից որևէ ապացույց նախաքննական մարմինը չի հավաքել:
«Առնվազն 2021թ.-ից ձեզ համար պետք է պարզ լիներ, որ Տարոն Մարգարյանը կատարել է փողերի լվացում 4 դրվագով: 3.5 տարի քննչական մարմինն ու դատախազությունը որևէ գործողություն չի արել: Այսինքն՝ մեղմ ասած, հանցավոր անգործություն են դրսևորել և 3.5 տարի առանձնապես ծանր հանցագործություն արած անձը մնացել է առանց պատասխանատվության ենթարկվելո՞ւ: Լավ, սրա տրամաբանությունը ո՞րն է: Այստեղ կա մի պարզ տրամաբանություն. Դատարանում գտնվող հիմնական գործով անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները: Հիմա բերել են, «փողերի լվացում» են դրել, որ վաղեմության ժամկետն անցած լինելու խնդիր չլինի»,- ասաց Բենիկ Գալստյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ փաստացի 2021թ. դեկտեմբերին նախաքննական մարմինն առնվազն մի դրվագով Տարոն Մարգարյանի մեղադրանքից հրաժարվել է, ու հիմա փաստորեն այդ մի «սխալն» էլ են «ուղղել»:
«Տարոն Մարգարյանի գործողությունների հետևանքը եղել է այն, որ համայնքի բյուջե մուտք է եղել բավականին մեծ գումար: Էլի եմ ասում՝ չի վաճառվել ուղիղ վաճառքով, դրվել է աճուրդի, վաճառվել է շուկայական արժեքով: Որ ուզենար իր մտերիմին տար էդ հողամասը, իրավական ընթացակարգը թույլ էր տալիս հողամասերն ուղիղ վաճառքով վաճառել: Ինչի՞ է աճուրդ արել…»,- ասաց Բենիկ Գալստյանը:
Պաշտպանը նաև նկատեց՝ առավել քան վստահ է, որ եթե այս գործում լրջության հատիկ լիներ, գլխավոր դատախազը ձեռնամուխ կլիներ անգործություն դրսևորած անձանց որոշակի պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
«Ունենալու ենք մեղադրանք, պաշտպանվելու ենք այդ մեղադրանքից: Հավաստիացնում եմ, որ այս մեղադրանքների առկայությունը որևէ ազդեցություն չի ունենում պարոն Մարգարյանի թե՛ գործունեության, և թե՛ քաղաքական հայացքների վրա: Նա որևէ կերպ չի նեղվել որևէ մեղադրանքի առկայությունից: Այնպես որ, պաշտպանվելու ենք օրենքով մեզ հասու բոլոր միջոցներով ու ապացուցելու ենք, որ պարոն Մարգարյանի գործողություններում ոչ մի հանցագործություն առկա չէ»,- ասաց Բենիկ Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: