Աստծուց պատվիրան էր տրվել ոչ նրա համար, որ նախամարդկանց զրկեր իրենց անձնական ազատությունից։ Ինչպես արդեն նշել ենք, արարածները, լինելով արարչագործության արդյունք, ինքնավար չեն և, հետևաբար, ոչ միայն իրենց գոյությունն իրենցից չէ, այլև չեն կարող ո՛չ բարեկեցության, ո՛չ հավիտենության հասնել իրենց սեփական ուժերով, այլ ստանում են դրանք Արարչից։
Պատվիրանը նման է հարթված ուղիղ ճանապարհի, որով ընթացողը շուտ և չմոլորվելով հասնում է նախատեսված իջևանին. եթե պատվիրան չլինի, մարդը անկոխ և անհետք անապատում մոլորված ճանապարհորդի նման չգիտի գնալու ճանապարհը և հետևաբար իջևան էլ չի կարող հասնել: Մանավանդ, եթե պատվիրան չլինի, կամ Աստված մարդուն ստիպի Իր պատվիրանը կատարել, այն ժամանակ մարդը վարձի չի արժանանա և անասունների աստիճանի կիջնի ու կստորանա:
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր: