Մարդու մարմնի մահը բնական է, քանզի մարմինը իրար հակառակ չորս տարրերից է բաղկացած: Բայց հոգին մասերից բաղկացած չլինելով` պարզ գոյացություն է, հետևաբար անկարելի է, որ մարդկային հոգին մահանա, և [այն] ընդունակ է և [նրան] հարմար է Աստծո շնորհներով առաքինություն գործելով հավիտենական կյանքին հասնել (Հռոմ Զ 23), բայց նա, ով մահացու մեղք է գործում, պարգևված շնորհը կորցնում է և առանց շնորհի արքայություն մտնելու հարմարություն [արժանիք] չմնալով՝ հոգով որպես հավիտենական մահացած է համարվում:
Հայր Եսայիասն ասաց. «Մեծ և պատվական գործ է հպարտության դեմ հաղթանակ տանելը և դեպի աստվածգիտություն դառնալը, որովհետև ովքեր ընկնում են ամբարտավանության չար ախտի ձեռքը, օտարանում են հեզությունից, նրանց սիրտը խստանում է սրբերի հանդեպ և ընկնում են բոլոր չարիքների մոր գիրկը, որ ամբարտավանությունն է: