«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Պատմության այդ սրընթաց ակնթարթը, Լաչինի միջանցքի բացման հաջող ռազմագործողությունը հանգեցրին Արցախի Հանրապետության շրջափակման օղակի ճեղքմանը, ինչո՞ւ չէ, նաև կյանքի ճանապարհի բացմանը, հետևաբար և արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու կեսի գործնական միավորմանը:
Շուշիի ռազմագործողությունն առ ոչինչ է դարձրել այսպես կոչված Ադրբեջանի` արցախյան հողատարածքի նկատմամբ առանց այդ էլ անհիմն իրավունքներն ու հավակնությունները: Այդ մասին, թեև տհաճությամբ, խոսել և խոստովանել են անգամ ադրբեջանցիները: Շուշիի ազատագրումը նպաստել է մեր ժողովրդի մարտական ոգու բարձրացմանը, վերջնականապես ամրագրել թվաքանակով ու միջոցներով գերակշռություն ունեցող հակառակորդի դեմ սեփական ուժերով հաղթանակ տանելու վճռականությունը: Մյուս կողմից, խորտակիչ բարոյահոգեբանական հարված հասցվեց հակառակորդին, որն այդպես էլ չկարողացավ հետագա մարտական գործողությունների ընթացքում, ունեցած մարտավարական ու նույնիսկ ռազմավարական բնույթի ժամանակավոր հաջողություններով հանդերձ, հաղթահարել պարտվածի բարդույթը:
Շուշիի հաղթանակի հաղորդած համընդհանուր լիցքը, այդ կարևոր հաղթանակը կորցնելու տագնապը օգնեցին Արցախի հայ ազգաբնակչությանը դիմանալու, տոկալու հակառակորդի` 1992թ. հունիսի 12-ի լայնածավալ ագրեսիային, Շահումյանի ու Մարտակերտի անկմանը, մայրաքաղաքի ու մյուս խաղաղ բնակավայրերի անողոք ռմբահարումներին ու հրթիռահրետակոծություններին հաջորդած անլուր տառապանքներին ու զրկանքներին:
Շուշիի ռազմագործողությունը, փաստորեն, առանձին գործող ինքնապաշտպանական ջոկատներից Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի` նոր հաստիքակազմակերպական կառուցվածքի անցման և արագ զարգացման փուլի սկիզբն էր: Անկասկած, Շուշիի ազատագրումը կարևոր հանգրվան էր Արցախում կանոնավոր զինված ուժեր ստեղծելու և, ընդհանրապես, ռազմական շինարարության համար: Ուստի մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման օրը նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օր է հռչակվել և մեծ շուքով տոնվել էթե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում և՛ թե սփյուռքում մինչև 2020թ. աշնանային կապիտուլյացիան:
1992 թվականի հունիսի 4-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի նախօրյակին ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ի՞նչն էր առաջնահերթն ու կարևորը այդ ժամանակ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի համար:
«Ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի բանակի մասին օրենքի ընդունումը,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: -Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում: Երբեք չպետք է ինքնահանգստանալ: Ես գտնում եմ, որ պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որ հստակվի ԼՂՀ-ի պաշտպանական ուժերի մեջ մտնող մարտիկների կարգավիճակը: Առայժմ հայտնի չէ՝ նրանք կամավո՞ր են, թե՞ վարձու, ո՞վ է ենթակա զինակոչի և այլն: Մեզ պետք է օրենք բանակի մասին, որպեսզի իսկական ժամանակակից բանակ ստեղծենք»:
Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից