ՔՊ-ականներին՝ «նաղդ» միլիոններ, թոշակառուներին` «նիսյա» խոստումներ

Քաղաքացիների վճարած հարկերի հաշվին տարեմուտին պետական պաշտոնյաներին ճոխ պարգևավճարներ բաժանող իշխանությունները 10 կամ 20 հազար դրամով թոշակները բարձրացնելը շռայլություն են համարում թոշակառուների համար։ Իրենց կարելի է միլիոններ ստանալ, իսկ 10 կամ 20 հազար դրամն ավելորդ են համարում թոշակառուի համար։

Ազգային ժողովի պատգամավորներին 3 մլն դրամ պարգևավճար տալու վրա էինք զարմանում, պարզվում է, կառավարությունում շատ ավելի շռայլ ու առատաձեռն են գտնվել իրենք իրենց նկատմամբ։ Տեղեկությունները հաստատվում են, որ տարեմուտին նախարարներին ընդհուպ 7-9 մլն դրամ պարգևավճար են վճարել։ Խոսքը 18-23 հազար դոլարի մասին է։

Այդ նույն տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան հավելավճարը կազմել է գրեթե 12 մլն դրամ։ Ու եթե այդպես է, նշանակում է՝ նա պետական բյուջեից ստացել է ավելի քան 31 հազար դոլար, մինչդեռ՝ անիմաստ է համարում թոշակառուին 10 հազար դրամ ավել թոշակ տալը։

Պակաս պարգևավճարներ չեն ստացել նաև մյուս բարձրաստիճան ու միջին դասի պաշտոնյաները։ Կրկին խոսքը միլիոնավոր դրամների մասին է։

Կարդացեք նաև

Իհարկե, հասարակ աշխատողներին էլ են պարգևավճար տվել, բայց շատ դեպքերում՝ ձևի համար, ցույց տալու, որ միայն իրենք չեն պարգևավճարներ ստացել։

Ընդհանուր առմամբ, թե տարեմուտին ինչքան պարգևավճար են բաժանել, հստակ որևէ թիվ չկա։ Բայց խոսքը հաստատապես միլիարդավոր դրամների մասին է։ Միայն Ազգային ժողովի պատգամավորների 3 միլիոնանոց փոխանցումները պետության վրա նստեց 300 մլն դրամից ավելի։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին դեկտեմբերին վճարվել է 380 մլն դրամից ավելի պարգևավճար։

Հիմա այս թվերը տարածեք մյուս պետական մարմինների վրա ու կտեսնեք, թե ինչ հսկայական գումարների մասին է խոսքը։ Գումարներ, որոնք դուրս են եկել պետական բյուջեից ու մտել հիմնականում պաշտոնյաների գրպանները։

Նախորդ տարվա վերջին պետական պաշտոնյաներին, պարգևավճարներից զատ, նաև խրախուսելու անվան տակ լրացուցիչ 3.5 մլրդ դրամ հատկացրեցին։

Այսպես պետության գրպանից պաշտոնյաներին միլիոնների հասնող պարգևավճարներ են բաժանում, իսկ թոշակառուներին ծաղրի առարկա են դարձրել։ Ասում են՝ նրանց ինչի՞ն է պետք թոշակները 10 կամ 20 հազար դրամով բարձրացնելը, միևնույն է, դրանով ոչ մի խնդիր չեն կարողանալու լուծել, ծախսելու ձևը չգիտեն, իրենք ավելի լավ գիտեն, թե ինչպես ծախսեն թոշակառուների փողերը։ Դրա համար էլ փողը ոչ թե թոշակառուին են տալիս, այլ իրենք են որոշում ինչպես ծախսել։

Մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից իրեն ճղում էր, որ այստեղ-այնտեղ ծախսելու ու արտոնություններ տալու փոխարեն, փողը պետք է տալ թոշակառուներին, որպեսզի գնան, իրենց «նիսյաները» փակեն։ Հիմա արդեն համարում է, որ թոշակառուին փող տալու կարիք չկա, իրենք ավելի լավ գիտեն, թե ինչի վրա ծախսեն այն փողը, որը պիտի տան թոշակառուին։ Մոռացել է, երբ ասում էր՝ էդ տատիկ-պապիկները 100 հազար դրամներով «նիսյաներ» ունեն իրենց խանութներում, փողը տվեք էդ մարդկանց, թող գնան, իրենց «նիսյաները» փակեն։

Թե՞ կարծում է, այնքան է բարելավել թոշակառուների կյանքը, որ նրանք այլևս «նիսյաներ» չունեն։

Իրենց միլիոնների պարգևավճարներ բաժանող այսօրվա կառավարիչներն այնքան են լկտիացել, որ թոշակառուներին փորձում են համոզել, թե թոշակների բարձրացումը ոչ մի խնդիր չի լուծի նրանց  կյանքում։

«Եթե մենք մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքն իր առողջապահական խնդիրները կարողանալո՞ւ է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել։ Ո՛չ, չի կարողանալու։ Դրա համար մենք ասեցինք՝ եկեք ոչ թե թոշակն ավելացնենք, այլ առողջապահության համակարգ ներդնենք։ Դրանով մենք 65 տարեկանից բարձր տարիքի թոշակառուների ավելացրած թոշակը, առանց իրենց հարցնելու, դնում ենք այնտեղ, բայց իրենք այնտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքն իրենք, իհարկե, կունենան։

Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որ մենք իրենց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք և դնում ենք իրենց առողջության համակարգի վրա»,- առողջության ապահովագրության ներդրումն այսպես էր փորձում թոշակառուների վրա ծախել Նիկոլ Փաշինյանը, երբ դրանով թոշակառուի կյանքում իրականում ոչինչ էլ չի փոխվում։

Նույն ծառայությունները, որ նախկինում էլ էին ստանում պետության հաշվին, այսուհետ կստանան առողջության ապահովագրության անվան տակ։ Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը, սպասվող ընտրություններին ընդառաջ, հնարավորություն կունենա հայտարարել, թե թոշակներն անուղղակիորեն 11 հազար դրամով բարձրացրել են։ Գումարն առձեռն չեն տվել թոշակառուին, որովհետև նրա առողջությունն են ապահովագրել, ինչն ավելի կարևոր է, քան այն 11 հազար դրամը, որը պիտի ուղղակի տային թոշակառուին։ Միևնույն է՝ այդ 11 հազար դրամը չէին կարողանալու ճիշտ ծախսել։

Վերջերս ավելի առաջ գնաց ու հայտարարեց, թե կարող են 20 հազար դրամով բարձրացնել թոշակները, բայց չեն անում, որովհետև դա էլ բան չի փոխելու թոշակառուի կյանքում։ Ասում է, եթե հիմա թոշակառուն 50 հազար դրամից 27 հազարն է ծախսում տան ջեռուցման վրա, այն ժամանակ կծախսի 35 հազար դրամ, բայց տունը էլի չի տաքանա։ Ու քանի որ տունը, միևնույն է, չի տաքանա, ի՞նչ իմաստ ունի թոշակները բարձրացնելը։ Առանց բարձրացնելու էլ, բարձրացնելով էլ՝ մեկ է, չի տաքանա։

Այսպիսի բառախաղերով էլ խաբում ու մոլորեցնում են թոշակառուներին։ Այսօր ասում են՝ առողջության ապահովագրության միջոցով ենք թոշակները բարձրացրել, վաղն էլ կասեն՝ ասֆալտ անելով, ջրագիծ անցկացնելով, դպրոց ու մանկապարտեզ կառուցելով ենք բարձրացրել։

Տարիներ շարունակ թոշակառուն փաստացի ոչինչ չի ստանում, բայց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին լսելիս, տպավորություն է, որ թոշակները մի հանգի «բարձրանում են»։ «Բարձրանում են», բայց 3 տարի է՝ նվազագույն կենսաթոշակը՝ ընդամենը 36 հազար, իսկ միջին կենսաթոշակը՝ 49 հազար դրամ է։ Թե այս գումարով, առավել ևս՝ 27-28 հազար դրամի ջեռուցման փող վճարող թոշակառուն քանի օր կարող է ապրել, Հայաստանի այսօրվա կառավարիչներին, ինչպես տեսնում ենք, քիչ է մտահոգում։ Նրանց համար առաջնայինն իրենք են ու իրենց գրպանի պարունակությունը։ Դրա համար էլ թոշակները 10 կամ 20 հազար դրամով չեն բարձրացնում, բայց իրենց միլիոնների պարգևավճարներից չեն զրկում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս