Կառավարության 100 օրը՝ տնտեսական ցուցանիշների տեսքով
Նորաստեղծ կառավարության գործունեության առաջին ամփոփումը, սովորաբար, կատարվում է 100 օրվա շրջանակներում: Անշուշտ, 100 օրը քիչ ժամանակահատված է կառավարության գործունեության, մասնավորապես՝ տնտեսական քաղաքականության արդյունավետության գնահատման համար։ Այնուհանդերձ, այդ ընթացքում արձանագրված ցուցանիշները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել նախնական վիճակի վերաբերյալ։
Տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ)
2018թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ արագանալով 3.8 տոկոսային կետով և հունվար-մայիսի նկատմամբ արագանալով 0.2 տոկոսային կետով: ՏԱՑ-ի աճը պայմանավորված է եղել բոլոր ճյուղերի դրական միտումներով, սակայն ամենամեծ աճ արձանագրել է ծառայությունների ոլորտը՝ 6.0%: Արդյունաբերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7%-ով, ծառայությունները՝ 18․1%-ով, առևտուրը՝ 9.1%-ով, շինարարությունը՝ 13.5%-ով, գյուղատնտեսությունը՝ 5.5%-ով: Հարկ է նշել, որ նկատվում է արդյունաբերության աճի դանդաղում, ինչը պայմանավորված է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման նվազումով: Ավելի պատկերավոր ներկայացնելու համար տեսնենք՝ ինչպես է փոխվել տնտեսական ակտիվությունը յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-2018
Ապրիլ-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշի փոքր-ինչ նվազումը համընկել է երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Սակայն մայիսին ՏԱՑ-ը թռիչքաձև աճել է արդեն 10.6%-ով: Այս կտրուկ աճն ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ տնտեսական աճի տեմպը սկսում է նոր թափ հավաքել։
Միգրացիա
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ սահմանահատումների բացասական հաշվեկշիռը 6 անգամ նվազել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և սա շնորհիվ մուտքային սահմանահատումների թվի ավելացման։ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին մուտքային սահմանահատումների թիվն ավելացել է մոտ 10%-ով, միևնույն ժամանակ ելքային սահմանահատումների թիվն ավելացել է 7%-ով: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի հունվար-հունիսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ելքային սահմանահատումների ցուցանիշը գրանցել էր 21% աճ։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2018թ. հունվար-հունիսին օդային ուղևորահոսքի հաշվեկշիռը դրական է եղել. Հայաստան ժամանածների թիվը 21.4 հազարով գերազանցել է մեկնողների թվին: 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գործող երկու օդանավակայանների միջոցով Հայաստան է ժամանել 614 178 մարդ, մեկնել՝ 592 774 մարդ։ Հատկանշական է, որ վերջին տարիներին կիսամյակի կտրվածքով նման ցուցանիշ չի արձանագրվել։
Արտաքին առևտրաշրջանառություն
Կիսամյակի կտրվածքով արտաքին առևտրի պատկերն այսպիսին է. ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականի առաջին կիսամյակում կազմել է 3 մլրդ 476.1 մլն դոլար, որը 28.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ մայիս և հունիս ամիսներին արտահանման աճի տեմպը կազմել է համապատասխանաբար՝ 20.6% և 6.7%: Հունիս ամսվա արտահանման աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայի պղնձի գնային գործոնով։ Ներմուծման աճը տարվա առաջին ամիսներին դանդաղել է։
Զբոսաշրջություն
Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 10.2%-ով: Զբոսաշրջիկների թվի աճին նպաստող գլխավոր գործոնը եղել է Հայաստանի նկատմամբ ուշադրության և հետաքրքրության ավելացումը: Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը գտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում օտարերկրացիների մոտ երկրի հանդեպ հետաքրքրությունն աճել է, ինչն ինքնին նոր հեռանկարներ է ստեղծել զբոսաշրջության զարգացման ոլորտում: Թեև արձանագրվել է աճ, սակայն ոլորտի աճի տեմպը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, քանի որ առկա են էական խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի զբոսաշրջային մրցունակության վրա: Ներկայիս աճի տեմպը բավարար չէ զարգացման առկա պոտենցիալի յուրացման և շոշափելի սոցիալ-տնտեսական արդյունք ստանալու համար։ Թռիչքային զարգացումը կարող է ապահովվել ռազմավարության, հստակ թիրախների ընտրության, և գործուն ծրագրի սահմանման ու իրագործման միջոցով:
Միևնույն ժամանակ պետք է նկատենք, որ առկա են որոշ բացթողումներ կառավարության տնտեսական քաղաքականության մշակման և կանոնակարգման աշխատանքներում։ Այստեղ պետք է հստակ տեսանելի լինեն կառավարության որդեգրած քաղաքականության շեշտադրումները, որոնք իրենց առջև կունենան քայլերի նախասահմանված հաջորդականություն ու կոնկրետ նպատակներ։ Հարկ է ընդգծել, որ հենց տնտեսական քաղաքականության անորոշության պատճառով է, որ որոշ առանցքային խնդիրներ, ինչպիսին է օրինակ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը, տևական ժամանակ մնացել է առկախված։
Ի հավելումն ներկայացված տնտեսական ցուցանիշների, անհրաժեշտ է նկատել, որ չնայած իրականացվող համակարգային փոփոխություններին, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանից կապիտալի էական արտահոսք չի եղել, և միաժամանակ կարող ենք փաստել, որ երկրում բարելավվել է գործարար միջավայրը:
Այս ընթացքում իրականացվել են մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովման, հարկային օրենսգրքի փոփոխության, ՓՄՁ-ների գործունեության համար բարենպաստ միջավայրի ապահովման, ներդրումային գրավիչ միջավայր ստեղծելու հետ կապված մի շարք միջոցառումներ, որոնք երկարաժամկետում կապահովեն այդքան սպասված դրական էֆեկտները բնակչության կյանքի որակի բարելավման վրա։ Բնականաբար, կարճաժամկետում ներդրումային գրավչության բարելավմանն ուղղած կառավարության ջանքերը շոշափելի արդյունքեր չեն կարող գրանցել, սակայն երկարաժամկետում, միանշանակ, բարենպաստ զարգացումներ կարելի է ակնկալել։
Խոշոր հաշվով՝ Հայաստանի կառավարությունը 100-օրվա գործունեության ընթացքում լուծել է հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը:
Մերի Հովսեփյան