«Ղարաբաղյան հակամարտության գոտու առաջիկա վտանգը պատերազմական գործողությունների վերսկսումն է». վերլուծաբան

«Թյուր կարծիք է, որ համանախագահները կարող են անել ավելին, սակայն չեն անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում տեղի ունեցող զարգացումներին և միտումներին:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախնական համաձայնություն ունեն հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում:

Սա կլինի նախարարների ներկայիս կազմով երկրորդ հանդիպումը հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո: Նշենք նաև, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել էր, որ մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը:

«Դա ընդհանրապես անընդունելի է, և նման առաջարկով հանդես եկող երկիրն անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից՝  այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից»,- պնդել էր Ադրբեջանի նախագահը: Ալիևը նշել էր, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, և, որ Ադրբեջանում ևս խաղաղություն են ուզում: «Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը և հավելել,- Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները՝ է՛լ ավելի ցնցելու Հայաստանը»:

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները հակամարտող կողմերի դիրքորոշումներում և սպասումներում փոփոխություններ մտցրեցին: Ըստ նրա՝ Ադրբեջանը որոշեց մեծացնել ճնշումը շփման գծում, հայտարարություններում, դիվանագիտական գործընթացում, տեղեկատվական ոլորտում՝  գործի դնելով փորձագիտական կարծիքներ, տեղեկություններ նախորդ իշխանությունների զիջումների պատրաստակամության մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ՀՀ նոր իշխանություններին գործընթացի մեջ լիովին ներգրավվելու համար ժամանակ է անհրաժեշտ, կա հայտարարված գլխավոր նպատակ՝  դա Արցախին բանակցային սեղան վերադարձնելն է, և այս իրավիճակում Ադրբեջանը պահանջում է միանգամից սկսել բանակցություն տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու թեմայով՝ բացառելով Արցախի մասնակցությունը, ինչը, բնականաբար, գործընթացը փակուղի է մտցրել:

«Բնականաբար, ադրբեջանական կողմի բոլոր հայտարարություններից երևում է, որ Ադրբեջանը պահանջում է միակողմանի զիջումներ: Մերժում է պաշտոնական Երևանի առաջ քաշած դիրքորոշումն Արցախի մասնակցության վերաբերյալ, նման դիրքորոշումների պարագայում և հասկանալով նաև այն, որ ՀՀ նոր իշխանությունները չեն կարող գնալ միակողմանի զիջումների, բանակցային գործընթացը որևէ դրական արդյունք, ցավոք սրտի, չի խոստանում, ինչը նշանակում է, որ ճնշումը շփման գծում կարող է էլ ավելի մեծանալ՝ հանգեցնելով անցանկալի սցենարների՝  իրավիճակի կտրուկ լարման:

Եվ ինչն է վտանգավորը, որ այս անգամ այդ իրավիճակը կարող է տարածվել նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Նախիջևանից, որտեղ Թուրքիան ու Իրանը շահեր ունեն, Հայաստանի սահմանն արդեն ՀԱՊԿ տարածք է: Իրադարձությունների նման զարգացման դեպքում ամեն բան շատ ավելի բարդ է լինելու ոչ միայն ռազմական, այլև քաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով ներգրավված կողմերի քանակը ու նրանց բոլորի շահերը:

Այս սցենարը, բնականաբար, չպետք է բացառել, դրան պետք է պատրաստ լինել՝ զուգահեռաբար բանակցությունների ընթացքում ելքեր փնտրելով: Բարդությունն այն է, որ կողմերը ոչ մի համաձայնության չկարողացան գալ բանակցային գործընթացում ընդհանուր օրակարգի ձևավորման շուրջ: Եվ այսօր յուրաքանչյուրն ունի բանակցային իր օրակարգը, որոնք դատապարտված են անհաջողության: Կողմերը գոնե պետք է համաձայնեին առաջ ընթանալ միջնորդների օրակարգով՝  հետագայում ընդլայնելով բանակցությունների թեման և շրջանակները»,- ասաց Մաքֆարլեյնը:

Նրա խոսքով, միջնորդներն անում են առավելագույնը, ինչ կարող են, որպես միջնորդներ՝  առաջարկում են հանդիպել, կազմակերպում հանդիպումները, հարթակներ տրամադրում, մթնոլորտ ստեղծում, հայտարարություններով, հարցազրույցներով են գալիս, մնացած աշխատանքը հակամարտող կողմերինն է: «Թյուր կարծիք է, որ համանախագահները կարող են անել ավելին, սակայն չեն անում: Միջնորդներն իրականացնում են իրենց միջնորդական առաքելությունը, այլ հարց է, որ դա չի տալիս արդյունք, քանի որ կողմերը հակված չեն զիջումներ կատարել և համաձայնության գալ մի քանի հարցի շուրջ: Սա այնպիսի բարդության հարց է, որ որևէ միջնորդ չի կարող համարձակվել որոշում կամ հանդիպում պարտադրել կողմերին, քանի որ վերաբերում է պետությունների ճակատագրին, չավարտված պատերազմին ու տարածքայի հակամարտությանը, սկզբունքներին, որոնք գերտերություններից յուրաքանչյուրը մեկնաբանում է այնպես, ինչպես ցանկանում է»,- ասաց Մաքֆարլեյնը:

Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության գոտու առաջիկա վտանգը պատերազմական գործողությունների վերսկսումն է: «Կողմերը պետք է հասկանան, որ որքան էլ լավ զինված լինեն, պատերազմը կարող է տարածաշրջանի համար անդառնալի հետևանքներ ունենալ երկու կողմի համար, քանի որ երկու կողմն էլ զինված է, բարձր ռազմական պատրաստականությամբ հանդերձ»,- ասաց Մաքֆարլեյնը:

Ինչ վերաբերում է սպառնալիքի դեպքում միջնորդ երկրների հնարավոր միջամտությանը, ապա Մաքֆարլեյնն ասաց, որ միջնորդները և համանախագահ երկրների ղեկավարություններն իրենց դրական միջամտությունն ունենալու են: «Ապրիլյան պատերազմի ժամանակ համաձայնություն եղավ՝ Ռուսաստանին թույլ տալ հանդես գալ՝ որպես պատերազմը կանխարգելող կողմ, գուցե ապագայում այլ կենտրոն ստանձնի այդ պատասխանատվությունը: Բայց այնուամենայնիվ դա երաշխիք չէ, քանի որ պատերազմն անկանխատեսելի ու անվերահսկելի սցենար է, կողմերն իրենք պետք է հետևություններ անեն և ռիսկի չդիմեն»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս