Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին
Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի նախնական նիստը կայացել է օգոստոսի 1-ին, ուրվագծվել է աշխատանքների կազմակերպման ձևաչափը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
«Խումբը դեռ նոր է ձևավորվել, երեկ նախնական նիստ ենք արել, դա անգամ առաջին նիստ էլ չի համարվում, որտեղ ուրվագծեցինք աշխատանքների կազմակերպման ընդհանուր ձևաչափը: Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ շաբաթվա վերջին՝ հինգշաբթի կամ ուրբաթ օրը, կլինի առաջին նիստը, որից հետո արդեն կսկսվի աշխատանքների կազմակերպումը»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:
Արթուր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ առաջին նիստից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում փաստահավաք խումբը պետք է ավարտի իր աշխատանքներն ու ամփոփի գործունեությունը:
Փաստահավաք խմբի կազմում ներգրավված են համայնքների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու փորձագետներ: