Բաժիններ՝

Հաստատվել են ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

Հաստատվել են ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը:

Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հատկացնել  օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, 49-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը,  11-ը՝ ՀՀ պաաշտպանության նախարարությանը և 28 տեղ՝ ինտերնատուրայի համար:

Գործադիրի որոշմամբ «Հ. Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի: Հիմնավորման համաձայն՝ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինարենի խորացված ուսուցմանը ծրագրերի իրականացման համար տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը:

Արդյունքում՝ հիմնադրամի կարգավիճակ ստացած դպրոցը կդառնա տեխնիկապես հագեցած չինական  թեքումով հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանցի առաջին օղակը և  չինական ուսուցմամբ  դպրոցների ուսումնամեթոդական կենտրոնը, ուր վերապատրաստումներ կանցնեն   չինարենի ուսուցման  ուսուցիչները:

Դպրոցի սովորողները և շրջանավարտները խորությամբ կտիրապետեն հայոց և չինարեն  լեզուներին, կծանոթանան Հայաստանի և Չինաստանի մշակույթին, աշխարհագրությանը: Նրանք հանգամանորեն կուսումնասիրեն հայ և չինական մշակույթի և քաղաքակրթության նվաճումները: Դպրոցում  մշտապես կգործի ամառային դպրոց, որտեղ Չինաստանի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաների մասնակցությամբ կանցկացվեն օլիմպիադաներ, հետազոտական աշխատանքներ, արշավներ և այլ միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս