Բաժիններ՝

Նրանց նաբի կոչեցին, այսինքն` խոսող

Ինչ կասե՞ք կամ ինչպե՞ս կարձագանքեք, երբ անծանոթ մեկը կամ հենց ձեր հարազատն ասի՝ Աստված խոսել է ինձ հետ:

Շատերս ենք երազում խոսել Նրա հետ, տալ մեզ հուզող հարցերը, բայց մոռանում ենք լսել Նրան: Եղան մարդիկ ովքեր լսեցին և Աստված խոսեց նրանց հետ: Եվ նրանց կոչեցին նաբի, այսինքն խոսող:

Հրեաները մարգարեներին nabi (նաբի) էին կոչում: Մարգարեները կարևոր դեր են խաղացել աստվածաշնչային պատմության մեջ։ Նրանք կանչվել են Աստծո կողմից և խոսում են Նրա անունից և իրենց ասելիքը սկսում այսպես. «Տերն ասում է…»։

Ինչպե՞ս հավատալ, որ մարգարեն ճշմարիտ է և փոխանցում է Տիրոջ խոսքը:

Մարգարեներն իրենց՝ Աստծու կողմից կանչված լինելու իսկությունն ապացուցում էին Աստծու զորությամբ կատարվող մեծ հրաշագործությունների միջոցով: Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել նրանց ապրած կյանքին: Նրանք ճշմարտության քարոզիչներ էին, բայց բոլորս գիտենք, որ մարդիկ ճշմարտությունը լսել չեն ցանկանում: Իրական մարգարեն պատրաստ էր նահատակվելու հանուն ճշմարտության և Աստծո փառքի: Իսկ կեղծ մարգարեն երբեք Աստծո փառքը չի փնտրում, առավելևս հանուն ճշմարտության չի նահատակվի:Եթե մտածում եք ինչպես ճանաչել իրական մարգարեին՝ նայեք նրա կյանքի օրինակին. հալածանք, քարկոծում, տանջանք և չարչարանքներ: Սուգ ոչ թե սեփական անձի, այլ՝ սեփական ժողովրդի համար: Նա վտանգում է իր անձը հազարավորներին փրկելու համար:

Ճշմարտությունը լսելը հաճելի չէ շատերին, քանի որ իմանալ ճշմարտությունը, նշանակում է ընդունել այն և պատասխանատվություն կրել:

Ո՞վ է այդչափ համարձակ, որ հալածանքի ենթարկվի հանուն ճշմարտության:

Մարգարեներին բացառիկ դեր էր վերապահված Հին կտակարանում: Նրանց խոսքն ու գործը որոշիչ նշանակություն է ունեցել հրեաների կյանքում: Մարգարեները կոչված էին հրապարակելու Աստծո հրահանգները, կարգադրություններն ու վճիռները (Դ Թագ. 4.22, 17.13, Երեմ. 25.4):Աստծու պատգամները Նրա ժողովրդին հաղորդելը մարգարեների պարտականությունն էր։ Սա հաճախ նշանակում էր հռչակել Աստծու վճիռն աշխարհում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության մասին՝ ցույց տալով, թե Աստված ինչ է անում կամ պատրաստվում անել՝ եղածը կարգի բերելու համար։

Մարգարեի պատասխանատվությունն է՝ մարդկանց հայտնի դարձնել Աստծո կամքը և Նրա էությունը, ցույց տալ այն գործերի իմաստը, որոնք Տերը կատարում է մարդկանց փրկության համար: Մարգարեն դատապարտում է մեղքը և կանխավ ասում է հետևանքների մասին: Նա արդարության քարոզիչ է:

Ոգեշնչվելով Աստծուց` մարգարեները անվախորեն դատափետում էին Օրենքի բոլոր խախտողներին: Նրանք քաջաբար հակադրվում էին մեղքին՝ ուղղելով քրիստոնյաների հայացքը Միակ Ճշմարիտ Աստծուն: Հենց որ նրանք տեսնում էին բարոյականության անկում, անմիջապես լցվում էին զորությամբ` հայտարարելու դրա մասին: Ամեն անօրենի ջանում էին բերել ճշմարիտ ուղու և փրկության:

Մարգարեները գուշակներ չեն

Մարգարեները գուշակներ չեն, նրանք Աստծո խոսքի փոխանցողներն են, իսկ ապագայում կատարվելիք իրողությունների մասին խոսում են ներկա ժամանակով: Այնպես, կարծես, այն, ինչ նա տեսնում է, որ պետք է կատարվի դարեր հետո, դա արդեն իրական է: Մարգարեությունները անհատական բնույթ չունեին, դրանք ժողովրդի փրկության համար էին:

Ոչ միայն դատափետում էին անբարոյականությունը, այլ նաև մատնանշում էին բժշկվելու միջոցները. վերականգնել կապը Աստծո հետ, Ով հավետ չի բարկանում, այլ սիրում է… (Միք. 7:18):

«Սկզբից էր Խոսքը: Եվ Խոսքը Աստծո մոտ էր և Խոսքը Աստված էր» (Հովհ.1.1,4)։ Աստված մեկ խոսքով ստեղծեց աշխարհը: Մեկ խոսքը դարձավ ամեն բանի սկիզբ, այդ պատճառով կարևորվեց խոսքն ու դրա ազդեցությունը: Բայց Աստված չմենախոսեց, նա մարդուն դարձրեց զրուցակից` նրա խոսքին ևս զորություն տալով:

Յուրաքանչյուր քրիստոնյա մկրտությամբ ստանում է առաքելություն լսել Տիրոջ խոսքը և փոխանցել այն մյուսներին: Խորքում մենք բոլորս մարգարեներ ենք, քարոզիչներ և Աստծո խոսքը փոխանցողներ:

Խոսքը քրիստոնյայի համար դառնում է և՛ առաքելություն, և՛ գործիք: Ինչպես մեծ աստվածաշնչյան մարգարեները գիտեին հանդիմանել, սակայն գիտեին նաև, թե ինչպես լայն բացել դռները հույսի առաջ, ցույց տալ ճանապարհը:

Հասմիկ Թամամյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս