«Ես Կարեն Կարապետյանին ասել էի՝ կարող ես կանցլեր դառնալ, բայց նա դարձավ կաշառակեր». Լևոն Շիրինյան

«Նախ՝ տեխնոլոգիական զարգացումները պետք է օգտագործել։ Հայաստանը, պարզ է, որ այս՝ Չորրորդ Հանրապետության շրջանում գիտակցաբար գնում է արդյունաբերության, գիտության և մշակույթի վերականգնմանը։ Իսկ Գերմանիան դրա առաջատարն է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի սպասվող այցի մասին՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ-ի ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։

Շիրինյանի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե Հայաստանը որդեգրի Գերմանիայի կանցլերական դեմոկրատիան. «Ավստրիայի քաղաքական համակարգից փորձառություն վերցնենք, դրանք կատարյալ լավ պետություններ են, մեր պետականության  զարգացմանը համահունչ են։ Շատ կարևոր է նաև գերմանական մշակույթի հետ նախկինի պես փոխհարաբերվելը։ Առիթը պետք է օգտագործել»։

Հարցին՝ կանցլերական դեմոկրատիայի կիրառումը Հայաստանում ինչպե՞ս է տեսնում, նա այսպես պատասխանեց. «Պառլամենտական պետություն ենք, և կամքի առկայության պայմաններում 100 տոկոսով դա հնարավոր է. ես արտագրության մասին չեմ խոսում, այլ՝ պետական կառույցի մոդելով Հայաստանը վերակառուցելու։ Ես Կարեն Կարապետյանին ասել էի՝ կարող ես կանցլեր դառնալ, բայց նա դարձավ կաշառակեր։ Բայց մեր ժողովրդի կամքը տեսաք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս