«Հայկական կողմն աշխարհի կարևոր կենտրոնի հետ հանդիպեց ոչ թե վախեցողի կամ այլ ուժի ներկայացուցչի, այլ իր անձնական դիրքերից». Ռուբեն Սաֆրաստյան

«Հայաստանը սկսում է այնպիսի քաղաքական գիծ որդեգրել, որը կարող է հետագայում մեզ ապահովել տարածաշրջանում մեր ուրույն տեղը։ Այն բառակազմը, լեզուն, որ օգտագործվեց բրյուսելյան հանդիպումների ժամանակ, արտահայտում է մեր ինքնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետը կարևորում է այն, որ հայկական կողմն աշխարհի կարևոր կենտրոնի հետ հանդիպեց ոչ թե վախեցողի կամ այլ ուժի ներկայացուցչի դիրքերից, այլ իր անձնական դիրքերից.

«Եթե մենք կարողանանք այս քաղաքական գիծը շարունակել, կհասնենք արտաքին քաղաքականության մեջ տեսանելիության։ Սովորաբար, փոքր պետությունները, որոնց դաշնակիցները մեծ պետություններն են, արտաքին քաղաքականության մեջ չեն երևում, իսկ մենք պետք է կարողանանք ապահովել մեր ուրույն շահերը, գործելակերպը, դիվանագիտական լեզուն և այդպիսով արտահայտենք մեր ինքնությունը՝ մեր արտաքին քաղաքականության մեջ։ Սա այն ճանապարհն է, որով պետք է ընթանա մեր դիվանագիտությունը»։

Սաֆրաստյանն ընդգծեց՝ բրյուսելյան այցի ժամանակ բավական սահմանափակ ռեսուրսներ օգտագործվեցին.

«Մի քանի օրվա ընթացքում, առանց մեծ նախնական աշխատանքի, հնարավոր եղավ ձեռք բերել ամենակարևորը` ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներն առաջին ձեռքից ստացան ինֆորմացիա Հայաստանում տեղի ունցոեղ ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Սկսում է ստեղծվել Հայաստանի այնպիսի իմիջ, որը, բացի մեր ինքնության արտահայտումից՝ իր մեջ կրում է ժողովրդավարական զարգացումներ ունեցող երկրի իմիջ։ Եթե կարողանանք սա օգտագործել, ապա Ադրբեջանի հետ հարաբերություններում մեծ դիվիդենտներ կբերի»։

Թուրքագետի խոսքով՝ Հայաստանն այն պետությունն է, որը ձգտում, է ոչ թե մեծ պետությունների միջև հակասություններից ձեռքբերումներ ստանալ, այլ ներդաշնակության կողմնակիցն է.

«Եթե աշխարհում քայլեր են տեղի ունենում, որոնք նպաստում են լարվածության թուլացմանը, որ աշխարհի երկու բևեռներն ընդհանուր դաշտ են սկսում ձևավորել, սա բխում է մեր շահերից։ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններն այնպես են սրված, որ դրական գործընթացներ արագ ակնկալելն իմաստ չունի, որոշակի գործընթացի սկիզբ է դրվում, որը դրական եմ գնահատում։ Այս առումով՝ Սիրիայի հետ կապված որոշակի դրական գործընթացներ տեղի կունենան, և եթե համաձայնություն ձեռք բերվի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև՝ սիրիական թնջուկը կարգավորելու առումով, դա կլինի տարածաշրջանի ամենամեծ ձեռքբերումը։ Ես չեմ ակնկալում, որ այս գործընթացը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի գործընթացների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս