«1996թ. ԱԱԾ-ն միայն ծառայում էր նրան, որ Վազգեն Մանուկյանին տրված ձայները դնի Լևոն Տեր-Պետրոսյանի վրա». Կիմ Բալայան

«Վաղեմության ժամկետի խնդիրը քննարկվում է ոչ թե նախաքննության սկզբից, այլ նախաքննության ավարտից։ Չէ՞ որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի պետությանն ասել, որ, եթե ինձ ինչ-որ արարք վերագրում եք, ապացուցեք, որ ես այդ հանցանքը կատարել եմ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե խնդիր չի՞ տեսնում, որ Մարտի 1-ը 2008 թ. է եղել, իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ), որն ուժի մեջ է մտել 2009թ., ասել է, որ ոչ թե ինքն է խնդիր տեսնում, այլ Սահմանադրությունն է տեսնում այդտեղ խնդիր. «Ընդամենն անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը»։

Բալայանն ասաց, որ մարդու իրավունքների տեսանկյունից բոլորն էլ ցանկանում են մաքուր լինել. «Այդ իսկ պատճառով քննությունն ընթանում է, և բացառված չէ, որ քննության ընթացքում հանդես գա այնպիսի երևույթ, որի վրա վաղեմության ժամկետը կտարածվի տասը տարի հետո։ Այսինքն՝ նախնական քննություն է, նրան չեն դատապարտել այդ հոդվածով, որ ասենք՝ դատապարտեցին՝ առանց հաշվի առնելու քրեական օրենսդրության պահանջները»։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի գործին, պաշտոնաթող դատավորն ասաց, որ այդտեղ ևս խախտում չի եղել. «Սահմանադրությունը բավականին հստակ արձանագրել է, որ անձեռնմխելի անձին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել միայն ԱԺ համաձայնության պարագայում, բայց միևնույն ժամանակ գրված է, որ անձին կարող են ձերբակալել, եթե նրան գտել են հանցագործության կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո։ Նրա դեպքում կասկածանքը շարունակվող հանցագործություն է՝ հսկայական զենքի պաշարների խնդիրն օրինական լինել չէր կարող։ Հետևաբար, ձերբակալելու իրավասություն միանշանակ կար։ Սա առաջին դեպքը չէ, շատ օրինակներ են եղել, որ ձերբակալել են, հետո զրկել անձեռնմխելիությունից»։

ԱԱԾ բացահայտումների մասով նա ասաց, որ ոչ դրական բան է տեսնում, որն իներցիայով շարունակվում է. «Իմ խորին համոզմամբ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ, և միայն ազգային անվտանգությանն առնչվող հանցագործությունների պարագայում պետք է նաև հանդես գա։ Բայց քանի որ ավանդական ձևով ԱԱԾ քննչական ծառայությանն ավելի շատ է ժողովուրդը վստահել, քան մյուս քննչական մարմիններին, այդ իսկ պատճառով իներցիայով այսօր ԱԱԾ-ն զբաղվում է նաև այդ հարցերով։ Ես չեմ ասում, որ դրանք ազգային անվտանգությանը սպառնալիքներ չեն, դրանք էլ են սպառնալիք, իհարկե, բայց դա ավելի շատ այլ կառույցների խնդիր է»։

Հարցին՝ կարծիքներ կան, որ ԱԱԾ պետը PR-ի կարիք ունի, դրա համար է վերջին բացահայտումները հենց այդ կառույցն անում, նա պատասխանեց, որ ՀՀ-ում հիմա ցանկացած պետական մարմին PR-ի կարիք ունի. «Ժողովուրդը պետք է նրան կարողանա ընդունել նոր կարգավիճակով, իսկ ժողովրդի համար դժվար է, որովհետև մեծամասամբ նույն անձինք են իր աչքի առաջ։ Նույն այսօրվա ոստիկանապետը, որին մենք ճանաչել ենք հիմնականում միտինգներից՝ որպես իշխանության ներկայացուցիչ։ Այս հոգեբանական պահն էլ կա, իրենց անունը մաքրելու կարիք ունեն։ Բայց այն, որ այսօր դրական լուրջ փոփոխություններ կան, ակնհայտ է։ Այսօր փողոցում ոչ ոքի անտեղի չեն կանգնեցնում»։

Պաշտոնաթող դատավորը վստահ է, որ ստեղծված իրավիճակը չի հանգեցնի ամենաթողության. «Երբ մարդուն ազատություն ես տալիս, նրա ինքնազսպման մեխանիզմն է սկսում ավելի լավ աշխատել։ Այսօր քաղաքական պարտականություն չենք դնում նույն Ոստիկանության, ԱԱԾ-ի վրա, իսկ նախկինում այդպես չէր։ Ես անձամբ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ տեսել եմ, որ ԱԱԾ-ն միայն ծառայում էր նրան, որ Վազգեն Մանուկյանին տրված ձայները դնի Լևոն Տեր-Պետրոսյանի վրա։ Այդպիսի գործարքների մեջ են եղել, և հիմա յուրաքանչյուրս ինքնամաքրման կարիք ունի, այդ թվում՝ նաև պետական մարմինները։ Դրա համար այսօր, եթե դա PR էլ ընկալվի, չի խանգարի, այլ ընդհակառակը՝ կօգնի։ Թող ինքնավստահ զգան, թող ժողովուրդն էլ զգա, որ ոստիկանությունը թալանչիների դեմ պայքարող մարմին է դարձել և իր շահերն է պաշտպանում։ Ամենաթողության կհասցնի անպատժելիությունը, իսկ պատժելիությունը եթե տեղում եղավ, ամենաթողություն չի լինի։ Նախկինում էր անպատժելիության մթնոլորտ»։

Տեսանյութեր

Լրահոս