«Նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք ակնհայտորեն տեսնում եմ». Դավիթ Հարությունյանը՝ բացահայտումների և Սարգսյանների գործի մասին

«Ոչ թե ես եմ խնդիր տեսնում, այլ Սահմանադրությունն է տեսնում այդտեղ խնդիր, ընդամենն անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը։ Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարևոր է պահել ամենօրյա լարվածությունը, բայց ես կարծում եմ՝ դա չի կարելի անել այս գնով։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ այդ բացահայտումներին, թե՛ ընդհանրապես նպատակին։ Շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, ներողություն, դա անթույլատրելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե խնդիր չի՞ տեսնում, որ Մարտի 1-ը 2008 թ. է եղել, իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ), որն ուժի մեջ է մտել 2009թ.։

Ըստ նրա՝ այսօր իրավապահ մարմինները պետք է ավելի աչալուրջ վերաբերվեն իրենց աշխատանքին։ Դ.Հարությունյանը նշեց, որ նախկինում նույնպես եղել են սխալներ իրավապահ մարմինների կողմից, եղել են ձևակերպումներ, որ չպետք է հնչեին. «Հիմա իմ մոտ դեժավյուի տպավորություն է, տպավորությունս այն է, որ ոչինչ չի փոխվել»։

Դ.Հարությունյանը նշեց, որ հանցագործություններ կատարող անձինք միշտ կարող են լինել, և իր վերաբերմունքը հանցագործություն կատարած անձանց՝ չի տարբերվում՝ անկախ նրանից, նրանք հանրապետակա՞ն են, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Հանրապետականը եղել է բազմամարդ կուսակցություն և, բնական է, որ հատկապես լինելով  իշխանական կուսակցություն, այնտեղ խնդիրներն անհամեմատ ավելի շատ են եղել, քան փոքրաթիվ կուսակցությունում։ Դա, նրա բնորոշմամբ, ցավալի երևույթ է, բայց դրանում Հանրապետականը պատասխանատու չէ։

Թե ինչո՞ւ ՀՀԿ-ի իշխանության օրոք բացահայտումներ չէին լինում, ինչպես, օրինակ, օրերս պարզվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով խաղադրույք է կատարվել, Դ.Հարությունյանը պատասխանեց, որ չի կարող ասել, որ այս օրերի նման աղմկահարույց բացահայտումներ եղել են, բայց, այնուամենայնիվ, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են նաև ՀՀԿ անդամներին, այդ մասին չի բարձրաձայնվել, բայց մարդիկ կրել են պատիժներ։

Այսօր քաղաքական կամքի առկայությունը, Դ.Հարությունյանի կարծիքով, ցույց կտա ժամանակը, որովհետև ընթերցելով որոշ տեքստեր՝ իր մոտ հարցեր են ծագում, օրինակ՝ պարզ չէ, թե ո՞րն է վատնումը, երբ ասվում է՝ իր անձնական գումարները մուտքագրել է հաշվապահություն՝ քողարկելու համար վատնումը։ Նա հստակեցրեց, որ որևէ ձևով հակված չէ որևէ մեկին արդարացնելու՝ թե՛ հիմա, թե՛ նախկինում։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ արդեն Սերժ Սարգսյանի հարազատների տներն են խուզարկում, Դ.Հարությունյանը պատասխանեց, որ նախ պետք է հասկանալ հիմքերը. «Ես, այնուամենայնիվ, որոշակի տենդենց այստեղ տեսնում եմ, այսինքն՝ նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք ակնհայտորեն տեսնում եմ»։

Լևոն Սարգսյանի և նրա որդու չարաշահումների մասին Դ.Հարությունյանը ևս խուսափեց գնահատական տալ՝ նշելով, որ նախ պետք է ծանոթ լինի գործի բոլոր հանգամանքներին, ընդ որում՝ գործի երկու կողմերի տեսակետներին։

 

Տեսանյութեր

Լրահոս