Բաժիններ՝

Ինչ վտանգների առաջ է կանգնած Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը. ահազանգում է բուլղարացի համապրոդյուսերը

«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պրոդյուսերները միասնական են ֆիլմի շուրջ հյուսված խնդիրների հանգուցալուծմանը հասնելու համար:

Կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանը մեզ հետ զրույցում բարձրաձայնեց ֆիլմի իրականացմանը խոչնդոտող գլխավոր խնդիրների մասին. 2017 թվականին Մշակույթի նախարարության և Ֆիլմ հանձնակատարի կողմից շորթված 7 մլն դրամը, 2018 թվականի պետական աջակցության համար հայտարարվելիք մրցույթի անընդհատ հետաձգումը և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ֆիլմի գերմանացի և բուլղարացի արտադրողների՝ նշված խնդիրների շուրջ Մշակույթի նախարարության պարզաբանումների մասին նամակներին չպատասխանելը շարունակում են մնալ օդից կախված: Դա վտանգում է ֆիլմի միջազգային համաարտադրողների կողմից ներդրումների ընթացքը և կարող է հանգեցնել Համատեղ Արտադրության Պայմանագրերի չեղարկման։

Այս զրույցից օրեր անց ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, ում էլ ուղղված էին պրն Գալստյանի հիմնական մեղադրանքները, ֆեյսբուքյան հարթակում պատասխան հայտարարությամբ հանդես եկավ:

Եվ քանի դեռ խնդիրը շարունակում է իր ընթացքը, 168.am-ը որոշեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի բուլղարացի համապրոդյուսեր Վասիլիյ Շարկևիչի հետ:

– Պրն Շարկևիչ, ինչպե՞ս է սկսվել Ձեր համագործակցությունը «Տատիկիս վարսերը» կինոնախագծի համապրոդյուսեր և համառեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ:

– Շնորհակալություն մեր համատեղ՝ «Տատիկիս վարսերը» նախագծի վերաբերյալ, Ձեր հետաքրքրության և ուշադրության համար: Հովհաննես Գալստյանի հետ մենք վաղուց ծանոթ ենք և համագործակցում ենք նաև այլ նախագծերի շրջանակներում: Իսկ երբ մենք տեղեկացանք իրականում տեղի ունեցած այս պատմության մասին, ֆիլմ ստեղծելու ցանկությունն առաջացավ ակնթարթորեն:

– Ի՞նչն է առավել գրավիչ «Տատիկիս վարսերը» կինոնախագծում:

– Ֆիլմում ամենագրավիչը և կարևորը ուղերձն է: Այն իրավիճակները, որոնք հանդիսատեսը կկարողանա վերապրել գլխավոր հերոսների հետ, կիսել նրանց ապրումները, ճակատագիրը և այն հեռավոր ժամանակների իրականությունը, մեզանից յուրաքանչյուրին կօգնեն այսօրվա աշխարհն ավելի համախբված, հանդուրժող, բարի և լավը դարձնել: Այս պատմությունը շատ լավ ցուցադրում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի մշակույթը, կենցաղն ու դժվարությունները և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր անհատի ներքին ապրումները: Չնայած այն հանգամանքին, որ 20-րդ դարում նման պատմություններ՝ ավել կամ պակաս ողբերգական, ամենուրեք հանդիպում էին, բոլորը չէ, որ դրանց մասին գիտեն։ Իսկ նախնիների պատմությունը պետք է հիշել, պատվել, ինչպես նաև վերլուծել անցյալի սխալները: Բայց այդ մասին բոլորը մոռանում են, դա է պատճառը, որ մերօրյա աշխարհում այս խնդիրները շարունակում են մնալ արդիական: Չի կարող լավ ապագա լինել առանց անցյալի լավ վերլուծության:

Մենք կարծում ենք, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա այն մարդկանց շրջանում, ովքեր առնվազն մեկ անգամ մտածել են իրենց նախնիների կյանքի մասին, և կարթնացնի իրենց նախնիների մասին ավելին իմանալու ցանկություն նրանց մոտ, ովքեր նախկինում չեն հետաքրքրվել: 

– Ֆիլմի հետ կապված ի՞նչ գործողություններ են արդեն պլանավորված:

– Շատ բան, ինչ պլանավորված էր մեր կողմից, արդեն իրականացվել է, բայց հայտնի իրադարձությունների և իրավիճակների պատճառով ֆիլմի նկարահանումները հետաձգվում են, թեև նախատեսված էր դրանք իրականացնել ամռանը: Եվ դա խիստ վնասում է նախագծին, քանի որ ներգրավված են մեծ թվով մարդիկ. ամբողջ նկարահանման խումբը և դերասանները, ովքեր արդեն պատրաստ են նկարահանումներին։ Նրանք ստիպված են փոխել իրենց գրաֆիկը, տեղափոխել ծրագրերը, իսկ սա լուրջ հարված է նրանց կարիերային: Նկարահանման ժամկետն անընդհատ հետաձգելու պատճառով մենք կարող ենք բաց թողնել երիտասարդ դերասանների տարիքային խմբերը, տարվա եղանակները, և հենց դերասաններին՝ իրենց պայմանավորվածությունների և այլ կինոնախագծերում և թատերական ներկայացումներում մասնակցության պատճառով, և նկարահանող խմբին՝ ամբողջությամբ: Այդ պատճառով, մենք պետք է հետևենք պլանին և ֆիլմը նկարահանենք այս տարի, որպեսզի հասցնենք այն ցուցադրել 2019թ. մայիսին: Յուրաքանչյուր հետաձգված օր տեխնիկապես շաբաթներով հեռացնում է նախագիծը նկարահանումների մեկնարկից, և ամիսներով՝ էկրան բարձրանալու պլանավորված օրվանից:

Հայաստանում ֆինանսավորման չլուծված խնդիրները խաթարում են այլ ֆինանսական աղբյուրների կողմից նախագծի իրականացման նկատմամբ վստահությունը, իսկ մենք քիչ ջանքեր չենք գործադրել, որպեսզի նման վստահության արժանանանք: Բացի այդ, ֆինանսավորման ձգձգումները բացասաբար են անդրադառնում տարբեր երկրներում դիստրիբյուտորների հետ մեր նախնական պայմանավորվածությունների վրա: 

– Կարո՞ղ է արդյոք համագործակցությունը ձախողվել, եթե ՀՀ Մշակույթի նախարարությունը չվերադարձնի այն 7 մլն դրամը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է Հովհաննես Գալստյանը:

– Հովհաննես Գալստյանի հետ մեր համագործակցությունը հիմնված է ընկերության և փոխըմբռնման վրա: Տվյալ նախագիծը մենք դիտարկում ենք որպես մեր ընդհանուրը: Մենք նույն կերպ անհանգստանում ենք նրա համար և հավատում ենք հաջողությանը, և իհարկե, անում ենք հնարավոր ամեն բան դրա արագ իրականացման համար: Բայց մենք դեռ ցանկանում ենք, որպեսզի այն լինի հայկական ֆիլմ, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է հիմնական ֆինանսական աջակցությունը և Հայաստանի աջակցությունը: Հակառակ դեպքում, մենք վաղուց կսկսեինք նկարահանումները, քանի որ ստանում էինք այնպիսի առաջարկներ, որտեղ ֆինանսավորման հիմնական չափորոշիչները պատմության և դեպքի վայրերի փոփոխություններն էին: 

– Որքա՞ն ժամանակ կարող եք համբերել և պահպանել համագործակցությունը:

– Մենք կարծում ենք, որ արդեն անուղղակիորեն պատասխանել ենք այս հարցին: Բայց, այնուամենայնիվ, կպատասխանեմ, որ կինոարտադրությունում գլխավոր արժեքը ժամանակն է: Կինոն շատ աշխատատար, ընդգրկուն ստեղծագործական և տեխնիկական գործընթաց է: Իսկ պրոդյուսերի խնդիրը այդ ամենը միավորելն է և բոլոր գաղափարներից, պատկերացումներից, մտքերից, տեխնիկական հնարավորություններից և մարդկանց հմտություններից պատրաստի ֆիլմ ստեղծելն է, որը պետք է գնահատվի տարբեր սերունդների բազմաթիվ մարդկանց կողմից: Լավ և բարի բան ստեղծելու համար սրտում պետք է լինի սեր, հավատարմություն, վճռականություն և անվախություն: Այդ պատճառով մենք բոլոր դժվարությունները միասին կհաղթահարենք, կողք կողքի, որովհետև ուժը միասնության մեջ է: Մենք բոլորս պետք է հիշենք այս մասին:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս