«Ինձ թվում է՝ շատ դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում, դժվար է». Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում դրական միտումներ չի սպասում: Այս մասին Արսեն Խառատյանը ասել է«Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հետընտրական շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին: Նա նշեց, որ Էրդողանի և Թուրքիայում իշխող ուժի նախընտրական շրջանում և առհասարակ որդեգրած հռետորաբանության պարագայում դժվար է դրական միտումներ սպասել:

«Պետք է ուշադիր լինել, թե Թուրքիայում ինչեր էին խոսում նախընտրական շրջանում և ինչ են խոսում հիմա արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնենք Հարավային Կովկասի վերաբերյալ հնչած ակնարկին, որում Էրդողանը նշել էր, որ Թուրքիան շարունակելու է ներգրավված լինել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում:

Այն, որ նա իշխանության է եկել նման հռետորաբանությամբ, ինձ թվում է՝ շատ դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում, դժվար է: Դժվար է պատկերացնել նաև Թուրքիայի հնարավոր կառուցողական դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ես հույս ունեմ, որ երբ արդեն կլինի Թուրքիայի նոր ադմինիստրացիան և արտաքին քաղաքական օրակարգը կհստակեցվի, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ Թուրքիայի հետ գործ ունենք »,- ասաց Խառատյանը:

Արսեն Խառատյանը նշեց, որ Թուրքիան հարավկովկասյան հակամարտությունների տեսանկյունից հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում: «Թուրքիան հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում, այնտեղ կա առևտրային մեծ ծավալ: Նախորդ տարվա կտրվածքով սևծովյան տիրույթում առևտրային ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար: Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան նաև այս մասով ներգրավված է աբխազական տիրույթում, սակայն կարծես թե այս մասին քիչ ենք հիշատակում: Ես մի փոքր կասկածանքով եմ վերաբերվում Թուրքիայի իսկապես հակամարտությունների կարգավորման կառուցողական տրամադրություններին, բայց դա առաջիկայի խնդիր է, երբ արդեն կոնկրետ գործողություններ կլինեն կկարողանանք հասկանալ»,- անդրադառնալով Հարավային Կովկասի շուրջ Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ նշեց Խառատյանը:

Վարչապետի խորհրդականը փաստեց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նույնպես կարևոր են մեզ համար և պետք է հասկանալ, թե հատկապես մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: «Մեզ համար ուշի ուշով հետևելու հարց է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները՝ կապված Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում մեր հարաբերությունների հետ, բնականաբար օրակարգային են»,-հավելեց Արսեն Խառատյանը:

Արսեն խառատյանը ընտրվելու կապակցությամբ հատուկ շնորհավորեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պագամավոր Գարո Փայլանին: «Ցանկանում եմ շնորհավորել Գարո Փայլանին, ով կրկին խորհրդարանում կլինի: Հիշեցնեմ, որ նա այս անգամ ընտրվեց ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից, ինչը նշանակում է, որ քրդական օրակարգի առաջամարտիկը լինելու Գարո Փայլանի հանձնառությունը շարունակական է:

Նա վստահության քվե է ստացել և բացի այն, որ նա հայ է, մենք պետք է հասկանանք, որ նա Թուրքիայի քաղաքական տիրույթում բավականին ուժեղացող քաղաքական գործիչ է, ինչը մեր կարծիքով դրական է: Ունենալ այդ ամբիոնը և նման քաղաքական գործիչ շատ լավ է: Այս ամենի հետ մեկտեղ ուղղակի թերահավատորեն եմ մոտենում հայ-թուրքական հարաբերություններում այսպես ասած հեղափոխական փոփոխություններին: Ակնկալիքները մեծ չեն»,- եզրափակեց Խառատյանը:

Տեսանյութեր

Լրահոս