«Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսելիս կարևոր հենարան է իր համար հայտարարել «КГБ»-ն». Արարատ Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես ուզում եմ՝ ՀՀ վարչապետը հստակ պատասխանի՝ մենք ուզում ենք կառուցել պետություն, որն իր բնույթով, քաղաքակրթական ընտրությամբ լինելու է առաջադեմ աշխարհին համարժեք երկիր, թե՞ լինելու է ռուսական, բելառուսական, ղազախական երկիր»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այս հարցով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը պատմեց, որ, երբ դեռ իրենք հանրապետության հրապարակում շարունակում էին ցույցերը, «Էկոնոմիստ» հանդեսի լրագրողը հարցազրույց էր վերցրել իրենից. «Նա ինձ հարցրեց՝ փաստորեն դուք անում եք այն գործընթացը, որը տեղի ունեցավ Ուկրաինայում և Վրաստանում։ Ես ասում էի՝ ոչ, մենք անում ենք մի գործընթաց, որը երբեք ոչ մի տեղ տեղի չի ունեցել, ու սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում միայն ՀՀ-ում ու ունի բացառապես հայկական և հայաստանյան ծագումնաբանություն։ Ասում էր՝ փաստորեն այս իշխանությունները, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին, ուղղակիորեն ղեկավարվում են Մոսկվայից, և փաստորեն դուք պայքարում եք նաև Մոսկվայի դեմ։ Ես ասում էի՝ ոչ, մենք արտաքին որևէ ուժի օգտին կամ դեմ չենք պայքարում, ու մեր շարժումը չունի արտաքին քաղաքական կոնտեքստ ու ենթատեքստ։ Նա ինձ հարցրեց ՝ փաստորեն դուք ուզում եք լինել այնպիսին, ինչպիսին Իսրայելն է, ես ասացի՝ ոչ, մենք ուզում ենք լինել այնպիսին, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է։

Ես չեմ հասկացել ու չեմ հասկանում այն մոտեցումը, որ մենք անընդհատ պետք է դրսում ուղենիշեր փնտրենք՝ դրական կամ բացասական համարելով։ Ինչ վերաբերում է արժեքային ընտրությանը, արժեքային ընտրությունը ՀՀ-ն վաղուց կատարել է, որովհետև ՀՀ Սահմանադրությունն ունի առաջին հոդված, որն ասում է ՝ ՀՀ-ն ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետությունն է։ Ես սա համարում եմ քաղաքակրթական ընտրություն և ես սա համարում եմ մեր ազգային ինքնության ամենակարևոր մասը։ Մենք բոլոր երկրների գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելու ենք»։

Ա. Զուրաբյանը այլ հարց էլ հնչեցրեց. «Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսելիս կարևոր հենարան է իր համար հայտարարել «КГБ»-ն։ Չե՞ք կարծում, որ այդ համակարգի փոփոխմամբ պետք է զբաղվի նոր կառավարությունը, և դրա փոխարեն՝ ձևավորի իրոք ազգային, իրոք հանրապետությանը ծառայող մարմին, և այդ վերափոխումը պետք է լինի խիստ հեղափոխական»։

Կարդացեք նաև

Ն. Փաշինյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ-ինն է. «Ես չեմ ասում, թե այդ ծառայությունը կատարյալ է ու փոփոխությունների կարիք չունի, բայց այն ՀՀ-ի ԱԱԾ-ն է, ու ես դա կարող եմ երաշխավորել ու հետագա իմ գործունեության ընթացքում կերաշխավորեմ»։

Տեսանյութեր

Լրահոս