«Իրատեսական մոտեցում». Ի՞նչ է նախատեսվում կառավարության ծրագրով

ՀՀ կառավարության ծրագրում հատուկ կետ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մասին։ Դրանում ասվում է, որ 2018 թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը, և այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։

Այս առումով կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ, մասնավորապես՝ հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը, և այլն։

Կառավարության ծրագրում նաև նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը 1 տարվա ընթացքում։

Օրերս ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Հանրապետականը պատրաստ է թե՛ Ընտրական օրենսգրքի շուրջ, թե՛ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների, ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով, սակայն ռեյտինգային համակարգի հարցում շարունակում է մնալ այն կարծիքին, որ այն շատ օգտակար է։

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար նշված առավելագույնը 1 տարի ժամկետն իրատեսական մոտեցում է՝ հաշվի առնելով, որ ժամանակ է պահանջվելու և՛ օրենսդրական նախապատրաստական աշխատանքների համար, և՛ քաղաքական ուժերի՝ ընտրությանը նախապատրաստվելու համար, և՛ այն առումով, որ այդ խնդիրը հրատապ է. «Հետևապես՝ այս երեք նկատառումներն իրար հետ ինտեգրելով՝ հանգել են եզրակացության, որ արտահայտված է ծրագրում»։

Ռ. Մեհրաբյանի կարծիքով՝ սա այն դեպքը չէ, որ ասեն՝ նշված ժամկետը շատ է, կամ քիչ է. «Բնականաբար, որքան շուտ, այնքան լավ, բայց հասկանալի է, որ դա վաղը կամ մյուս օրը, 1 ամսից կամ 2 ամսից չի կարող լինել։ Խոսքը գնում է մի կողմից՝ բանական, մյուս կողմից՝ սեղմ ժամկետների մասին, և իրատեսությունը հուշում է, որ մինչև մեկ տարին տրամաբանական ժամկետ է»։

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը պահպանելու ՀՀԿ-ի պնդումներին՝ Ռ. Մեհրաբյանը նշեց, որ ՀՀ ներկայիս Սահմանադրությամբ քաղաքականությունը ՀՀ-ում կարող է լինել միայն և բացառապես կուսակցական, այսինքն՝ անձինք պետք է առաջադրվեն միայն կուսակցական ցուցակներով, կուսակցության կողմից.

«Իսկ արդյո՞ք այսօրվա ՀՀ կուսակցություններն այնքան կայացած են, որ կարողանան աշխատել այս համակարգում։ Ես կարծում եմ՝ ոչ։ Դա՝ մի կողմից, մյուս կողմից ՝ ռեյտինգային համակարգը այն ջերմոցն է, կամ ինկուբատորը, որտեղից դուրս են գալիս թաղային, կրիմինալ հեղինակություններ, կոռուպցիոներներ, որոնք, բնականաբար, բացարձակապես ապաքաղաքական լինելով, պարզապես գնում են ընտրողների ձայները։ Հետևապես՝ այստեղ, կարծում եմ, որոշակի սրբագրումներ են պետք, նախ՝ կուսակցությունների մասին օրենքը պետք է փոփոխվի։

Եվ ես կարծում եմ՝ դա ավելի շուտ պետք է արվի, քան ԸՕ փոփոխությունը, որ նոր օրենքով կուսակցություններն ադապտացվեն նոր իրողություններին և ժամանակ շահեն։ Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին, այստեղ շատ կարևոր է, որ այնուամենայնիվ, եթե նույնիսկ հանգեն կոմպրոմիսի, որ ռեյտինգային համակարգը պահպանվի, դա նույնպես պետք է լինի կուսակցությունների միջոցով, և շատ կարևոր դեր պետք է ունենա հանրության կարծիքն այդ մարդկանց մասին, այսինքն՝ հասարակական կարծիքի ֆիլտրը պետք է աշխատի։

Մենք տեսնում ենք Մասիսի քաղաքապետի օրինակը և տեսնում ենք, որ երկրում կան կառույցներ, ուժեր, որ նպաստելու են թափթփուկների ազատ գործունեությանը, խրախուսելու են ձայների գնումը և բռնությամբ ուղեկցվող հանցավոր գործունեությունը։ Հետևապես՝ այս ամեն ինչին մեծ ուշադրություն է պետք դարձնել»։

Քաղաքագետի կարծիքով՝ այստեղ մեծ դեր ունեն իրավապահ մարմինները, որպեսզի կրիմինալ ծագմամբ, կրիմինալ անցյալով ու կրիմինալ հոգեբանությամբ ապաքաղաքական  մարդիկ այդտեղ ներս չմտնեն.

«Եվ, իհարկե, շատ մեծ է լինելու մամուլի դերը։ Հասարակությունը պետք է մերժի այդ տարրերին։ Էլի կարող է լինել ռեյտինգային համակարգը, բայց լինեն քաղաքական դեմքեր, ոչ թե թափթփուկները, խաժամուժը։ Նրանք պետք է մերժելի լինեն հասարակության կողմից։ Այսինքն՝ հարցերը շատ են, և միայն օրենսդրական, քաղաքական չէ, ավելի լայն է խնդիրը։ Այստեղ գործ ունեն անելու թե՛ հասարակությունը, թե՛ մամուլը, թե՛ իրավապահ մարմինները»։

Տեսանյութեր

Լրահոս