Բաժիններ՝

«Ցավոք սրտի, սուպերմարկետում գնի փոփոխությունը շատ ավելի շատ է հասարակությունը զգում իր վրա, քան պետք է զգար». Բաբկեն Պիպոյան

«Վարչապետի հայտարարությունը պետք է դիտարկել՝ որպես քաղաքական հայտարարություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ խոշոր սուպերմարկետներում մսամթերքի և բանջարեղենի թանկացումներն «արհեստական են»:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»։

Բ. Պիպոյանի խոսքով՝ սուպերմարկետներն ունեցել են քաղաքական պայմանավորվածություն առ այն, որ իրենք գյուղմթերքը, մսամթերքն իրացնելու են առանձին ԱՁ-ներով, և ավելի քիչ հարկ են վճարելու. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա շատ վատ քաղաքական պայմանավորվածություն է եղել, և սա անիծել է մեր երկրի հերը։ Որովհետև մենք փոխանակ քայլեր ձեռնարկենք՝ փոքր և միջին բիզնեսը զարգացնելու համար, անուղղակի նպաստել ենք, որ սուպերմարկետները կարողանան այնպես անեն, որ ՓՄՁ-ի հետ նույն գնով աշխատեն, հետևաբար, ՓՄՁ-ն կփակվի։ Հիմա եթե մենք դիտարկում ենք գնի փոփոխությունը, այստեղ անգամ խորանալու բան չունենք, որովհետև գնաճը ըստ վիզուալ դիտարկումների, տեղի է ունեցել նախկին գնի ու այսօրվա մեջ զուտ հարկի չափով։ Այսինքն՝ եթե մենք  ուսումնասիրում ենք, պետք է նախկին գինն ուսումնասիրենք, բայց կարծես նախկին գինը ոչ մեկիս չէր անհանգստացնում, հետևաբար, հարկային բեռի չափով ավելացումը ևս պետք է չանհանգստացնի։ Ավելին, ես կարծում եմ, որ պետությունը գնային քաղաքականության միջամտությանը բացառապես պետք է միջամտի դեմպինգի ժամանակ»։

Խոսելով ստեղծված իրավիճակի ելքերի մասին՝ Բ. Պիպոյանն ասաց, որ խնդրին պետք է մոտենալ այլ մեխանիզմներով և ուղղությամբ. «Ես ընդամենը 5 օր առաջ գրառում էի արել, որ պետությունը պետք է սուպերմարկետների նկատմամբ որդեգրած կուրսը փոխի, որպեսզի զարկ տանք ՓՄՁ-ների զարգացմանը։ Առաջարկել էի, օրինակ, քննարկել ժամային սահմանափակումներ մտցնելու հարցը, որպեսզի մի կողմից՝ ստեղծված աշխատատեղերին ձեռք չտանք, մյուս կողմից՝ ամբողջ աշխարհի համար մեսիջ լինի, որ, եթե անգամ պետությունը սխալ է արել, որ կենտրոնում թողել է այսպիսի սուպերմարկետներ սարքեն, որը բերել է ՓՄՁ-ների հերը անիծելուն, այդուհանդերձ, ինքը հարգում է այն ներդրումը, որն արվել է։ Դա նաև ազդակ կլիներ բիզնեսին, որ մեր երկրում, անկախ ամեն ինչից, փողը պաշտպանված է»։

Բ. Պիպոյանի դիտարկմամբ՝ այսօր ունենք անհարմարություն, որը ստեղծվել է ժամանակի սխալ կուրսի պատճառով, ու այսօր պետք է ոչ թե հետ գնալ նույն սխալներին, այլ այս իրավիճակից օգտվելով՝ ճշգրիտ լուծումներ գտնել և լուծել առկա խնդիրները.

«Այսօր, ցավոք սրտի, սուպերմարկետում գնի փոփոխությունը շատ ավելի շատ է հասարակությունը զգում իր վրա, քան պետք է զգար, որովհետև գյուղմթերքի շուկայում, մսամթերքի շուկայում գնային փոփոխություն, գնաճ, գնանկում տերմինը կարելի է կիրառել բացառապես այն դեպքում, երբ փոխվում է մթերման գինը։ Հիմա եթե գյուղմթերքը գյուղացին վաճառում է նույն գնով, իրացման ցանցերից մեկը գին է փոխում, մնացածները չեն փոխում, ապա թանկացում տերմինը կիրառելի չէ։ Բայց քանի որ իրենք այսօր ՓՄՁ-ներին խեղդել են, սպառողն իր վրա կարող է զգալ, մեզ պրոցեսը սկսում է անհանգստացնել»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է.

«Եթե մանրածախ ցանցերը փորձեն որոշակի դրդապատճառներով չարաշահել իրենց դիրքը, ապա մենք էլ ավելի մեծ ջանքեր կգործադրենք, որպեսզի նման շուկաները շատանան, և թե՛ գյուղացիները, թե՛ քաղաքաբնակները չտուժեն»։

Անդրադառնալով նախարարի այս հայտարարությունը՝ Բ. Պիպոյանն ասաց. «Հետհեղափոխության այս էտապում, երբ, այսպես ասած, էյֆորիան, էմոցիան ավելի շատ է, մենք ստիպված տեղային ինչ-որ լուծումներով ինչ-որ խնդիրների մասին ենք խոսում, գյուղմթերքի շուկաներում այսօր վաճառվում է գյուղմթերք, բացառությամբ՝ մսամթերքի։ Հանրային հիմնական դժգոհությունն այս նույն գնաճի հետ կապված՝ հիմնականում պտուղ-բանջարեղենի մասով չէ։ Ժամանակի ընթացքում բակային խանութները, որոնք վաճառում են պտուղ-բանջարեղեն, մնացել են, այնտեղ գները չեն փոխվել։

Քաղաքացու համար անհարմարություն չի ստեղծվել, երբ մտնում է սուպերմարկետ, տեսնում է՝ ապրանք չկա, ի տարբերություն մսամթերքի, որ ինքը հասկանում է, որ հիմա պետք է գնա հեռու խանութ, հետո հիշում է, որ  ժամանակին այն փոքր տաղավարները, որ կային, սանիտարական պայմաններ չունեին, և ինքն ուզում է նորից առնի սուպերմարկետից։

Պետությունը պետք է հասկանա, որ դա վատ էր, որ այդպես էր։ Մեզ մոտ խնդիրը պտուղ-բանաջարեղենը չի առաջացրել, այսօր հանրային դժգոհությունն ավելի շատ առաջացրել է մսամթերքի շուկան։ Ոչ թե ասում եմ՝ նախարարը սխալ հայտարարություն է արել, այլ ասում եմ՝ պահի ազդեցության տակ խորը չվերլուծել, գնահատել ու շրջանառության մեջ դնել տեղեկատվություն, որի հետ կապված՝ հետո առնվազն փորձագիտական մակարդակում պետք է ծանր քննարկում սկսվի, պետք չէ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս