«ՀՀ-ԵՄ և Վրաստան-ԵՄ համագործակցությունների շրջանակները տարբեր են, և դրանով է պայմանավորված ֆինանսավորման տարբերությունը». ԱԳ փոխնախարար

Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ Կենտրոնական բանկի անկախության խնդիրն էր դրվել։

Ըստ Մ. Մելքումյանի՝ դրանով արձանագրել էին, որ ՀՀ ԿԲ-ն այնքան էլ անկախ չէ, որը մեր տնտեսության արգելակներից մեկը կարող է դառնալ. «Ո՞րն է խնդիրն այդտեղ, կարո՞ղ է՝ այդտեղ քաղաքական հարց կար»։

Ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ասաց, որ ինքը զերծ կմնա ԿԲ-ի թափանցիկության մասով գնահատական տալուց։

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ  հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ֆինանսավորումն այդքան քիչ Վրաստան-ԵՄ ֆինանսավորումից։

Ի պատասխան՝ Ա. Պապիկյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ և Վրաստան-ԵՄ համագործակցությունների շրջանակները տարբեր են, և դրանով է պայմանավորված  ֆինանսավորման տարբերությունը. «ԵՄ-ում կա նաև ավելին՝ ավելիի դիմաց քաղաքականությունը, եթե գործընկեր երկիրը ռեֆորմների շրջանակներում շատ ավելին է անում, կարող է ակնկալել ԵՄ-ի կողմից շատ ավելի մեծ ֆինանսավորում»։

Տեսանյութեր

Լրահոս