Նախարար Պապիկյանը UNDP-ի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է հեռավոր գյուղական բնակավայրեր ժողովրդավարությունը թափանցումը
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Ալլա Բակունցը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, Տավուշի մարզի ծրագրերի համակարգող Արմեն Տիրատուրյանը, գյուղական տուրիզմի ծրագրերի համակարգող Արման Վալեսյանը, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը Հայաստանում ծավալած երկարամյա և օգտակար գործունեության համար և նշել, որ ոլորտների այն բազմազանությունը, որոնցում UNDP-ին ներկայացված է, չափազանց կարևոր է մեր երկրի համար։ «Այժմ մեր պետության համար առավել քան երբևէ կարևոր է տեղերում ժողովրդավարության հաստատումը, և այս գործում ձեր մասնակցությունն անչափ էական եմ համարում։ Միաժամանակ, մեզ համար մեծ նշանակություն ունի սահմանամերձ համայնքների, հատկապես` Տավուշի մարզի տնտեսական կարողությունների բարձրացմանը, դիմակայունության ամրապնդմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող մյուս ծրագրերին՝ նախարարը նաև ընդգծել է մարզերի քաղաքական-հասարակական կյանքին կանանց ինտեգրման, նրանց առաջնորդության կարողությունների զարգացման առաջնահերթությունը, ինչպես նաև գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ջանքերը, ինչը տնտեսական զարգացման համար էական խթան կարող է հանդիսանալ։
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ՏԿԶ նախարարությունը, UNDP-ի համար հանդիսանալով չափազանց կարևոր գործընկեր, միշտ աչքի է ընկել արդյունավետ և կառուցողական աշխատանքով։ Մանրամասն ներկայացնելով կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային փաթեթը՝ Դմիտրի Մարիյասինը ասել է. «Մեր հիմնական նպատակն ու խնդիրն է կոնկրետ վայրերում օգնել մարդկանց հաղթահարել առկա դժվարությունները, կայուն մեխանիզմներ ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար, որոնք հնարավորություն կտան բնակիչներին տեղերում ինքնակազմակերպվել և հետագա զարգացման խթաններ ձևավորել»։ Դմիտրի Մարիյասինը նաև ներկայացրել է մարզերում գյուղական տուրիզմի զարգացման, ինչպես նաև համայնքներում երիտասարդների կարողությունների ու առաջնորդության հմտությունների բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը։
Իր հերթին նախարար Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը Հայաստանի համար և հավաստիացրել, որ կառավարությունը ունի համապատասխան քաղաքական կամք և հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել տեղական կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների խորացմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն տեղերում մարդկանց կյանքի բարելավմանը։