Բաժիններ՝

«Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Մարտիրոսյանի դեմ մեղադրանքները անհիմն են». Փաստաբան

Չինաստանում ՀՀ նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական ընկերությունը «Ամերիկայի Ձայն»-ին է տրամադրել Մարտիրոսյանի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից առաջ քաշված մեղադրանքի վերաբերյալ մամլո հաղորդագրություն։

Մամլո հաղորդագրությունն անդրադառնում է մի խումբ անձանց դեմ հարուցված մեղադրանքների մասին ԱՄՆ-ի արդարադատության նախարարութան տարածած տեղեկությանը, որն առնչվում է Ասիական գազատարի շինարարության հարցում «Ռոլլզ-Ռոյս» ընկերության կողմից օտարերկրյա կառավարություններին, մասնավորապես՝ Ղազախստանի պետական պաշտոնյաներին կաշառելու, և այդ կերպ մատակարարման հնարավորություններ ստանալու խնդրին։

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն այս գործողությունները որակել է իբրև «կաշառատվություն և փողերի լվացում»։

Փաստաբանական ընկերությունն արձանագրում է , որ ի թիվս այն անձանց, ովքեր, ըստ արդարադատության նախարարության, այս կամ այն չափով ներգրավված են եղել նշված գործողություններում, նշված է նաև Ազատ Մարտիրոսյանի անունը, ով 90-ական թվականների վերջին ու 2000-ական թվականների սկզբին զբաղեցրել է Չինաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը՝ իր դիվանագիտական գործունեությունն ավարտելով 2001 թվականին և անցնելով դասախոսական, իսկ այնուհետև՝ միջազգային գործարար խորհրդատվական գործունեության։ 2004 թվականից մինչ այսօր, ըստ Մարտիրոսյանի փաստաբանի, նա աշխատում է միջազգային նավթագազային ինժեներական մի մեծ ընկերության հետ որպես խորհրդատու և Պեկինում այդ ընկերության ներկայացուցիչ։

2017 թվականի սեպտեմբերից Ազատ Մարտիրոսյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանը նշում է, որ Մարտիրոսյանի դեմ բերված մեղադրանքները բացարձակապես կապ չունեն նրա դիվանագիտական գործունեության հետ։ Ըստ փաստաբանի, մեղադրանքներն անհիմն են՝ «հենված իրավական ու փաստային մի շարք թյուրըմբռնումների վրա»։

Փաստաբանը պնդում է, որ Մարտիրոսյանը միանգամայն անմեղ է, և որևէ կերպ ներգրավված չի եղել նշված գործունեության մեջ։

Ինչպես ասված է փաստաբանական ծառայության մամլո հաղորդագրության մեջ. «ԱՄՆ-ի արդարադատության ու իրավապահ համակարգերն ավանդաբար աչքի են ընկել արհեստավարժության, անաչառության և օրինականության բարձր չափանիշներով առաջնորդվող իրենց գործունեությամբ։ Ցավոք, այս պարագայում այդ որակները չեն դրսևորվել։ Մենք հուսով ենք, որ իրավական շրջանակներում այս խնդիրն իր պատշաճ պարզաբանումը կգտնի՝ թույլ տալով պրն․ Մարտիրոսյանին՝ վերականգնել իր անունն ու համբավը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս