Բաժիններ՝

Դրամահավաքը կրթական քաղաքականության հետևանք է

Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դպրոցներում իրականացվող դրամահավաքն է։ Այս երևույթը տարբեր դրսևորումներով ու չափերով առկա է Հայաստանի շատ դպրոցներում։ Բայց որպեսզի երևույթի դեմ արդյունավետ պայքար լինի, պետք է հասկանանք դրամահավաքի խորքային պատճառները։

Հիմնականում 9-րդ և 12-րդ դասարաններում իրականացվող տարեվերջյան դրամահավաքը ոչ միայն ավարտական միջոցառումների համար է, այլև քննությունների ժամանակ երեխաներին մեղմ մոտենալու յուրահատուկ ակնկալիք է դպրոցից։ Եթե Հայաստանի դպրոցների 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվեն բացարձակ օբյեկտիվ քննություններ, ապա աշակերտների կեսն առնվազն մեկ առարկայից «անբավարար» կստանա և կմնա նույն դասարանում։ Աշակերտների մի զգալի մասն էլ շատ ցածր դրական թվանշան կստանա։ Այդ մասին շատ լավ գիտեն ոչ միայն ուսուցիչները, այլև աշակերտների ծնողները։ Հետևաբար՝ դրամահավաքը դպրոցի և ծնողների մեծ մասի միջև լուռ համաձայնություն է՝ դպրոցն ավարտելը հնարավոր դարձնելու հարցում։

Եթե աշակերտների կեսն առնվազն մեկ առարկայից անբավարար ստանա, ապա դա նշանակում է, որ ուսուցիչները վատ են աշխատում, և պետք է նրանց պատժել։ Բայց այդպես չէ, քանի որ ուսուցիչներն իրենց հերթին՝ կարող են ասել, որ դպրոցական ծրագրերն ու դասագրքերը վատն են, մանկավարժական կրթության և ուսուցիչների մասնագիտական զարգացման որակը՝ ցածր, ուսուցիչների աշխատավարձը և սոցիալական աջակցության փաթեթը՝ թույլ։ Իսկ ո՞ր կառույցն է այս ամենի գլխավոր պատասխանատուն։

Իհարկե՝ Կրթության և գիտության նախարարությունը։ Այսպիսով՝ դրամահավաքը ոչ միայն տնօրեններին և որոշ ուսուցիչների գումար տալու սխեմա է, այլև կրթական քաղաքականության ձախողումը քողարկելու միջոց։

Կարդացեք նաև

Հետևաբար, եթե նախարարությունն անխնա պայքարի տարեվերջյան դրամահավաքների դեմ և ապահովի բացարձակ օբյեկտիվ քննություններ, ապա կամ պետք է աշխատանքից ազատի տնօրենների և ուսուցիչների գերակշիռ մասին, կամ պետք է ընդունի, որ իր վատ քաղաքականության պատճառով են աշակերտները ձախողվում։ Երկու ճանապարհներն էլ այս պահին իրատեսական չեն։

Տարեվերջյան դրամահավաքը նաև կրթության ցածր որակը քողարկելու էժան տարբերակ է։ 9-րդ, 12-րդ դասարաններում վճարում եք 20, 50 կամ 100 հազար դրամ, ինչի արդյունքում քողարկվում է երեխաների գիտելիքների ցածր մակարդակը։

Այս իրավիճակի դեմ փորձում է պայքարել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի համոզմամբ, եթե մի քանի տնօրեններ պատժվեն, ապա մյուսներն այլևս չեն համարձակվի նման բան անել։ Կրթության ոլորտի միջին օղակներում առկա կոռուպցիան այնպիսի բան է, որ շատ դժվար է ասել, թե դրա դեմ պատժիչ մեթոդներով պայքարն ի՞նչ արդյունք կտա։ Բանն այն է, որ միջին օղակներում առկա կոռուպցիան ռացիոնալ հիմքեր է ունենում։

Օրինակ՝ ուսուցչի և տնօրենի աշխատավարձը ցածր է, հետևաբար՝ դպրոցում աշխատելու համար պետք է եկամտի լրացուցիչ աղբյուր։ Երեխաների գիտելիքների մակարդակը ցածր է, հետևաբար՝ քննության ժամանակ պետք է ակնկալենք հանձնաժողովի բարեհաճ վերաբերմունքը։ Շատ հնարավոր է, որ կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ոչ թե վերացնի այն, այլ փոխակերպի այլ ձևի։

Օրինակ՝ ոչ թե գումարները հավաքվեն ծնողական խորհուրդների միջոցով, այլ անհատ ծնողը կամ ծնողների փոքր խումբն այցելեն դասղեկի տուն։ Այս դեպքում արդեն գրեթե անհնար կլինի որևէ մեկին բռնացնելը։ Ի դեպ, այս մեխանիզմը տարիներ շարունակ գործում է բուհական համակարգում։ Ծնողն այցելում է դասախոսի տուն և լուծում երեխայի գնահատականի հարցը։ Պարզապես այս դեպքում արդեն ծնողներն ավելի մեծ գումար պիտի վճարեն։

Երբ ամբողջ դասարանով եք հավաքում գումար, ապա կարելի է էժան գնով պրծնել, բայց եթե անհատական եք վճարում, ապա այս դեպքում ավելի մեծ գումար պիտի տաք։ Մյուս տարբերակն էլ այն է, որ ծնողները պետք է երեխային ուղարկեն վճարովի մասնավոր պարապմունքների, որպեսզի կարողանան քննությունը ստանալ։ Այս տարբերակը նույնպես մեծ գումար է պահանջում։

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի նախարարությունը լուծումներ առաջարկի։ Օրինակ՝ լուծման տարբերակ է այն, որ յուրաքանչյուր դպրոցի հատկացվի բյուջե ավարտական միջոցառման համար։ Այս դեպքում արդեն չեն կարող գումար հավաքել բեմը զարդարելու և այլ հարակից ծախսերի համար։

Կարելի է նաև աշակերտներին հնարավորություն տալ դպրոցն ավարտել նույնիսկ այն դեպքում, երբ ավարտական քննությունից ստանում են բացասական թվանշան։ Այս տարբերակը, իհարկե, ռիսկեր ունի։ Մասնավորապես, երեխաները կարող է անլուրջ վերաբերվեն դասերին, բայց թվանշանի դերի իջեցումը հաստատ դրամահավաքի դեմ պայքարում դրական կազդի։

Նշված տարբերակները կոսմետիկ լուծումներ են։ Կարևոր լուծումներն այլ տեղերում են։ Անհրաժեշտ է վերանայել կրթության կազմակերպման ձևերը, դասագրքերի որակը։ Ուսուցիչներին պետք է ցուցաբերել մասնագիտական, սոցիալական և ֆինանսական աջակցություն։ Աշխատավարձի բարձրացումն առաջնային է։ Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը 65000 դրամ է, տնօրենները միջինում ստանում են 110-150 հազար դրամ։ Նման աշխատավարձերով դժվար է ոգևորված ու ազնիվ աշխատելը։ Դրամահավաքության դեմ պատերազմ հայտարարելը բավարար չէ։ Զուգահեռաբար պետք է կատարվեն վերոնշյալ քայլերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս