Բաժիններ՝

«Պետք է կրթական համակարգը քաղաքականից ազատել, պետք է թողնել կրթությունը շնչի»

Կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից պետք է լինի բոլոր մակարդակներում կառավարման օրինականության հաստատումը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ օրենքին համապատասխան կառավարման ինստիտուտներ կան, սակայն դրանց գործառույթները ձևական բնույթ են կրում:

«Հիմա կամ մենք պետք է օրենքով գրված գործառույթներն ընդունենք և լիարժեք կյանքի կոչենք, և կառավարման ինստիտուտները բերենք այն տեսքի, որ մարդիկ վստահեն, կամ պետք է ինչ-որ բան վերանայվի: Ես կողմնակից եմ, որ կառավարման խորհուրդները մնան, որովհետև մեր ժողովուրդը պետք է սովորի ամեն տեղ իր մասնակցությունն ունենալ»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Առանձնացնելով բուհերի կառավարման խորհուրդները՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ այնտեղ լուրջ խնդիրներ կան: Նա, կառավարման խորհուրդներում պաշտոնյաներին ի վերուստ դնելը հակակրթական համարեց:

«Այն բողոքի ալիքը, որ գալիս է կրթության ոլորտից, ալիք չէ, այլ մի ցունամի: Ես կարծում եմ, որ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, տնօրենների ընտրության, ուսուցիչների թափուր տեղի համար հայտարարվող մրցույթների կարգը պետք է շատ արագ վերանայվի: Դրանք այնքան ձևական են, որ կառավարման խորհուրդները չեն հասկացել իրենց դերը»,-ասաց Անահիտ Բախշյանը: Նա դրական համարեց վերջին շրջանում հանրապետության տարբեր դպրոցներում խնդիրների բարձրաձայնումը՝ նշելով, որ այս ամենը տանում է ոլորտի առողջացմանը:

Կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ վերջին տարիներին կրթական համակարգը եղել է քաղաքական համակարգի կցորդ, ինչն անթույլատրելի է:

«Պետք է կրթական համակարգը քաղաքականից ազատել, պետք է թողնել կրթությունը շնչի»,-ասաց նա:

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ կրթության ոլորտը պետք է ձերբազատել նաև սոցիալական գործառույթից: Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա»:

«Չի կարելի երեխայի ապագան զոհաբերել այսրոպեական սոցիալական խնդիրների լուծմանը: Նույն բուհերը դիտարկեք, բազմաթիվ մարդիկ են ընդունվել, անիմաստ հաստիքներ են բացվել: Նախկին Կրթության և գիտության նախարարն էր ասում, թե փոքր բուհում 5 պրոռեկտոր կա: Այսինքն՝ մարդկանց աշխատանքի են տեղավորել, այնինչ այդ գումարներով կարելի էր զեղչեր անել՝ օգնելով վարձի պատճառով ուսումից դուրս մնացածներին»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:

ԵՊՀ դասախոսը կարծում է, որ պետք է ուսումնասիրել, թե ինչ տեսակի կրթություն է պետք այսօրվա երեխային: Ըստ նրա՝ բուհերում, դպրոցներում այսօր տրվող կրթությունը մեծ մասամբ հնացած է:

«Երեխաները փոխվել են, դարաշրջանը փոխվել է, մենք շարունակում ենք աշխատել հնացած մեթոդներով: Նոր տեսակի, նոր շնչով կրթություն է պետք: Այդ համատեքստում բազմաթիվ ուղղություններով բարեփոխումների կարիք կա: Մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտություն կա, ինչպես նաև բովանդակության, գնահատման համակարգի վերանայման»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս