«Բանավեճի յուրաքանչյուր կողմ փորձում է իրենը համարել Արցախյան գործընթացում դրական ամեն ինչ՝ բացասականները այլոց վրա բարդելու անհեռանկար ու անիմաստ հիմնավորումներ բերելով»

168.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

– Պրն Իսագուլյան, վերջին օրերին մամուլի տարբեր միջոցներով բանավեճ է սկսվել այն հարցի շուրջ, թե Հայաստանը հանդիսանո՞ւմ է արդյոք Ղարաբաղյան հակամարտության կողմ, թե՞ ոչ, ընդ որում, տարօրինակն այն է, որ այդ բանավեճի մեջ ուղղակի ընդգրկված են ՀՀ նախկին երկու նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախում արած այն հայտարարության մասին է, որ Հայաստանը հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության կողմ: Ձեր կարծիքն այս մասին:

– Նախ, մեծագույն ցավով պետք է նշեմ, որ այդպես էլ չձևավորվեց ավանդույթ, որ ՀՀ Նախագահները պաշտոնաթողությունից հետո կարողանային համակերպվել իշխանության «կորստի» հետ և բնականոն ու լավ հարաբերություն ստեղծեին միմյանց հետ՝ ի փառս մեր ժողովրդի ու պետականության:

Հարցի վերաբերյալ այսօր հրապարակավ տեղի ունեցող ցանկացած քննարկում ու բանավեճ դարձել է ինքնանպատակ, և բանավեճի յուրաքանչյուր կողմ փորձում է իրենը համարել Արցախյան գործընթացում դրական ամեն ինչ՝ բացասականներն այլոց վրա բարդելու անհեռանկար ու անիմաստ հիմնավորումներ բերելով: Այժմ, առանց մեկնաբանությունների, հրապարակեմ երկու փաստաթուղթ՝

I

«Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկ. ԽՍՀի և ԼՂԻՄի վերամիավորման մասին

1 դեկտեմբեր, 1989թ.

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնությամբ տարանջատված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը` Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որոշում են.

  1. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
  2. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը` որպես մարզի` ներկայում գործող միակ օրինական իշխանություն:
  3. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը հռչակում են Հայկ. ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միավորումը: ԼՂԻՄ բնակչության վրա տարածվում են Հայկ. ԽՍՀ-ի քաղաքացիական իրավունքները:
  4. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկ. ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորումն իրականացնելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
  5. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
  6. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Հայկ. ԽՍՀ նախարարների խորհրդին և ԼՂԻՄ Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու Հայկ. ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ Հրանտ Ոսկանյան,

Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահ՝ Վաչագան Գրիգորյան»:

Եվ, երկրորդ փաստաթուղթը.

II

«Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ԼՂՀում ստեղծված իրավիճակի մասին

8 հուլիս, 1992թ.

Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԼՂՀ անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա,

հայտնելով ԼՂՀ և նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,

հավաստելով ԼՂՀ հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,

նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն,

անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը`

Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է.

  1. Հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
  2. Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:
  3. Հայաստանի կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ` Բաբկեն Արարքցյան»:

Հետևելով այդ փաստաթղթերի ժամանակագրությանը և վերհիշելով այդ ժամանակահատվածում տեղի ունեցած գործընթացները, ստանում ենք մեր բոլոր հարցերի պատասխանները: Ի հաստատումն սրանց՝ չմոռանանք մի պարզ հանգամանք ևս, այն, որ Արցախից Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդ ընտրվել էին պատգամավորներ, այսինքն՝ դե յուրե և դե ֆակտո Արցախը Հայաստան էր, քանզի ոչ մեկը երբևէ չի ասել, որ ՀՀ ԳԽ-ը ոչ լեգիտիմ մարմին է եղել, կամ Լեռնային Ղարաբաղից ընտրված պատգամավորները՝ անօրինական, և ՀՀ ԳԽ-ի ընդունած որոշումներն ու օրենքները նույնպես ոչ լեգիտիմ են:

Այժմ պարզագույն հարցեր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն անկախ է հռչակել ումի՞ց, և ո՞րն էր այստեղ Հայաստանի դերակատարությունը, և ի՞նչն էր կամ ո՞վ էր պատճառը, որ ընդունվեց Հայաստանի Գերագույն խորհրդի 8 հուլիս, 1992թ. որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին:

Այնպես որ, հարցերի ու հարցադրումների մեջ խորանալով՝ մենք կարող ենք հանգել ամենատարբեր եզրակացությունների, ընդ որում, տրամագծորեն միանգամայն հակադիր (հիշեցնեմ այս հարցերով հանդես եկող շատ-շատերին, որ իրենց մասնակցությունն այդ գործընթացներին գոնե ինձ անհայտ են, իսկ ես եղել եմ շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը, ինչպես նաև՝ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր):

Ուստի, թող անհամեստ չհնչի, բայց խորհուրդ եմ տալիս իմ նախկին ու ներկա գործընկերներին, ինչպես նաև այլոց՝ ձեռնպահ մնալ այնպիսի հարցերի արծարծումից ու հրապարակայնացումից, որոնց մասին իրենք ոչինչ չգիտեն, իսկ ներկայացրածներն էլ առավելագույնս ուրիշներից լսած բամբասանքներ են:

– «Սիվիլնեթին» տրված վերջին հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատմում է մի դրվագ, որում հարյուր տոկոսով պնդում է մի միջադեպի իսկությունը, թե ինչպես է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շանտաժի միջոցով պարտադրել ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանին՝ ընդունել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս գալու որոշում՝ լիազորելով Հայաստանին հանդես գալ նաև Արցախի անունից: Դուք շատ լավ ճանաչում եք թե՛ Ղուկասյանին, որի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեք, և նաև երկար տարիներ աշխատել եք Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում՝ որպես նրա խորհրդական ազգային անվտանգության հարցերով: Ըստ այդմ, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Լևոն Զուրաբյանի պնդումները:

– Անկեղծորեն պետք է ասեմ, որ ես ձգտում եմ հնարավորինս ձեռնպահ մնալ մեր ղեկավարների հասցեին որևէ քննադատական խոսք ասելու կամ նրանց գործողությունները քննարկելու գայթակղությունից՝ բացառապես մեկ պարզ պատճառով. բոլոր նման վեճերն ու քննարկումներն անպտուղ են, ոչ մի տեղ չտանող: Եվ եթե կա հնարավորություն՝ այդ հարցերի մասին խոսել առանց միջնորդների ու ոչ հրապարակային, դրանք գուցե թե օգուտ տալիս են, հակառակը՝ երբեք:

Ես լսել եմ այդ հարցազրույցը և փորձել եմ ընկալել մոտիվը, թե ինչ նպատակով է դա արվում: Այն, որ հարցազրույցի բուն բովանդակությունը և, այսպես կոչված, «հարյուր տոկոսով հավաստիությունն» իրականության հետ որևէ եզր չունեն, ես կարող եմ պնդել միանշանակ: Երկու պարզ պատճառով՝ շատ լավ ճանաչում եմ թե Քոչարյանին, թե Ղուկասյանին:

Ու ճանաչելով նրանց՝ կարող եմ ասել, որ այն խոսակցությունը, որը պրն Զուրաբյանն իբրև թե ինչ-որ մեկից ինչ-որ տեղ լսել է ու պնդում է, որ դա հարյուր տոկոսով հավաստի է, բացարձակ կեղծիք է, և, եթե կա ինչ-որ մեկը, որը Լևոն Զուրաբյանին նման բան պատմել է, ապա կամ ասեք նրա անունը, կամ էլ դատի տվեք այդ մարդուն Ձեզ բացարձակ սուտ տեղեկատվություն տալու համար: Նման խոսակցություն չի եղել և չէր էլ կարող լինել: Դա իրեն թույլ չէր տա ոչ պրն Քոչարյանը, և ոչ էլ պրն Ղուկասյանը:

Ավելի չմանրամասնեմ ասածներս՝ պրն Զուրաբյանին էլ ավելի վատ դրության մեջ չդնելու համար: Բացի այդ, երբ պրն Զուրաբյանը խոսում է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի ընդունած փաստաթղթի և այնուհետև Լասլո Կովաչի պարզաբանման մասին, մեղմ ասած, ի ցույց է դնում իր բացարձակ անտեղյակությունը, թե իրականում ինչպես և ինչ մթնոլորտում են ընթացել այդ բանակցությունները, և ինչպես են «ծնվել» այդ փաստաթղթերը, ով է եղել դրանց աշխարհ գալու հիմնական հեղինակը, կամ, եթե կուզեք՝ «մեղավորը»:

Գուցե պրն Զուրաբյանը հիշի ուրիշ մանրամասներ ևս, ընդ որում, այս անգամ իրականությանը համապատասխանող, թե ո՛վ, և ո՛ւմ, ինչ էր ուզում պարտադրել այդ ժամանակ, որը, ինչպես և սպասելի էր, չհաջողվեց, և թե ինչպես կարող էին ձախողվել բանակցությունները, ու թե ինչու չձախողվեցին (գուցե դրանից հետո՞ ծնվեց Լասլո Կովաչի հայտարարությունը): Մի խոսքով, դարձյալ չխորանանք մանրամասների մեջ, այլապես կպարզվեն ուրիշ մանրամասներ ևս, և ոմանց համար կառաջանա շատ ու շատ անհարմար իրավիճակ:

Հուսով եմ, մենագրություններ, կենսագրականներ ու այդ թվականների վերաբերյալ հուշեր կգրեն ոչ միայն նրանք, ովքեր այսօր ուզում են իրենց վերագրել ողջ դրականը՝ իրենց զատելով բացասական գործընթացներից, այլ նաև նրանք, ովքեր այդ օրերին անաչառ ու անշահախնդիր պայքարել են իրենց Հայրենիքի համար և մի օր էլ թղթին կհանձնեն այդ օրերի իրական ճշմարտությունը:

Տեսանյութեր

Լրահոս