ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ից պահանջում է միջուկային մարտագլխիկներն ու հրթիռները դուրս բերել երկրից. Asahi
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում պահանջում է, որ Փհենյանը կես տարվա ընթացքում երկրի սահմաններից դուրս բերի իր միջուկային մարտագլխիկների, ճառագայթաակտիվ նյութերի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների գոնե մի մասը:
Մայիսի 17-ին այս մասին հայտնել է ճապոնական Asahi թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Միջուկային զենքի, նյութերի եւ հրթիռների դուրսբերման դիմաց Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնում ԿԺԴՀ-ն հանել ահաբեկչության հանցակից երկրների ցուցակից: Դա, ինչպես հաղորդվում է, կբացի Փհենյանին հումանիտար օգնություն ցույց տալու ուղին, մասնավորապես, Չինաստանի եւ Հարավային Կորեայի կողմից:
ԿԺԴՀ-ն, ինչպես կարծում են, ունի 12 միջուկային մարտագլխիկ, ավելի քան 50 կիլոգրամ զինագործական պլուտոնիում եւ մի քանի հարյուր կիլոգրամ բարձրհարստացված ուրան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պլանավորում են հունիսի 12-ին հանդիպում անցկացնել Սինգապուրում: Սակայն Փհենյանն այս շաբաթ նախազգուշացրել է, որ այդ համաձայնությունը կարող է վերանայվել ի պատասխան Վաշինգտոնի կողմից թշնամական գործողությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: