Բաժիններ՝

ՊՊԾ գնդի գործով դատավորը մերժեց ամբաստանյալների կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մայիսի 16-ին ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում դատարանը մերժեց մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը ընթերցեց որոշումը, ըստ որի՝ մերժվել են խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և այն գրավով փոխելու վերաբերյալ միջնորդությունները: Դատավորը նշեց, որ այս պահին առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածով նախատեսված վտանգները:

«Ինչպես և նախկինում այնպես էլ այսօր որոշում կայացնելիս բացառապես ղեկավարվել ենք օրենքով, հետևաբար՝ դատարանի համար անընդունելի չէ կողմերի արտահայտած այն դիրքորոշումները, թե դատարանը նախկինում կամ ներկայումս ղեկավարվել է որևէ մեկի ցուցումով կամ պահանջով»,- ասաց Մակյանը:

Ամբաստանյալները և փաստաբանները ցուցադրաբար լքեցին դատական նիստերի դահլիճը:

Դատավոր Մակյանը որոշում կայացրեց սանկցիա կիրառել՝ բոլոր ամբաստանյալներին հեռացնելով դատական նիստերի դահլիճից 10 ժամ ժամկետով:

Փաստաբանների նկատմամբ դատավորը կիրառեց սանկցիա նկատողություն և համապատասխան գրություն կուղարկի Փաստաբանների պալատ:

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս