Թրամփի հետ հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի. Կիմ Չեն Ըն
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի: Այդ մասին հայտնել Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ ԿԺԴՀ-ի առաջնորդի հանդիպման արդյունքները:
«Նա (Կիմ Չեն Ընը) հայտարարեց, որ ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի առաջիկա գագաթնաժողովը պատմական հանդիպում կդառնա Կորեական թերակղզում դրական փոփոխությունների եւ լուսավոր ապագայի կերտման առաջին քայլի համար»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: Մայիսի 8-ին Փոմպեոն ժամանել էր ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյան՝ ճշտելու առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցերը: Նա իր Twitter-ում գրել է, որ «արդյունավետ» զրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ: Նա նաեւ կորեական կողմի հետ պայմանավորվել է այդ երկրում ձերբակալված ԱՄՆ-ի երեք քաղաքացիների ազատման շուրջ:
Մայիսի 9-ին Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման վայրն ու ժամանակը կհայտարարվեն առաջիկա երեք օրվա ընթացքում: Ընդսմին նա նշել է, որ խոսքը չի վերաբերում ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանամերձ վայրին: Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է, որ ներկայում Սինգապուրն է այն գագաթնաժողովի առավել հավանական վայրը, որը պլանավորված է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: